Հունիսի 9-ի դրությամբ Գնահատման եւ թեսթավորման կենտրոնն առցանց համակարգով 13 առարկայից միասնական քննություն հանձնելու հայտ է ստացել 8576 դիմորդ ից։ Հայտերի ընդունումը մեկնարկել է մայիսի 25-ին եւ շարունակվելու է մինչեւ հունիսի 15-ը՝ ժամը 18–ը։ Այս մասին «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը ։
Նա պարզաբանել է 2020-2021թթ․ ուսումնական տարվա ընդունելության քննությունների կարգին վերաբերող հիմնական հարցերը՝ սկսած դիմումներն առցանց ներկայացնելու ձեւից մինչեւ քննասենյակներում քննության ընթացքին հետեւելու և բողոքարկման գործընթաց։
Դիմորդներն այս տարի բուհ են ընդունվելու՝ մեկ քննություն հանձնելով։ ԳԹԿ փոխտնօրենի կարծիքով՝ սա պարտադրված, բայց հօգուտ դիմորդի արված քայլ է։ «Մեկ քննությամբ գնահատելը բարդացնելու է նաեւ ԳԹԿ-ի գործը, որովհետեւ հավասար միավորների դեպքում աշխատելու է 6 լրացուցիչ կետ։ Առավելություն են ունենալու մեդալակիրները, օլիմպիադաներում առաջին տեղ գրավածները, ատեստատի տարեկան բարձր գնահատականներ ունեցողները եւ այլն»,-նշել է Նասիբյանը։
Անդրադառնալով վճարովի և անվճար տեղերին՝ ԳԹԿ փոխտնօրենն ասել է, որ քաղաքականությունն այս հարցում արմատապես փոխվել է։
«Ինչպես նախորդ տարիներին, դիմորդը 2 անվճար և 8 վճարովի մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունի, առաջին տողով գրված մասնագիտությունը, սակայն, գերակա է բոլորի նկատմամբ՝ լինի անվճար, թե վճարովի», –ասել է Կարո Նասիբյանը։
Մանրամասները՝ հարցազրույցում։




