
Ցորենի թեփն արժեքավոր սնունդ է խոզերի թռչունների և խոշոր եղջերավոր անասունների համար, բայց անասնապահները դժգոհում են թեփի գնից: Ասում են, թեփը խոզի մսի գնից ավելի թանկ է և սակավ: Ենթադրում են, որ ցորենի թեփի թանկությունը խոչընդոտում է անասնապահության զարգացմանը՝ ծախսը շատ է, ստացված եկամուտը քիչ:
Հացահատիկի արտաքին կեղևը՝ թեփը, համարվում է արտադրական թափոն, բայց այն կենսաբանորեն արժեքավոր նյութերի ամբողջություն է: Պարունակում է հագեցած ու չհագեցած ճարպաթթուներ, մի շարք վիտամիններ, բջջանյութեր, միկրոտարրեր: Սննդաբանները արժեքավոր են համարում հացահատիկի թեփը, այն օգտագործվում է նաև ժողովրդական բժշկության մեջ: Բայց ցորենի թեփի գինը միշտ անհանգստացրել է անասուններ պահող գյուղացիներին: Բողոքում են թանկությունից: Հիմա գինը կայուն է և վաճառքի կետերում առաջարկում են ամենացածր գինը 1 պարկը՝ 2900-3000 դրամ: Իսկ մինչ այդ ձեռք են բերել 3500-դրամ և ավելի թանկ գնով. «Թեփի գինը միշտ էլ տատանվում է, 3600, 4000, 4000-ից էլ բարձր է լինում: Թեփը տալիս ենք խոզերին, հավերին, կովերին, գարու հետ տալիս ենք ցլերին»:
Անասնակերի բարձր գնից հաճախ դժգոհում են խոզ պահողները և համեմատում խոզի մսի գինը անասնակերի գնի հետ: Մսի վաճառքի կետերում խոզի մսի 1 կգ-ի գինը հիմա 1800 դրամ է.
«Խոզի մսի գինը մեկ 2000 դրամ է, մեկ՝ 3000: Գարնանը, երբ մարդիկ սկսում են անասուն առնել, 30000 դրամով գոճի են առնում, 3500 դրամով թեփ են առնում տալիս: Էդ նույն խոզին մարդը 6 ամիս պետք է պահի, ինչքա՞ն կեր կուտի, գումարվում է իրար, ծախած միսը ծախսերը չի հանի: Իսկ եթե թեփ լինի 1500 դրամ, մարդիկ ինչքան էլ էժան ծախեն միսը, հաստատ, եկամուտ ունենալու են»:

Ցոլակ Հակոբյանը Բաղրամյանի շրջանի Լեռնագոգ գյուղից է, որտեղ տարիներ առաջ կային խոզաբուծական մեծ համալիրներ: Դրանք հիմա չկան, արոտավայրեր չունեցող համայնքներում խոզ պահելը նպատակահարմար է, բայց անասնակեր ձեռք բերելն է խնդիր: Ծախսը շատ է: Խոզապահները երբեմն ցորենի թեփը փոխարինում են գարիով, բայց այստեղ էլ ուրիշ խնդիր է ծագում, դժվարանում են իրացնել սալապատ միսը.
«Գարին սալ է գցում խոզերին, ավելի դժվար է լինում ծախելը, դրա համար հիմնականում թեփ ենք տալիս»:

«Խոսքի օրինակ, հիմա ունեմ մի հատ մայր ու ոչ մեկը չի տանում: Չգիտեմ ի՞նչ անեմ, խոշոր քաշ է, չեն կարողանում իրացնել»:
Արմավիրի մարզի նախկին անասնապահական զարգացած գյուղերում հիմա խոշոր ֆերմաներ չկան, մեկ երկուսն են: Էդգար Հովհաննիսյանը անասնապահական միջին չափի ֆերմա ունի: 70 գլուխ խոշոր եղջերավորների հետ մոտ 150 գլուխ խոզ է պահում: Գոմերն առանձին են, իսկ խոզերի առանձնահատկություններից ելնելով, նրանց համար պատրաստել է նաև բացօթյա առանձնացված տարածքներ: Էդգարն ասում է, որ խոզերի հիմնական կեր հանդիսացող ցորենի թեփը ոչ միայն թանկ է, այլև սակավ. «Էս պահին, դաժե, թեփ էլ չկա, դեֆիցիտ է: Թանկ է և դեֆիցիտ»: Ռադիոլուրի հարցին՝ գինն ինչքան լինի, որ անասնապահությամբ զբաղվելն արդյունավետ լինի. «Մսի գնին, այսինքն՝ միսը 1700 դրամ է, մեշոկը պետք է լինի 1700 դրամ: Խոզերին մենք թեփ ու խոտ ենք տալիս»:

Անասնապահության մեջ հաջողությունների հասնելու նպատակով Էդգարը նոր փորձարկումներ է արել խոշոր եղջերավորների շրջանում: Ունեցած Կովկասյան Գորշ ցեղատեսակի կովերը արհեստական բեղմնավորել է Հոլշտեյն և Շվից ցեղատեսակներով:
«Ա՜յ էս չաղերը Հոլշտեյներ են, մյուսները՝ Շվեց են, բեղմնավորել ստացել ենք: Տեղականի վրա ուզում ենք մաքրացեղ ստանալ, Ճիշտ է՝ 100 տոկոս չենք ստանա, բայց մի 70-80 տոկոս կստանանք»:
Հիմա անասնագոմում 3-րդ սերնդի կովեր են: Կովկասյան գորշից սկսել են ստանալ կաթնատու և մսատու ցեղատեսակներ, որոնք տարեկան մինչև 3 տոննա կաթ են տալիս, պանիր են սարքում և վաճառում համեմատաբար էժան գներով՝ 1 կգ 1200 դրամ: Էդգար Հովհաննիսյանն ու մյուս անասնատերերը համոզված են, որ անասնակերի էժանացմամբ, գյուղացիները կկարողանան ավելի շատ անասուններ պահել ու ընտանիքի խնդիրները լուծել:




