ԿարևորՍպորտ

Մարզաշխարհն ընդդեմ համավարակի

Կարանտինային դադարից հետո մարզաշխարհի որոշ ներկայացուցիչներ մարզական կյանքը ստիպված էին սկսել  զրոյից։ Պարզվում է` մարզավիճակի վրա մեծ դադարը էականորեն ազդում է։ Սակայն  մարզաշխարհում ակտիվությունը վերականգնվում է։ Մեր մարզիկները փորձում են պահպանել լավ մարզավիճակը՝ ստեղծված իրավիճակից անկախ։

Կարանտինից հետո Հայաստանի մարմնամարզության հավաքականում  կյանքը փորձում են սկսել  զրոյից։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ սա այն ոլորտն է, որտեղ  յուրաքանչյուր մեծ դադար կարող է զրոյացնել ամբողջ ձեռք բերածը։ Հավաքականում մարզումներն արդեն վերսկսել  են։

«Մեկ շաբաթ հանգստանում են, բայց հետո լրիվ գնում է հետ։  Մարզավիճակը հետ բերելու համար,  այո, զրոյից ենք սկսում։ Առաջին անգամ ես տեսա, որ մարդիկ ասես սոված լինեին, կարոտով՝ թե մարզիկները, թե՛ մարզիչները։ Հասկացանք, որ առանց դահլիճի ուղղակի կյանք չունենք»,- ասում է Սերոբյանը։

Մարմնամարզության հավաքականում մարզումները սկսել են՝ պահպանելով պարետատան բոլոր պահանջները՝ ջերմաչափում, ալկոգել, դիմակներ և այլն։ Մարզումների ընթացքում որոշ  խնդիրների, այդուհանդերձ, բախվում են․

«Մի գործիքի վրա մի քանի հոգի պարապում են, ախտահանել չի կարելի, որովհետև մագնեզիում է քսած, եթե ախտահանենք վնասվածքներ կստանան մարզիկները։ Միայն այդ գործիքների խնդիրն է»,- նշում է Հավաքականի գլխավոր մարզիչը։

Համավարակը ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի, կարելի է ասել, կողքով է անցնում։ Միայն մեկ խնդիր է անհանգստացնում մարզիկին․

«Միայն մրցումներն են հետաձգվել, գնում ենք հավաքների, պարապմունքների, ամեն ինչ իր հունով գնում է»,- ասում է Սիմոն Մարտիրոսյանը։

Մարզաշխարհը սպասում է աշխատանքի արդյունքի իրացմանը,  սպասման անորոշությունը որքան կձգվի, դժվար է ասել․  կորոնավիրուսի ստեղծած իրավիճակում այսօր նոկաուտն էլ  չի փրկի։  

Կարդացեք նաև

Back to top button