
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ժամը 19-ին քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Գործը մակագրված է դատավոր Ռոբերտ Պապոյանին:
Մինչ այդ ԲՀԿ–ականները «ձեռքերը ծալած» չեն նստել․ հանդես են եկել միանգամից 3 նախաձեռնությամբ․ հայտարարել են, որ բոյկոտում են ԱԺ նիստերը, նախաձեռնում են Քննիչ հանձնաժողովի ստեղծում և փորձելու են դիմել ՍԴ։
Վերջին երկու գործընթացները նախաձեռնելու համար ԲՀԿ–ին անհրաժեշտ է լինելու ընդդիմադիր մյուս ուժի՝ ԼՀԿ–ի աջակցությունը։ Լուսավորը հստակ չի արձագանքել, բայց խոսել է մի քանի նախպայմանի մասին։
Հրայր Թովմասյանի գլխավորած Սահմանադրական դատարանը հավանաբար չի հասցի քննել ԲՀԿ–ի դիմումը։ Խորհրդարանական երկրորդ ուժի նախաձեռնած քայլերը գնահատելով՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը որոշակիորեն բացահայտեց նաև ՍԴ խնդրի հանգուցալուծման ժամկետները։

«Վստահ չեմ, որ ՍԴ հետ կապված հարցը մենք մինչև այդ լուծում տված չենք լինի, և այս կազմը կքննի։ Այ, դրա հետ կապված ես խիստ կասկածներ ունեմ։ Ասում էին, որ իրենք բազմիցս դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը, բայց հիմա որոշել են դիմել նույն Հրայր Թովմասյանին, որպեսզի նա լուծում տա։ Այստեղ ես կարծում եմ կոորդինատների ճշտման փուլը ավարտին կհասցվի»,- ասաց Սիմոնյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախ բոյկոտեց Ազգային ժողովի նիստը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումը քաղաքական որակելով, ապա հայտարարեց, որ խորհրդարանական լծակներից օգտվելով՝ նախաձեռնում է երկու գործընթաց՝ ստորագրահավաք է սկսում քննիչ հանձնաժողով ստեղծելու և ՍԴ դիմելու համար։
Երկու դեպքում էլ նախաձեռնություններն ուղիղ առնչություն չունեն Գագիկ Ծառուկյանի քրեական գործերին և երկու դեպքում էլ 25 հոգանոց խմբակցության ձայները չեն բավարարում։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն՝ ԲՀԿ–ականները ցանկանում են վիճարկել արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման արգելքի իրավաչափությունը, իսկ խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու համար պետք է 33 ստորագրություն՝ առաջարկում են ուսումնասիրել համավարակի պայմաններում ձեռնարկված քայլերը, գնահատել դրանց արդյունավետությունը և մեղավորների պատասխանատվության հարց բարձրացնել։
ԲՀԿ–ի հույսն այս դեպքում ԼՀԿ աջակցությունն է, որը սակայն ներկայացնում է իր նախապայմանները։ ՍԴ դիմելուց առաջ կարող են օգտագործել ԱԺ–ի՝ արտահերթ նիստով պարետատան ցանկացած միջոցառում վերացնելու իրավունքը, կարծում են «լուսավորականները»։ Քննիչ հանձնաժողովի ստեղծման համար ցանկանում են ունենալ այդ հանձնաժողովի ղեկավարի աթոռը։ Էդմոն Մարուքյան․

«Քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից գրեթե մեկ ամիս առաջ, որից հետո խորհրդարանական ուժերին կոչ է արել Վանեցյանը, որ ստեղծեք հանձնաժողով, որից հետո այսօր «Բարգավաճ Հայաստան»–ը նախաձեռնել է նշված քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց։ Այս առումով, կարծում եմ առաջնահերթությունը պետք է տրվի մեզ։ Եվ երկրորդը՝ խորհրդարանում կա 3 քննիչ հանձնաժողով։ Մեկը նախագահում է «Իմ քայլը» դաշինքը և երկու քննիչ հանձնաժողով, որոնք նախագահում են ԲՀԿ ներկայացուցիչները։ Ճիշտ կլինի, որ մյուս հանձնաժողովն էլ «Լուսավոր Հայաստան»–ի ներկայացուցիչը նախագահի»։
Այսպիսով՝ «Լուսավոր Հայաստան»–ը դեռ հստակ «այո» կամ «ոչ» չի ասել ԲՀԿ–ին։ Ընթացքը կորոշվի բանակցությունների ընթացքում։ Բայց անգամ եթե անհրաժեշտ ստորագրությունները հավաքվեն, ԱԺ կանոնակարգով քննիչ հանձնաժողովի ստեղծման ամենամոտ ժամկետը սեպտեմբերն է։ Նստաշրջանն ավարտվում է և այս շաբաթ հերթական նիստերի վերջին քառօրյան է։
Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան»–ը չանսաց խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ավելի վաղ հնչեցրած կոչերին և այն ժամանակ չմիացավ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարին։ Իվետա Տոնոյանն ասում է, որ դա ունի իր բացատրությունը․
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը։ Ես, իհարկե, հարգում եմ բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի օրակարգը, բայց «Բարգավաճ Հայաստան»–ը ինքնաբավ քաղաքական միավոր է և ունի իր օրակարգը։ Մենք այս գործընթացի նպատակահարմար ենք համարել այս փուլում»։

Խորհրդարանական մեծամասնությունը իրականում դեմ չէ նման քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ Թեև ԲՀԿ–ն ստորագրություններ հավաքելու համար դիմել է ԼՀԿ–ին, բայց «իմքայլականները» նույնպես պարզաբանման ենթակա հարցեր ունեն։ Այս դեպքում խոսում են քաղաքական գործիչների և նրանց մերձավոր շրջապատի ներկայացուցիչների կողմից տարվող հակաքարոզչության մասին՝ դիմակներ չկրելու, կորոնավիրուսը որպես քաղաքական շահարկում օգտագործելու և այլ թեմաներով։
Խորհրդարանական մեծամասնությունը նորմալ է վերաբերում ԲՀԿ–ի քաղաքական նախաձեռնություններին՝ թե՛ ԱԺ նիստերը բոյկոտելուն, թե՛ տեղական և միջազգային կառույցներին դիմելուն, բայց նաև կոչ է անում իրավական հարցերը չքաղաքականացնել։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր պարզաբանեց, թե ինչու էր երեկ ԱԺ նիստերի դահլիճում լուռ խորհրդարանական մեծամասնությունը։
«Որովհետև իրավական գործընթացին, իրավական գործին «Իմ քայլը» խմբակցությունը այլ անելիք չուներ, քան լսել իրավական կողմը ներկայացնող դատախազի միջնորդությունը, լսել այդ առումով կողմ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հարցադրումները և ելույթները և փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը։ Լուռ էինք, որովհետև թե՛ ՀՀ հանրությունը, թե՛ միջազգային մեր գործընկերները իրավունք ունենք առանց որևէ ավելորդ զեղումների լսել և հասկանալ, թե ինչ է կատարվում իրավական գործի առնչությամբ»,- պարզաբանեց Մակունցը։

Գագիկ Ծառուկյանի գործը հերթական հանգրվանն է ունենալու այսօր։ Նախաքննության մարմինը որոշել է ԲՀԿ առաջնորդին մեղադրանք առաջադրել ու որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառել կալանավորումը։ Միջնորդությունը քննվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանի կողմից:
Դատավոր Պապոյանն իր գործունեությունը սկսել է 2011 թվականից։ Հանրային հնչեղություն ստացած գործերից 2019–ին նա քննել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս յոթ քաղաքացու վերաբերյալ գործը։ Այն առնչվում էր հեղափոխության օրերին քաղաքացիներին ահաբեկելու և հանրահավաքներին մասնակցելուն խոչընդոտելու դեպքերին։




