ԿարևորՀասարակություն

Դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնելը

Համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այդ մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է պարետ Տիգրան Ավինյանը:

Ըստ նրա՝ առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է։

Ավինյանը նշել է, որ օգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը, ներկայում քննարկվում են ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով կառավարման տարբերակները՝ կախված նրանից, թե ինչպիսի համաճարակային պատկեր կլինի Հայաստանում:

«Պարետատունը մշակում է համավարակի կառավարման պլան, որն ուղենշային կլինի կառավարության գործունեության համար:  Առաջիկայում կհրապարակենք ուղեցույց, թե համաճարակաբանական իրավիճակում ինչպիսին է լինելու պետության արձագանքը՝ ինչ սահմանափակումներ և կանոններ են կիրառվելու կոնկրետ ոլորտներում: Այս պահին քննարկում ենք դեռևս սահմանափակված ոլորտները վերաբացելու հնարավորությունը: 

Մասնավորապես կհրապարակենք կրթության ոլորտի՝ մանկապարտեզների, դպրոցների, բուհերի կառավարման պլանները, կհստակեցնենք՝ ինչ մոդելով կգործեն ուսումնական հաստատությունները:

Ուղեցույցներ կհրապարակենք նաև թանգարանների, թատրոնների վերաբացման վերաբերյալ, կհրապարակվեն նաև վերաբացվեն ժամկետները»,- ասել է պարետը: 

Առաջիկայում, ըստ Ավինյանի, սահմանափակումների մեղմացումներ չեն լինելու ավիափոխադրումների ոլորտում:

«Դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնելը, մեր հայրենակիցները կարող են իրենց հանգիստը պլանավորել Հայաստանում:

Սակայն չարտերային չվերթների ավելացում կլինի»,- նշել է Ավինյանը:

Նա հայտնել է, որ հուլիսի 24-ից չարտերային թռիչքներ է իրականացնում «էյր Ֆրանսը» և օգոստոսին նախատեսվում է «Այսլանդ էյր» ավիաընկերության կողմից երեք չարտերային չվերթ՝ Լոս Անջելես-Երևան ուղղությամբ։

Հայաստանում դեռևս կպահպանվի միջազգային կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև օտարերկրա քաղաքացիենրի մուտքի նկատմամբ արգելքը, ասել է Ավինյանը։

«Ելնելով մեր հայրենակիցների առողջության պահպանման նպատակից՝ դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել։ Միևնույն ժամանակ, հորդորում ենք, որ մեր քաղաքացիներն իրենց հանգիստը կազմակերպեն Հայաստանում։ Սա նաև կխթանի ներքին զբոսաշրջությունը և կնպաստի տուրիստական բիզնեսի ակտիվացմանը»,- նշել է նա։

Նոր կարգավորումներով որոշակի դեպքերում նախատեսվել են ՀՀ ժամանող անձանց համար 14-օրյա ինքնամեկուսացման պահանջից բացառություններ՝ պայմանով, որ ժամանելուց 24 ժամվա ընթացքում հանձնված ՊՇՌ թեստի պատասխանը բացասական է։

Կարդացեք նաև

Back to top button