ԿարևորՀասարակություն

1-ն էլ է դրական միավոր․ հանրակրթության նոր չափորոշիչները

Կրճատել դպրոցականների ծանրաբեռնվածությունը, ավելացնել պրակտիկ գիտելիքները, ինտեգրված առարկաների միջոցով հնարավորինս նվազեցնել տնային ծանրաբեռնվածությունը եւ մեծացնել դպրոցական բաղադրիչը, դպրոցին տալ հնարավորություն ընտրելու  դասավանդվող առարկաները։

Հանրակրթության պետական նոր չափորոշիչները միտված են այս նպատակներին։ Նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով փոփոխություններ են  նախատեսվում  հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում։ Մինչև 2022-ը պետք է ձևավորվեն առարկայական ծրագրերը, մշակվեն և  փորձարկվեն ուսումնական նյութերն ու դասագրքերը, իսկ մանկավարժները վերապատրաստվեն։

Դպրոցական երեխա ունեցող ծնողների դժգոհությունները տարիներ շարունակ անփոփոխ են. անհաջող դասագրքեր ու ուսումնական ծրագրեր, երեխաների գերծանրաբեռնվածություն եւ տնային անհասկանալի առաջադրանքներ, որոնք երբեմն բարդ են նույնիսկ  ծնողների համար, կրթության ցածր որակ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում տեղյակ են դասագրքերի եւ ուսումնական ծրագրերի հետ կապված դժգոհություններին և  նախաձեռնել են համապատասխան փոփոխություններ: Գերատեսչությունը մշակել է հանրակրթության պետական նոր չափորոշիչներ, որը կարծես բեկումնային է լինելու հանրակրթության համար։

Գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ. այս վերջնարդյունքն է ակնկալվում նոր չափորոշչով՝ ասում է 

չափորոշչի փորձագիտական խմբի անդամ, համար 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը։

«Մենք ունենք կարողունակությունների 8 ուղղություն՝ լեզվական, սովորել սովորելու կարողունակություն, ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություններ, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություններ, թվային և մեդիա կարողունակություններ, մշակութային, մաթեմատիկական, գիտատեխնիկական և տնտեսական կարողունակություններ։ Բոլոր 8 ուղղություններով զարգացվելու են աշակերտների կարողունակությունները 12 տարվա ընթացքում բոլոր առարկաները դասավանդելու ժամանակ»,- ասում է դպրոցի տնօրենը:

Որքանո՞վ  է մեր հասարակությունը և մանկավարժական կազմը պատրաստ այս փոփոխությանը։ Արտաշես Թորոսյանը կարծում է, որ մանկավարժներն արդեն իսկ նոր լուծումների փնտրտուքների մեջ են։ Վերապատրաստումներն էլ իրենց հերթին կաջակցեն։

Նոր չափարոշիչով ևս մեկ կարևոր փոփոխություն է նախատեսվում։ Ամբողջությամբ վերանայվել է աշակերտի գնահատման համակարգը։ Ըստ այդմ՝ և ոչ մի աշակերտ անբավարար գնահատական չի ստանալու և դրա պատճառով նույն դասարանում չի մնալու։ Սա այն փոփոխությունն է, որին տարիներ շարունակ սպասում էր նաև  կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։

«Գիտելիքների գնահատումը 1-10 միավորով է լինելու կամ 1-20 ու բոլոր միավորները դրական են լինելու։ Այսինքն՝ բացասական գնահատական չի լինելու։ Գիտելիքը չի կարող բացասական լինել։ Եթե անգամ աշակերտի գիտելիքը մեկ միավորով է գնահատվում, արդեն դրական է»,- նշում է Բախշյանը:

Դատելով փաստաթղթից՝ կարծես իդեալական կրթական համակարգ է ներդրվում, թեև Անահիտ Բախշյանը նախորդ չափորոշիչներից էլ դժգոհ չէր։ Այլ բան է, թե որքանով է փաստաթուղթը գործնականում կիրառվում։

Նոր չափորոշիչները հասցրել են նաև  քննադատության թիրախ դառնալ։ Հատկապես դժգոհության առիթ է դարձել Հայ եկեղեցու պատմություն առարկայից հրաժարվելու առաջարկը։ Թե որքանով է այս մտահոգությունը տեղին, հետաքրքրվեցինք փորձագետ Սերոբ Խաչատրյանից։

«Այս պահի դրությամբ փաստաթղթում  նշվում է այդ կետը, որ երեխաները պետք է եկեղեցու մասին գիտելիքներ ունենան, բայց առայժմ նշված չէ որպես առանձին առարկա։ Նախարարությունն առարկայի դասավանդումը տեսնում է ինտեգրված տեսքով՝ անհատ և հասարակություն,  պատմություն առարկաների մեջ»,- նկատում է փորձագետը:

Թե որքանով նոր չափորոշիչները կարդարացնեն իրենց, մասնագիտական շրջանակներում առայժմ դժվարանում են պատասխանել։ Ժամանակը ցույց կտա, ասում են, նաև նշում, որ դրանք հիմա հանրային քննարկման փուլում են ։

Հանրակրթության պետական նոր չափորոշիչներին հաջորդելու են առարկայական չափորոշիչների, ծրագրերի փոփոխությունը, ապա եւ նոր դասագրքերի, դասավանդման եւ ուսումնառության նյութերի մշակումը։

Կարդացեք նաև

Back to top button