ԿարևորՏնտեսական

Գազի թանկացման դեպքում փոքր բիզնեսն ստիպված է դադարեցնել գործունեությունը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում գազի գնի բարձրացումը կազդի ոչ միայն խոշոր կազմակերպությունների, այլեւ միկրոբիզնեսի վրա, այսօր ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով`  կտուժեն հատկապես հրուշակեղենի, հացամթերքի արտադրությունները, որը էներգակիրներով է պայմանավորված:
«Դրանք կամ իրենց շահույթի հաշվին կճնշեն գինը, որ շուկայից դուրս չմղվեն, կամ էլ գինը պետք է բարձրացնեն»,- նկատում է նա:
Գագիկ Մակարյանը փաստում է, որ Հայաստանում միկրոբիզնեսը գտնվում է ստորին շահութաբերության մակարդակում, իսկ գազի թանկացման դեպքում միկրոբիզնեսը հարկադրված կլինի դադարեցնել գործունեությունը։
Մակարյանի համար անհասկանալի էր երեկ ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անդրադարձը գազի գնին, և թե ինչու է կառավարությունը գազի սակագինը վերանայելու պահանջով դիմել ՀԾԿ հանձնաժողովի նախագահին:
Վարչապետը հայտարարում է, որ 30%-ով կսուբսիդավորվի գազի սակագինը: Հետաքրքիր է՝ ո՞ւմ է այդ սուբսիդավորումը վերաբերում, ո՞ւմ բերանից պետք է կտրի՝ գազի սակագինը սուբսիդավորելու համար ու որքան է տեւելու այդ սուբսիդավորումը: Մակարյանի բարձրացրած հարցերի շարքը սրանով չի ավարտվում:

«Հիմա կախված ենք այս իրավիճակից, պարտադրված ենք ընդունել այս գինը: Մեր երկրում քամու, արևի էներգիան չենք օգտագործում, ջերմաէլեկտրակայանները փորձեցին զարգանալ, բայց դրանք ևս գազով են աշխատում»։ Իրանական գազի հեռանկարներին անդրադառնալիս՝ Մակարյանն ասաց, որ  սա քաղաքական խնդիր է: «Մենք ունենք այլ պետությունների, մասնավորապես Ռուսաստանի հետ համաձայնեցնելու խնդիր: Ես ոչ պաշտոնական տեղեկություն էլ ունեմ, որ «ՀայՌուսգազարդ»-ը ուզում է, որ իրանական գազը իրեն տրամադրվի»,-ասաց նա: Գազի մի քանի տասնյակ տոկոսով թանկացման դեպքում հոսանքի գինը ևս կբարձրանա: Մեր ամբողջ տնտեսությունը կգնա դեպի թանկացում, գազի սակագնի բարձրացումը կանդրադառնա հանքարդյունաբերության վրա: Կթանկանան հացամթերքը, հրուշակեղենը: Մարդկանց գնողունակությունը կսկսի անկում ապրել՝ այդպիսով խանգարելով միջին բիզնեսի գոյատևմանը, կանխատեսումները ներկայացրեց Գագիկ Մակարյանը։
Գործատուների հանրապետական միության ղեկավարը նշեց, որ իրենք ուսումնասիրելու են «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկը, ավելին՝ մասնակցելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքներին և փորձելու են պարզել, թե որտեղ է գազի սակագնի բարձրացումը չափազանցված:
Մակարյանն արձանագրում է, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը հսկա գումարներ է օգտագործում իր բոլոր հարցերի համար, ուստի դա հաշվի առնելով պետությունն իրավունք ունի հենց «ՀայՌուսգազարդ»-ի ծախսերի օպտիմալացման խնդիր դնել և ելնելով ՀՀ տնտեսության իրավիճակից` գոնե բարոյական տեսանկյունից մոտենալ հարցին:  

Back to top button