
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր Հանրապետության նախագահին ուղղված կարևոր միջնորդություն է ստորագրել և այդ առիթով հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
«Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել եմ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման։
Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրման։ Քիչ առաջ նաև Սանամյանի հետ հանդիպելու պատիվ ունեցա։
Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին։
Հին և նոր ժամանակների մեր բոլոր հերոսներին, մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց օրինակով ոգեշնչեցին մեր նորօրյա հերոսներին, ում կողքին ապրելու պատիվն ենք վայելում այսօր։
Փա՜ռք Հայոց բանակին»,-գրել է Փաշինյանը։




