
Գյուղական տուրիզմի կամ ագրոտուրիզմի զարգացման հնարավորություններ ունի նաև Ջերմուկ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Հերհեր գյուղը:
Գյուղի տարածքով հոսող Հեր-հեր գետը, որը լցվում է համանուն ջրամբարի մեջ, ձկնորսության սիրահարների /և ոչ միայն/ համար կդառնա սիրելի վայր: Իսկ ովքեր լսել են ձկնորսության մասին միայն պատմություններով, կկարողանան անձամբ փորձել:
Հերհեր գյուղի մոտ են գտնվում Քարավազի և Հերհերի ջրվեժները: Այս ջրվեժներն իրական բնության հրաշք են: Ջրվեժները երկուսն են: Նրանցից վերինը՝ Քարավազի ջրվեժը, ճեղքելով ժայռերը դուրս է գալիս առաջացնելով սահանքային ջրվեժ, այնուհետև Քարավազ գետը միանում է Հերհեր գետին և գահավիժում ցած առաջացնելով երկրորդ ջրվեժը: Երկրորդ ջրվեժը գտնվում է Հերհեր գետի վրա և կոչվում է Հերհերի ջրվեժ: Ջրվեժի տակ գոյացել է խորը ավազան, որտեղ կարելի է լողալ:




