
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում շուրջ 200 հա աղուտ հողերը չեն մշակվում: Խորհրդային տարիներին այդ հողերը յուըրացնելու նպատակով ծծմբական թթվով մշակվել են, մելիորացվել ու բերքի տակ դրել: Ամբողջն իրականացվել է պետության միջոցներով: Հիմա նմանատիպ ծրագրեր չկա: Հողի որակն էլ է ցածր, միայն բանջարեղեն են մշակում, հիմա սկսել են նաև այգիներ հիմնել: Տնամերձերը ոռոգելի դարձնելու նպատակով ապավինում են սեփական փորված հորերին:
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի հողերի կեսից ավելին աղակալած տարածքներ են: Աղուտներում բույսեր չեն աճում: Հողերը մշակովի դարձնելու նպատակով դեռ խորհրդային տարիներին մելիորացվել են, աղուտների համար օգտագործվել է ծծմբական թթվի լուծույթ: Համայնքի ղեկավար Սամվել Աղաջանյանի խոսքերով գյուղում մոտ 200 հա աղուտներից միայն 70 հա է համայնքապետարանինը, իսկ մնացածը տարիներ առաջ օտարվել է.
«Աղուտները ոչ մշակվել են, ոչ մշակվում են, չի մշակվել, որովհետև աղուտ տարածքները բերք չեն տալիս: Դրա համար անհրաժեշտ է ծծմբական թթվով մշակել հողը: Առաջներում դա անում էինք, որովհետև ծծմբական թթուն Ռուսաստանից վագոններով գալիս էր, ջրի հետ տալիս էինք աղուտ հողին, աղն իջնում էր ներքև, հողը դառնում էր բերրի»:

«Էս մեր հողերը կիսլատայով յուրացնում էին, հետո տալիս ժողովրդին: Մեր աղուտները կիսամելիորացված բաժանեցին, ով ինչքան կարացավ՝ ջրով, պարարտանյութով, ծերտով յուրացնում են, որ բերք վերցնեն»:
Սեփականաշնորհումից առաջ ծծմբական թթուն փոխարինել են Նաիրտի արտադրած աղաթթվով, բայց օգուտ չեն ստացել: Հիմա մելիորացված հողերում գյուղացիները տարբեր տեսակի բանջարեղեն են մշակում: Տնամերձ հողամասերը ոռոգելու համար գյուղացիներն իրենց բակերում հորեր են փորել: Ջուրը հողամաս է հասնում պոնպի միջոցով:

Ջանքեր գործադրելով ամեն կերպ փորձում են հողը պարապ չթողնեն: Նարինեն տնամերձից պոմիդոր ու սմբուկ էր հավաքում, տեսակավորում էր, դասավորում պարկերի ու արկղերի մեջ, շուկա էին գնալու: Ասում է շուկայում այս տարի սմբուկը շատ է, գինն էլ էժան: Բերքը շուկայում իրացնելու համար Մարտուն Դալլաքյանը 1 օր է կորցնում.
«Իրացնում ենք մեր ճանապարհի վրայի շուկայում՝ 50 դրամ բադրիջանը, 100 դրամ պոմիդորը: Առավոտվա ժամը 10-ից գնացել եմ, իրիկվա ժամը 10-ին նոր 5 կարոբկա պոմիդոր եմ ծախել, 300 կգ բադրիջան»:

Զարթոնքում պտղատու այգիներ գրեթե չկան, բայց վերջին տարիներին սկսել են հիմնել: Այս հողակտորներում ծառերը շուտ են չորանում, հողի որակից է:
«Մի մետր փորում ես կավա, չոր կավնա, որ բույսը չի կարողանում արմատը մտցնի մինչև վերջ, սնվի: Դրա համար չորնում են, ծառերն ամեն անգամ պտի ջրվի, շուտ-շուտ ջրվի, որ բան չլինի: Մեր մոտ մի 4 տարիա սկսել են այգի դնելը՝ 3000 քմ, 5000քմ, ասենք դամբուլա, ծիրանա, դեղձա: Դեղձը մեր մոտ երկար կյանք չունի, ամենաշատը 3-4 տարի: Բերք տվեց, բերք տալուց հետո շուտա չորանում, չգիտեմ, երևի կավային մասը շատա»:

Նորատունկ այգիները 4-5 հա են: Փորձը փորձանք չի բերի, կմշակեն: Մշտական ոռոգում ապահովելու համար դարձյալ հոր են փորել, որպեսզի շարունակական ոռոգման միջոցով հողը խոնավ պահեն և արմատները կարողանան աշխատեն: Մարտուն Դալլաքյանի տան բակում տարբեր ծառեր են, այս տարվա դեղձը հավաքել է, ծառի տերևներն էլ սկսել են դեղնել: Ինքը հոր չունի և այգին ու փոքր բանջարանոցը ոռոգում է գյուղի խմելու ջրով:
«Որ ախպուրները տալիս են օրական 2 մարգ, 3 մարգ ջրում ենք: Հիմա էս 2 մարգն եմ ջրել, մեկ էլ էս բիբարը: Սրանով էսօր կսահմանափակվի: Ծիրան ունենք, դամբուլ, նուռ, կեռաս, սերկևիլ, դեղձ, էս մեր հողի միջով 1936-38 թվերին մեծ առու ա գնացել, հողակտորը ոռոգելիա եղել, ներքևները տեղ կա ավազային հողա, կավա»:

Զարթոնքում նաև ջերմոցներ կան: Ավետիս Մաթևոսյանը վարկային աջակցության ծրագրերով 1300 քմ հողակտորի վրա 3 ջերմոց է հիմնել և կաթիլային ոռոգում անցկացրել: Վարկի 7 տոկոսը պետությունն է սուբսիդավորում, 5 տոկոսը՝ ինքը վճարում: Ոռոգման աղբյուրը դարձյալ սեփական հորն է:
Ջերմոցում լարային ցանցով աճեցրած լոլիկներ են: Բույսը մագլցում է լարերով, հողից բարձր բերքը չի փչանում: Ավետիսը բերքից էլ, վաճառքից էլ գոհ է.
«Մայիսի վերջից եմ սկսել բերքը հավաքել, Մեյմանդարի շուկայում եմ վաճառում: Էս տարի 450 դրամից սկսել եմ, մինչև հիմա ծախում եմ, էն օրը 150-120 եմ վաճառել»:

Ջերմոցում վարունգ էլ է աճեցրել, սեզոնը վերջացել է, իսկ սեփականաշնորհված հողում 3500 քմ –ի վրա սմբուկ է մշակում, 1 հա էլ ավել: Սպասում է աշնանը ավելը քաղի, իսկ ավել կամ սորգո մշակաբույսն ամենից շատ Զարթոնքում և հարակից գյուղերում են աճեցնում:




