ԿարևորՄշակույթ

Բերդում՝ «Բերդ»–ի մենահամերգով․ մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային փառատոնը

Ավելի քան հինգ ամիս համացանցում «ապրող», ստեղծագործող ու հանդիսատեսի հետ միայն առցանց շփվող արվեստագետները վերջապես կենդանի համերգի ու հանդիսատեսի հետ կենդանի շփման  երջանկությունը վայելելու հնարավորություն են ստանում՝ իհարկե պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները։ Սպասված բացօթյա միջոցառումներից առաջինը «Ֆրեսկո» միջազգային փառատոնն է։  Փառատոնին անհամբերությամբ է սպասում անվանի դուդուկահար կրտսեր Ջիվան Գասպարյանը, որը  փառատոնի շրջանակում «Ջիվան Գասպարյան և ընկերներ» խորագրով  համերգային ծրագրով  հանդես կգա  օգոստոսի 30-ին։

«Բենդով ենք ներկայանալու, շատ հետաքրքիր ծրագիր է լինելու։ Ճիշտ է, առցանց համերգներ տալիս ենք, և ավելի շատ դիտումներ են լինում, քան համերգասրահում, բայց առանց  հանդիսատեսի հետ շփման տրամադրությունն այլ է ։ Բացօթյա շատ լավ կլինի։ Մարդիկ քանի ամիս է համերգներ չեն լսել, ինձ թվում է՝ բոլորին էլ հետաքրքիր կլինի և կգան լավ երաժշտություն լսելու»։

«Ֆրեսկո»-ի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։ Փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սուրբ  Աննա և Սուրբ  Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի  դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ: Փառատոնի համահիմնադիրներից  Շահեն Նազարենկոյի հետ ենք զրուցում․

«Մեր բախտը բերել  է, որովհետև երևի թե առաջինն ենք, որ կանենք բացօթյա միջոցառում։ Շատ ուրախ ենք, որովհետև բացումը անում ենք սահմանամերձ Բերդում։ Սկզբում մոնիթորինգ արեցինք և հասկացանք , որ Տավուշի սահմանամերձ գոտու բնակիչները հենց նման խմբի  կարիք ունեն։ Խոսքը «Բերդ» պարային խմբի մասին է։ Եվ հետո շատ խորհրդանշական է՝ «Բերդը»  Բերդում։ Տրանսպորտ է տրամադրվելու, որպեսզի շրջակա սահմանամերձ գյուղերի բնակիչները գան Բերդ քաղաք համերգը դիտելու»։

Սպասված համերգից առաջ Բերդում եռուզեռ է։  Հուլիսյան կրակոցներից հետո երաժշտության ձայնն այստեղ ավելի քան սպասված է։ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի հետ ենք զրուցում։

«Համերգը   տեղի կունենա Բերդի համայնքապետարանի դիմացի հրապարակում։ Մոտ 3000 մարդ կարող է հավաքվել այդ հրապարակում։ Բոլոր հնարավոր միջոցներով տեղեկացնում ենք։ Հարաբերական անդորրի ժամանակ, չէի ցանկանա ասել պատերազմից հետո, նման միջոցառումներ բոլոր սահմանամերձ տարածքներում պետք են»։

«Ֆրեսկո» փառատոնի երևանյան ծրագրի շրջանակում  օգոստոսի 28-ին տեղի կունենա Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70 ամյակին նվիրված հոբելյանական, իսկ օգոստոսի 30-ին՝  «Ջիվան Գասպարյան և ընկերներ» խորագրով համերգները։ Կազմակերպիչների տեղեկացմամբ՝  փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավելի հայտից  ընտրվել է 63 ֆիլմ 23 երկրից։  

Փառատոնային ֆիլմերի հաղթողներին կհայտարարեն օգոստոսի 30-ին։ Միջազգային ժյուրիի անդամներին ֆիլմերը վաղուց ուղարկվել են։

Կարդացեք նաև

Back to top button