
Այսօր ԱԺ–ն 37 պատգամավորի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան։ Այն, սակայն, որևէ առնչություն չունի հայ–ադրբեջանական սահմանում իրավիճակի լարման հետ։ Պատգամավորները քննարկում են սովորական օրակարգային հարցեր, բայց՝ պարբերաբար անդրադառնում ադրբեջանական սադրանքին։
Աշխատանքն սկսելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված հայ զինծառայողների հիշատակը, ապա՝ հպարտացել Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի «մարտական մկրտությամբ»։ Համալիրին առնչվող օրինագիծ Աժ օրակարգում նույնպես կա։
Հայ–ադրբեջանական սահմանային լարման ուշագրավ հատվածներից մեկն այն է, թե ինչպես է հայ զինվորականներին հաջողվել խոցել մինչ այս պահը աշխարհում անխոցելի համարվող իսրայելական «Hermes 900» անօդաչու թռչող սարքը։
Այս տիպի ԱԹՍ-ի՝ աշխարհում առաջին հայտնի խոցումն է: Երկրորդ ուշագրավ փաստն այն է, որ շուրջ 30 մլն դոլար արժողությամբ և ցանկացած բանակի «ղեկավարման կենտրոն» համարվող սարքը խոցվել է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրում արդիականացված «Օսա-ԱԿՄ» համակարգից։ Ռազմաարդյունաբերական համալիրի այլ արտադրանքներ նույնպես գործածության մեջ են դրվել վերջին օրերին։
Համալիրի աշխատանքը այսօր ԱԺ ուշադրության կենտրոնում էր։ Երկրորդ ընթերցմամբ «Ռազմաարդյունաբերական համալիրի» և «Պաշտպանության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ պետք է արվեն։ Ռազմաարդյունաբերական համալիրը պաշտպանության նախարարությունից տեղափոխվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ։ Որևէ արտառոց կամ արտահերթ խնդիր չկա համալիրի աշխատանքի հետ կապված, բայց գործադիրը պնդում է՝ օրենսդրական դաշտը պետք է հնարավորինս շուտ կարգավորվի։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյան․ «Բավականին մեծ կառույց է, ընդգրկում է մի քանի պետական ընկերություններ, կան մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ, որոնք ռազմաարդյունաբերական համալիրին են վերաբերվում։ Առհասարակ, այս ոլորտի օրենսդրական դաշտը բավականին բարդ է։ Հարկավոր էր որոշակի ժամանակ, որպեսզի ՊՆ-ից պատշաճ կերպով տեղափոխվեր ԲՏԱՆ։ Չենք համարում, որ արժե այս հարցը կախված թողնել մինչև սեպտեմբեր, դրանով է պայմանավորված մեր խնդրանքը, որպեսզի բերենք արտահերթ նիստ»։

Պատգամավորները համոզված են, որ ռազմաարդյունաբերական համալիրը ավելի մեծ և շոշափելի արդյունքի կարող է հասել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությունից։
ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Տիգրան Կարապետյան․
«Բոլորս գիտենք, որ մարտական կիրառության մեջ առաջին անգամ կիրառվել է հայկական արտադրության անօդաչու թռչող սարք, բավականին հաջող է կիրառվել և ցանկանանք, որ ԲՏԱՆ և ձեռնարկություններ կապը ավելի սերտ լինի և արդյունքները շոշափելի լինեն, որվեհետև ԶՈՒ իսկապես սպասում է այդ համագործակցության արդյունքին»։
ԱԺ այսօրվա արտահերթ նիստը որևէ առնչություն չունի սահմանային լարման հետ՝ ընթացիկ օրակարգային հարցեր են քննարկվում, բայց պատգամավորները պարբերաբար անդրադառնում են ադրբեջանական սադրանքին։ 2016–ի ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի և պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը էական տարբերություններ է տեսնում այսօրվա իրադարձությունների և 4 տարի առաջ տեղի ունեցած ապիլյան պատերազմի միջև․
«2016–ին Ադրբեջանը գնահատեց, որ ունեցավ հաջողություն, բայց այս անգամ իր գործողությունները նպատակին չհասան։ Ես կարծում եմ, որ ԶՈՒ 2016–ի ապրիլից հետո վերադասավորել են իրենց կառավարելիության հետ կապված խնդիրները և այսօր իրենք ամբողջական ավելի կառավարելի բարձր մակարդակի վրա են և շարունակաբար այդ համակարգի հզորություններն ավելացվում են։ Երկու օրվա ընթացքում խոցված 10 ԱԹՍ և 1 «Hermes 900»։ Այնքան ցավալի էր արտադրողի և Ադրբեջանի համար, որովհետև վարկաբեկվում են, որովհետեւ մեծ գումարներ էին ծախսել։ Հայաստանի ներսում՝ ձեռքբերումը մեր հակաօդային ուժերի, որոնք ոնց որ թե պետք է չկարողանային գործել, բայց պարզվեց՝ մոդեռնիզացված «ՕՍԱ» համակարգերը ի վիճակի են գերժանամակակից իսրայելական «Hermes 900»–ին խոցեն։ Այսօր հարաբերական անդորրը պայմանավորված է նաև նրանով, որ հակառակորդը, կարծում եմ, նկատեց, որ իր գործիքակազմի նման կիրառումը էֆեկտիվ չէ»,- ասաց Քոչարյանը։

Սահմանային լարումից և հակահարված ստանալուց հետո այժմ զարգացումները տեղափոխվել են տեղեկատվական դաշտ և, Ադրբեջանի դեպքում, ներքին զարգացումների փուլ, կարծում են պատգամավորները։ Բաքվում երեկ տեղի ունեցած ցույցերին հետևելով և վերլուծելով,՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը եզրակացրել է՝ կարանտինային բավականին խիստ պայմաններում ցույցը տեղի չէր ունենա, եթե չլիներ իշխանությունների համաձայնությունը՝ ներքին և արտաքին քարոզչական քայլի համար։
Ցույցերը որոշ փուլում, սակայն, վերահսկողությունից դուրս եկան․
«Ալիևը իսկապես դարձել է իր քարոզած հակահայկականության գերին, որովհետև հաշված ժամերի ընթացքում այդ ցույցը սկսեց ստանալ որոշակի հակաիշխանական էլեմենտներ, սկսեցին պահանջել հրաժարականներ։ Այնուհետև ցուցարարները մտան ԱԺ շենք և կարճ ժամանակ հետո Բաքվում հասկացան, որ այս ամենը ստանում է հակաիշխանական բնույթ և կարող է իրենց համար ունենալ ճակատագրական հետևանքներ»,- ասաց Հայրապետյանը։
Ներքին սպառման համար որոշ զարգացումներ պատգամավորները նկատում են նաև Հայաստանում։ Դրա վրա ուշադրություն հրավիրեց Արմեն Խաչատրյանը։ Նա առաջարկեց գոնե Ազգային անվտանգությանը սպառնացող դեպքերում տարբերակել ընդդիմախոսությունը սովորական դիվերսիայից և պետության դեմ տարվող պարտիզանական պայքարից։




