
Հանրային ռադիոյում այսօր տոնական իրարանցում կլիներ, եթե չլինեին կորոնավիրուսն ու ոչ աշխատանքային կիրակին, մասամբ նաև՝ ինքնամեկուսացված աշխատակազմը։ Մեր ավագ գործընկերն ու, համոզված ենք, բոլորիդ սիրելի հաղորդավար Սարգիս Նաջարյանը տոնում է ծննդյան 70-ամյակը։ Ասենք, որ Սարգիսի համար սա ընդամենը թիվ է, ինքն իրեն զգում է, ինչպես «Փոքրիկ իշխանի» հերոսը։
Թվերի հետ սակարկել չի պատրաստվում, ծննդյան օրն էլ աղմուկ-աղաղակով նշել չի սիրում, բայց դա, իհարկե, մեզ չի խանգարում մի փոքր տոնական «աղմուկով» լցնել նրա օրն ու ասել՝ շնորհավոր ծնունդդ՝ Սարգիս Նաջարյան ջան․․․։
Մարդ, որը Սարգիս Նաջարյանին ճանաչում է դեռ նախորդ դարից․ ռադիոյում մենք նրան հումորով վեհափառ ենք ասում, իսկ դուք ճանաչում եք որպես Վարուժան Օլքինյան։
«1971-ին Սարգիսի հետ մենք միասին ենք ընդունվել ռադիո։ Ավելի պոզիտիվ մարդ, քան Սարգիսը, ես չգիտեմ։ Երբ մենք հավաքվում ենք, ներկաների մի մասը քաղցած է մնում, որովհետև այնքան է տարվում Սարգիսի կատակներով»։
Սարգիս Նաջարյանի խոսքը, ժամանակի մի քանի նվիրյաների հետ միասին, ձեռագիր ու, ինչպես Վարուժան Օլքինյանն է ասում, դարաշրջան փոխեց ռադիոեթերում։ Այդ սերունդn էականորեն փոխեց մոտեցումը խոսքի հանդեպ։ Ծննդյան տարեթվում գործընկերոջից մի քանի թիվ ավելի գրանցած Օլքինյանը համոզված է՝ Սարգիս Նաջարյանը, իր համար՝ Սաքոն, դարերով կմնա Հանրային ռադիոյում, որովհետև նա անմահ է։ Անմահությունը վաստակած գործընկերոջը մաղթում է․
«Իմ մի փոքր ավելի կրտսեր եղբայր ջան, շնորհավորում եմ, ուզում եմ մաղթել, որ քո ձայնը մշտապես հնչի Հանրային ռադիոյում, որովհետև առանց այդ ձայնի Հանրային ռադիոն պատկերացնելը շատ դժվար է»։
Ռադիոյի նվիրյալներից՝ մեր նախկին ու ավագ գործընկեր Կլարա Թերզյանն էլ օրվա հերոսին ճանաչում է նախորդ դարից, այն օրվանից, երբ Հրաչուհի Ջինանյանի ղեկավարած չափազանց խիստ հանձնաժողովը հաղորդավարական մրցույթում իրականացրեց Սարգիս Նաջարյանի հայտնաբերման գյուտը։
«Սարգիսը ինձ համար բացահայտվեց փուլ առ փուլ։ Չգիտեմ՝ մինչև ռադիո գալը ասմունքել է, թե ոչ, բայց ռադիոյում սկսեց ասմունքել և շատ լավ։ Հետո՝ Սոֆի Դևոյանին նվիրված հաղորդման ժամանակ նկատեցի, որ Սարգիսը լավ գրիչ ունի։ Սա էլ մի նոր փուլ էր ինձ համար։ Հետո սկսեց պարել։ Սկսեց ուսումնասիրել ու գրել Կոմիտասի մասին։ Մի խոսքով՝ բազմատաղանդ մարդ է»,- պատում է Թերզյանը։

Իր բազմաթիվ տաղանդներով բոլորին ուրախացնելու անսպառ հնարավորություն է մաղթում Կլարա Թերզյանը Սարգիս Նաջարյանին։ «Երևանն է խոսում» արտահայտությունը ծանոթ է Հանրային ռադիոյի բոլոր ունկնդիրներին։ Հաղորդավար Տիգրան Հարությունյանի համար այս բառերը շատ ավելի խորհրդավոր ու կարևոր նշանակություն են ստանում, երբ դրանք արտաբերում է իր գործընկեր ու նաև դասախոս Սարգիս Նաջարյանը․
«Մարդ, որը մշտապես իմ կողքին է եղել և՛ որպես դասախոս, և՛ որպես ընկեր։ Ուզում եմ Սարգիսին մաղթել քաջ առողջություն, որպեսզի նրա հումորը անպառ լինի։ Ուզում եմ, որ միշտ լինի երիտասարդ և իր խորհուրդներով ՝ մեր կողքին»,-ասում է Տիգրանը։
Նրա մյուս մաղթանքների մասով չգիտեմ, բայց երիտասարդ մնալու մաղթանքը Սարգիս Նաջարյանն արդեն գիտակցության ու կենսակերպի է վերածել վաղուց։ Անգամ սրտնեղում է, երբ հիշեցնում ենք, որ յոթանասուն տարեկան է։
«Վայ մի ասեք էդպես, ես փոքրիկ տղա եմ։ Երբեք չեմ մտածել, որ մեծանում եմ, որովհետև առաջնորդվել եմ Փոքրիկ իշխանի խոսքով՝ աշխատիր միշտ փոքրիկ տղա մնալ և չկորցնել մանկությունդ․․․»,- ասում է Նաջարյանը։
Ինչպես ասում է՝ ծննդյան օրը աղմուկ-աղաղակով նշել չի սիրում։ Հիշում է՝ ուսանողական տարիներին դասերից հետո ավտոբուս էր նստում, գնում Էջմիածին ու պտտվում եկեղեցիներով։ Ասում է՝ հաց-մաց էի տանում հետս, խմում մայրիկիս ու բոլոր նրանց կենացը, որոնք ինձ արարել ու գիտելիք էին տվել։ Չէր մոռանում նաև տոնական մաղթանք հղել իրեն ու Տիրոջից խնդրել ամենակարևորը։ Այսօր էլ ավանդույթը չի խախտի․
« Գիտեք, ես երկնքից, Աստծուց, այսինքն՝ այն գերբնական ուժից, որը տիեզերքի աչք է կոչվում, միայն մի բան եմ խնդրում՝ առողջություն»։
Եթե, իր բնորոշմամբ, այլանդակ կորոնավիրուսը չլիներ, 70-ամյա փոքրիկ տղան կյանքի հերթական տասնամյակ էր ներխուժելու Կոմիտասին, Նարեկացուն նվիրված մեծ ծրագրերով։ Համավարակը ստիպել է հարկադիր դադար վերցնել։ Սա այն դեպքն է, երբ հաստատ չենք կարող ասել՝ Նաջարյանը փոշմանել է, ինչ լավ բան ունեցել է ներսում, տվել է։
Ասում է․ «Լավ բանը պիտի դուրս տաս, մեջդ պահեցիր, նեխում է»։
«Սովորաբար նման հոբելյանների ժամանակ մարդիկ դժգոհում են, որ իրենց խանգարել են։ Գաղտնիքը մեկն է՝ պիտի սիրես ու կարողանաս քո սիրո ուժով հասնել ամեն ինչի։ Ես չեմ կարող դժգոհել, ինձ ոչ-ոք չի խանգարել։ Շնորհակալ եմ բոլորին»։
Մեկ-մեկ ասում եմ՝ մի քիչ թթու եղեք, ձեր քաղցրությունից արդեն մուրաբայի հոտ եմ առնում, բայց դե հաճելի է, ասում է Սարգիս Նաջարյանը։ Մաղթենք, որ մուրաբայի հոտի հաճույքը հարատև ուղեկցի մեր սիրելի գործընկերոջը։




