ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է տեղի ունեցել Գյումուշ ՀԷԿ-ում

Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր երեկ ահազանգել էին, որ հրդեհ է բռնկվել Սևան- Հրազդան կասկադի «Արգել» կամ, որ ավելի հայտնի է Գյումուշի, հիդրոէլեկտրակայանում։  Հրդեհը մարվել է ժամանակին, ՀԷԿ չի հասել, սակայն վնասներ կան։

Հրդեհ, այն էլ ջրերով պատված տարածքում, այն էլ Վարդավառին, դժվար է պատկերացնել։ Վատ լուրը շուտ է տեղ հասնում․ հայտնի ասացվածքի օրինակով Կոտայքի մարզի Արգել համայնքի ղեկավար Մաթևոս Ավագյանը նախօրեին   երեկոյան զանգ ստացավ ու  շարժվեց   դեպի գյուղի վարչական տարածքից  դուրս  գտնվող  բոլորին  հայտնի Գյումուշ  ՀԷԿ-ի տարածք։ Մինչ այդ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկն արդեն տեսանյութ էր տարածել ու նշել, որ վառվում է Սևան-Հրազդան կասկադի Գյումուշ ՀԷԿ-ը։ 

Հրդեհ իրականում կար, սակայն, բարեբախտաբար, ՀԷԿ-ը չէր այրվում.

«Տրանսֆորմատորն է  վառվել, հրշեջները եկան հանգցրեցին։ Նյութական մի փոքր վնաս է եղել , ուրիշ ոչ մի բան,  չեն կարողանում պարզել պատճառները։ Մասնագետները այժմ այդ ուղղությամբ են աշխատում»,- ասում է համայնքապետը։

«Արգել» ՀԷԿ-ի տնօրեն Արթուր Ստեփանյանի  խոսքով` կայանին որևէ վնաս չի եղել, այս պահին էլ այն աշխատում է, էլեկտրաէներգիա է արտադրում։ Հրդեհի պատճառը կարճ միացումն էր։ Նման  միացումներ հաճախ լինում են, ասում է` շեշտելով` ՀԷԿ- ը 1953 թվականին է  շահագործման հանձնվել։

«Նայած ինչի հետ ենք համեմատում վնասները։ Իհարկե, մեծ են, սակայն, եթե ՀԷԿ-ը վնասվեր, ավելի շատ կլինեին վնասները։  Այրվել է մեկ տրանսֆորմատոր։ Եթե ժամանակին չմարվեր հրդեհը, վնասները շատ ավելին կլինեին»։ 

ԱԻՆ հաղորդագրության համաձայն, այրվել են երկու տրանսֆորմատոր (յուրաքանչյուրը՝ 8 տ յուղի տարողությամբ), հարակից տարածքում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի կառավարման վահանակի սենյակի մեկ պատուհան և փայտյա մանրահատակից մոտ 0․5 քմ հատված: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մյուս 10 տրանսֆորմատորները և «Արգել ՀԷԿ»-ի շինության ներսում գտնվող կառավարման վահանակը:

Արգելի գյուղապետ Մաթևոս Ավագյանը նկատում է՝ իր ղեկավարած համայնքից  տեղում աշխատողներ կան։

Հրազդանի ջրամբարի  ջրերը թափվում են Սևանի կասկադի ամենախոշոր  հիդրոկայանի՝ Գյումուշի տուրբինների մեջ։ Մինչև այդ  կայանի ջուրն  անցնում է գրեթե 20 կիլոմետր ճանապարհ, որը կազմված է ջրանցքներից  ու թունելներից և գահավիժում է 300 մետր բարձրությունից։

Սևան-Հրազդան կասկադի ամենահզոր հիդրոհանգույցը Գյումուշի հիդրոէլեկտրակայանն է, որը Խորհրդային միության  ամենախոշոր կառույցներից մեկն է։ Ասում են՝ հիդրոհանգույցն իր ճարտարապետական ձևավորմամբ արտահայտում է խորհրդային  տարիներին ապրած  մարդկանց ստեղծագործ աշխատանքը։ Գյումուշը կառուցվել է 1953 թվականին։

Միջազգային էներգետիկ կորպորոցիայի գլխավոր ճարտարագետ Գարեգին Բաղդասարյանն արդեն 43 տարի աշխատում է այստեղ, լրագրողների հերթական շրջայցերից մեկի ժամանակ պատմեց․ 

«Ագելի ՀԷԿ-ը  4 հիդրոագրեգատ ունի,  հույժ կարևոր կայան է, Հայաստանի  էներգետիկայի համար։ Բջնիի  գիծն է այստեղ, որը ուղիղ ատոմակայան է գնում, և որի համակարգի վթարի դեպքում կայանի այդ գիծը ավտոմատ դատարկվում է այլ էլեկտրաէներգիա ընդունող  կազմակերպություններից և յուրաքանչյուր ագրեգատ աշխատում է ուղիղ ատոմակայանի հետ՝ սեփական կարիքների ապահովման համար»,- ասաց Գարեգին Բաղդասարյանը։ 

 Նույն  օրը  Գարեգին Բաղդասարյանը  նաև  հիշեց 1995թվականի  կայանի մեծ վթարն ու, թե ինչպես են վթարի հետևանքները վերացրել․

«Ամեն ինչ նույնն է մնացել` ջահը, լուսամփոփները, որոնք դրել են 1953թվականին, նույնն են մնացել։ Երբ մենք վերականգնում էինք  1995-1999թթ , մտածում էինք, որ  ճարտարապետական որևէ լուծումի ձեռք չտանք»։

«Ռուս-Հիդրո»- ընկերությունը  ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին է  վաճառել 561 ՄՎտ հզորությամբ Սևան-Հրազդան  հիդրոկասկադը շահագործող Միջազգային էներգետիկ կորպորացիայի արժեթղթերի 90%-ը։

Կարդացեք նաև

Back to top button