ԿարևորՀասարակություն

Հայանիստ գյուղը և ևս 6 համայնք մնացել են առանց տրանսպորտի

Արարատի մարզի Հայանիստ գյուղը և ևս վեց համայնք մնացել են  առանց տրանսպորտի։  35 համարի ավտոբուսը, որը սպասարկում էր այդ համանքները, մայիսի 18-ից չի աշխատում։ «Ռադիոլուրը» լսել է բոլոր կողմերին։

Տաթևիկ Ավետիսյանը Հայանիստ գյուղից Երևան աշխատանքի գալու համար  ամեն օր  ծախսում  է մոտ 3000 դրամ։  Ասում է՝ աշխատանքի հասնելու միակ փոխադրամիջոցը  տաքսիներն են։ Գյուղը երթուղային տրանսպորտ չունի։

Մայիսի 18-ից, երբ սկսեց գործել հանրային տրանսպորտը, 35 համարի երթուղային ավտոբուսը, որը սպասարկում է Հայանիստը և հարակից գյուղերը, այլևս  նշված գյուղեր չի  մտնում․ երթուղու վերջնակետն Արգավանդն է:  Պատկան մարմինները  բնակիչներին փոխանցել են՝  վիրուսի պատճառով երթուղին այլևս չի սպասարկվում։ 

 «Արգավանդից հետո բոլոր տեղերում վիրուսնե՞ր են: Հիմա մենք բոլորս աշխատում ենք, երեխա, ընտանիք ենք պահում: Մենք բոլորս կին ենք, դուրս ենք գալիս, ճանապարհներին կանգնում ենք, ձեռք ենք բարձրացնում, որ օտար տղամարդիկ կանգնեն, իրենց մեքենաներով մեզ իջեցնեն քաղաք, որ գնանք աշխատանքի: Այն օրը, երբ  աշխատանքի չենք գնում, մեր երեխան սոված է մնում»:

Բնակիչները նշում են, որ  խնդրի մասին տևական ժամանակ  բարձրաձայնում են, սակայն պատկան մարմինների պատասխանը նույնն է՝ ոչինչ անել չեն կարող, քանի որ դրա պատճառը կարանտինն է: Հիշեցնում են, որ նախկին իշխանությունների ժամանակ ճանապարհ փակեցին ու հասան հարցի լուծմանը։ Այժմ այդ համայնքները սպասարկում է միայն մեկ ընկերություն՝  3 մեքենայով, քաղաքացիների խոսքով՝ այս տրանսպորտից օգտվել հնարավոր չէ։

«Եկեք մեր գյուղ, տեսեք՝ այդ գյուղում մարդիկ ինչպես են ապրում, մարզպետն օրերից մի օր որևէ մեկի դուռը թակե՞լ է, տեսե՞լ է՝ ինչպես են ապրում: Ինքս տնակում եմ ապրում, չկա հիգիենայի որևէ պայման»:

Օրերս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը անդրադարձել էր այս հարցին, ասելով, որ այս պահին  ընթանում են բանակցություններ, բայց հիմնական պատասխանատուն միայն Արարատի մարզպետարանը չէ։

«Մի կողմից ասում են, որ  ուղևորահոսքի նվազման հետևանքով տրանսպորտը գյուղ չի հասնում: Մյուս կողմից էլ, թե գյուղեր հասնելու դեպքում գերծանրաբեռնված է լինում և խախտում չանելու համար խուսափում են  Հայանիստ մտնել: Ու միշտ չէ, որ ամեն ինչ, ինչ տեղի է ունենում Արարատի մարզում, կապված է մարզպետարանի հետ: Մենք ունենք մարզային երթուղիներ, որոնք մենք ենք սպասարկում և մրցույթներ անցկացնում: Իսկ ինչ վերաբերում է 35 համար ավտոբուսին, այն  սպասարկում է Երևանի քաղաքապետարանը»,- ասաց Սարգսյանը։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  տրանսպորտի վարչության պետի տեղակալ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման  Գալստյանը նշեց, որ 35 համարի  երթուղին  Երևանի քաղաքապետարանի   համայնքային սեփականությունն  է, հետևաբար պետք է սպասարկի միայն  Երևան քաղաքը։ Նախկինում Արարատի մարզի մի քանի գյուղերը սպասարկվել   են   փոխօգնության  շնորհիվ։  Իսկ այժմ  կա պարետի ցուցումը, որ ավտոբուսները միայն նստատեղերի քանակով ուղևոր պետք է փոխադրեն։ Իսկ 35 համարի երթուղին ունի 20-22  նստատեղ։

«Այսինքն՝ հինգ գյուղերից մինչև ավտոբուսը գալիս, հասնում էր Երևան, նստատեղն արդեն զբաղված էին լինում, ու երևացին չէր կարողանում օգտվել այդ տրանսպորտային միջոցից։ Արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր է, որ կրկին փոխօգնության կարգով երթուղին սպասարկվի, բայց մենք բանակցություններ ենք վարում, որ տվյալ գյուղերն ունենան իրենց տրանսպորտային  միջոցը, որը արդեն մարզպետարանի սեփականությունը կլինի։ Երևանի բյուջեն ձևավորվում է երևանցիների  հարկերից, հետևաբար տրասնպորտային միջոցը, որը Երևան համայնքի սեփականություն է,  պետք է սպասարկի երևանցիներին»,- ասաց Գալստյանը։

Բնակիչները մինչդեռ  սպասում են արագ  լուծումների, ասում են՝ եթե դրանք չլինեն,  ստիպված կլինեն փակել գյուղի խաչմերուկը։

Կարդացեք նաև

Back to top button