
Վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում 4 տոկոս անկում է գրանցվել։ Աճ արձանագրվել է գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտներում, մնացած ոլորտներում կիսամյակը նվազմամբ են ամփոփվել։ Տնտեսական ցուցանիշների մանրամասները դեռ չկան, սակայն ընդհանուր տվայլներով էլ կարելի է հասկանալ․ արդյո՞ք անկումը միայն համավարակով էր պայմանավորված։
Կորոնավիրուսի համավարակը հարվածեց առևտրի, ծառայությունների ու շինարարության ոլորտներին։ Հունվար-հունիսին ամենամեծ անկումը հենց այս ոլորտներում է գրանցվել։ Հատկանշական է, որ տարիներ շարունակ ամենամեծ աճն ապահովում էին հենց առևտուրն ու ծառայությունները։
Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, վերլուծելով տնտեսական կիսամյակային ցուցանիշները, արձանագրում է․ տարեսկզբի տնտեսական ձեռքբերումներ խոստացող դրական միտումները, ըստ էության, բաց են թողնվել։ Ակնհայտ է, որ ամենամեծ բացասական ազդեցությունն իրենց վրա զգում են զբոսաշրջությունն ու ծառայությունների ոլորտը։ Դրական զարգացում, սակայն, նույնպես նկատելի է՝ գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտներում։
«Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները հաջողվել է որոշակիորեն լուծել և տարին իր բերքատվության տեսանկյունից խոստանում է բավականաչափ լավը լինել։ Այդ առումով կառավարության կողմից իրականացրած միջոցառումները ևս ուղղակի և անուղղակի ազդեցություն են թողնելու։ Կարծում եմ, որ 2020 թվականին գյուղատնտեսության ոլորտում 1․7 տոկոս աճը առնվազն կպահպանվի։ Նույն թիրախը նաև արդյունաբերության ոլորտում է, ունենք 1 տոկոսից ավելի աճ։ Կարծում եմ` այս երկու բնագավառներում աճի միտումները կպահպանվեն»,- ասում է Մանուկյանը։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանն արձանագրում է. տնտեսական ցուցանիշների անկումն իսկապես համավարակով էր պայմանավորված։
«Այդ ոլորտների անկումը պայմանավորված է համավարակով ու կիրառված սահմանափակումներով։ Սա նաև ապացուցում է այն հանգամանքը, որ տնտեսական սահմանափակումների թուլացումից հետո առևտրի և ծառայությունների անկման տեմպերը սկսեցին դանդաղել։ Հետևաբար, անկումը տնտեսության ներքին խնդիրներով չի պայմանավորված, այլ` համավարակի պատճառով կիրառված սահմանափակումներով»,- նշում է Կարապետյանը։
Անկում գրանցել են նաև ներմուծման և արտահանման ոլորտները․ ներմուծումն ավելի շատ է նվազել, քան` արտահանումը։ Վիճակագրական մանրամասները դեռ չկան, հասկանալու համար, արդյո՞ք ներմուծումը փոխարինվել է տեղական արտադրանքով, թե։ համավարակի պատճառով է ներմուծումն ավելի շատ նվազել։

Արտակ Մանուկյանն ասում է՝ ակնհայտ է, որ ճգնաժամերի դեպքում առաջին ազդող գործոնը գնողունակ պահանջարկի նվազումն է։ Շեշտում է՝ ապրանքների արտահանման թվերը չափազանց կարևոր են, սակայն կարևոր է նաև զբոսաշրջային ծառայությունների արտահանումը, որոնք ավելի քան 1․5 մլրդ դոլարի արտարժութային հոսքեր էին ապահովում։ Դրանք այս պահին չկան, ուստի հանքահումքային արտադրանքի արտահանումն այժմ չափազանց կարևոր է․
«Այն զարգացումները, որոնք կային վիրուսի սկզբնական պահին, պղնձի գները մոտ 5 հազար դոլարի շրջանակներում էին տատանվում, այժմ կարծեք թե կայունացել են։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի այս ոլորտի խաղացողների արտադրանքը մրցունակ լինի, որ կարողանան արտահանել։ Հայաստանի համար չափազանց կարևոր է արտահանելի հատված ունենալը, քանի որ այն նաև արտարժութային հոսքեր է ապահովում, և, ըստ էության, որոշակիորեն նպաստում է ֆինանսական կայունությանը»,-ասում է տնտեսագետը։
Նա, հղում անելով վիճակագրությանը, արձանագրում է․ ապրիլյան լոքդաունի կամ տնտեսական սահմանափակումների ավարտից հետո տնտեսական կյանքի ակտիվացումը նաև որոշակի դրական ազդեցություն ունեցավ տնտեսության վրա։ Պարզաբանում է՝ հունիսին ցուցանիշները շատ ավելի լավն են մայիսից, մայիսն էլ՝ ապրիլից։
Անորոշությունն այս ճգնաժամի առանցքային առանձնահատկությունից է, քանի որ շոկը առողջապահության ոլորտից է եկել ու որևէ մեկը չգիտի, թե ինչ է լինելու, պարզաբանում է «Ամբերդ» կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը․
«Աշնան մոտենալուն զուգահեռ անորոշությունն ավելի է մեծանում, քանի որ տարբեր գնահատականներով սպասվում է համավարակի երկրորդ փուլը»,- ասում է փորձագետը։
Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը երկրորդ փուլի հավանականությունը քիչ է համարում։ Հասարակությունը փոխել է իր վարքագիծը, հակահամաճարակային կանոններն ավելի լավ են պահպանվում, համավարակի դեմ պայքարն ավելի արդյունավետ է դարձել։
Այդուհանդերձ, Արտակ Մանուկյանը կարծում է, որ ավելի հավանական է, որ տարին մոտ 4 տոկոս անկմամբ կփակենք։ Գրեթե նույն կանխատեսումն է արել նաև Կենտրոնական բանկը, մինչդեռ ֆինանսների նախարարությունը 2020-ի համար 2 տոկոս անկում էր կանխատեսել։




