ԿարևորՀասարակություն

Աշխատող ուսանողների ֆինանսական հոգսը կթեթևանա

Աշխատող ուսանողների ֆինանսական հոգսը կթեթևանա, ուսման վարձը կփոխհատուցվի։ Օրենքն ավելի վաղ էր ընդունվել, կառավարությունն էլ այս շաբաթ հաստատեց բուհերում մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցով սովորող ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտահարկից։ Երկար սպասված այս փոփոխությունը ոգևորել է աշխատող ուսանողներին։ Նախագծի հեղինակներն էլ վստահ են, որ հնարավոր կլինի  զսպել  արտագաղթի միտումը հենց այս տարիքային խմբում։

Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Աստղիկ Խաչատուրյանն արդեն բակալավրի կոչումով ճարտարագետ է։ Մագիստրատուրան ևս շարունակելու է նույն բուհում։ Զուգահեռ աշխատում է «Սինոփսիս Արմենիա»-ում։ Ուսման ու աշխատանքի համատեղումը նոր չէ, որ սկսել է։ Կուրսում շատերն են միաժամանակ աշխատում եւ սովորում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Աստղիկը։

«Սինոփսիս Արմենիայում գնահատում են, որ ես զուգահեռ սովորում եմ և համարում են, որ ուսումը աշխատանքի մի մասն է։ Մեր կուրսում գրեթե բոլորն աշխատում են»,- պատմում է Աստղիկը։

Նա ու արդեն նախկին կուրսեցիները աշխատավարձի մի մասը հատկացնում էին ուսմանը։ Սեպտեմբերից արդեն   աշխատավարձից պահվող եկամտահարկը կուղղվի ուսման վարձի փոխհատուցմանը։ Աշխատող ուսանողներին այս փոփոխությունը ոգևորել է։

«Ես գիտեի այդ նախագծի մասին ու սպասում էի, որ կընդունվի, որովհետև մեծ մասը դիմելու է մագիստրատուրա։ Շատ ավելի լավ կլինի, որ եկամտահարկը այդ նպատակին ուղղվի։ Բնականաբար, ֆինանսական հոգսը շատ ավելի կթեթևանա, որովհետև ուսման տարեկան վարձը 500 հազար դրամ է»,- նշում է Աստղիկ Խաչատուրյանը։

Արդեն հաստատվել է Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսհաստատություններում մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցով սովորող ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտահարկից։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝  ցանկը հնարավոր  է ընդլայնվի։ Հիմնականում ընտրվել են բնագիտական և հումանիտար մասնագիտությունները։

Սկզբնական փուլում նախատեսված է եղել բակալավրիատի ուսանողներին ևս ծրագրում ներառել, սակայն այս փուլում միայն առկա ուսուցմամբ սովորող մագիստրանտներն ու ասպիրանտներն են ներառվելու՝ նշում է նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը.

«Աղքատությունը հաղթահարելու մեր հիմնական գործիքակազմը կրթությունն ու աշխատանքն է։ Հենց այս գաղափարախոսությունն եք դրել  Հարկային օրենսգրքի այս փոփոխության հիմքում»։

Թե ուսանողների որ մասն է ուսմանը զուգահեռ աշխատում,   ուսումնասիրություն, թերևս, չկա։ Համենայն դեպս՝ նախարարությունը նման վիճակագրություն չունի։ Նախագծի հեղինակների տվյալներով՝ մագիստրատուրայում սովորող ուսանողների շուրջ 70 տոկոսն աշխատում է։ Նրան համոզված  են նաև, որ այս փոփոխությամբ հնարավոր կլինի  զսպել  արտագաղթի միտումը հենց այս տարիքային խմբում։

Կարդացեք նաև

Back to top button