ԿարևորՀասարակություն

Եթե ընտրել ես իրավագիտությունը, մի խանգարիր այն դիմորդին, որն ուզում է պատմաբան դառնալ

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի դիմորդներն ընդունելության դիմում-հայտերը լրացնում են առցանց տարբերակով․ այցելում են  dimord.am կայք, գրանցվում համակարգում և  լրացնում հայտը։ Դիմորդներն իրենց ընտրությամբ և նախընտրած  հաջորդականությամբ նշում  են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի։ Յուրաքանչյուրը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին։

Քանի որ դիմորդները հանձնելու են մեկ քննություն, կարևորվել է մասնագիտության ընտրությունը։ Ընդունելության կարգում քաղաքականություն է փոխվել՝ ասում են ոլորտի պատասխանատուները։

Սաթենիկ Ստեփանյանը պատրաստվում է ընդունվել ԵՊՀ հոգեբանության բաժին։ Մասնագիտությունն ընտրելիս չգիտեր, որ դիմելու է համավարակի պայմաններում, դրանով պայմանավորված հանձնելու է ընդամենը մեկ քննություն, իսկ հայտն էլ լրացնելու է առցանց։ Թե ինչպես, փորձում եմ նրա հետ հասկանալ։ «Այստեղ կա «գրանցվել» կոճակ, սա ենք սեղմում, ԳԹԿ–ի հասցեն ենք գրում, այն ամենն ինչ ինձ տվել է դպրոցը, լրացնում եմ։ Անուն, ազգանունս, էլեկտրոնային հասցես և գրանցվում»։

Սաթենիկի ու այս տարվա բոլոր դիմորդների համար նորություն է դիմում հայտերում կատարված փոփոխությունը։ Արտաքուստ կարգը չի փոխվել, դիմորդներն էլի 2 անվճար և 8 վճարովի մասնագիտություն են նշելու, բայց փոխվել է մոտեցումը․գերակա է լինելու մասնագիտության ընտրությունը։ Թե ինչ է սա նշանակում, բացատրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։


«Առաջին տողով գրված մասնագիտությունը գերակա է բոլորի նկատմամբ՝ լինի դա անվճար, թե վճարովի։ Եթե ես գրել եմ, օրինակ, իրավագիտություն ու, եթե իրավագիտության անվճարը չանցա, նաև մրցելու եմ իրավագիտության վճարովիի համար, եթե չանցա, այստեղ նույնպես փոփոխություն ունենք․ ոչ թե ես իմ միավորով գալու եմ միջազգային հարաբերությանը հանեմ դուրս, միջազգային հարաբերությունը գնա արևելագետին հանի դուրս, ոչ։ Եթե միջազգային հարաբերություններում թափուր տեղ եղավ, ես գնալու եմ  միջազգային հարաբերություններ, պատմությունում թափուր տեղ եղավ գնալու եմ պատմություն, թափուր տեղ չեղավ, ես կարող է դուրս մնամ»։ 

Ընդունելության կարգում քաղաքականություն է փոխվել՝ ասում է  Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալը։ Գերակայությունը տրվում է մասնագիտության ընտրությանը և ոչ թե միավորին։ «Եթե դու մասնագիտություն ես ընտրել, ապա դարձիր այդ մասնագետը։ Եթե ընտրել ես իրավագիտությունը, մի փորձիր դուրս թողնել այն դիմորդին, որը ուզում է պատմաբան դառնալ, բայց ավելի ցածր միավոր է հավաքել։  Եվ դու չես սովորելու, և պատմություն սիրողին ես զրկելու սովորելու հնարավորությունից»։

Այս փոփոխությունը Սաթենիկին չի վախեցնում։  Ասում է՝ իր համար մասնագիտությամբ սովորելն ավելի կարևոր է, քան պարզապես որևէ տեղ ընդունվելը. «Ինձ համար կարևորը մասնագիտությունս է, ընդունվելը՝ նույնպես։ Ցանկությունս մեծ է, որ ընդունվեմ հենց ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետ, իսկ փոփոխությունները, կարծում եմ, չեն խանգարի ընդունելությանս։ Հենց սկզբից էլ ինձ  համար կարևոր է եղել նախ մասնագիտությունը։ Կարևոր չի, թե  որտեղ կընդունվեմ»։

Փոփոխությանը դրական է վերաբերվում նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, չի կարծում, որ այն դրական միավոր հավաքելու և «դուրս մնալու» հավանականությունը մեծացնում է. «Նույնիսկ ամենամրցակցային ֆակուլտետներում կարծում եմ հնարավոր կլինի 14-15 միավորով ընդունվել։ Այստեղ լավն այն է, որ այդ ամենի արդյունքում որևէ լավ պատրաստված դիմորդ չի տուժի։ Իսկ ավելի ցածր միավոր հավաքողն այն դիմորդն է, որի պատրաստվածությունը ցածր է։  Բնականաբար ոչ մի խնդիր չի լինի, եթե ինքն առաջին հայտով չընդունվի կամ ընդունվի այնպիսի ֆակուլտետ, որտեղ մրցույթ գրեթե չկա»։

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 18-ը։ Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտ կարող են ուղարկել ԳԹԿ առցանց եղանակով՝ հուլիսի 20-ից մինչև 22-ը ։ Բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհաստատվեն հուլիսի 25-ին։

Կարդացեք նաև

Back to top button