
«ՓՄՁ-ները բախվելու են լուրջ խնդիրների, քանի որ բնակչության գնողունակության կտրուկ անկման հետևանքով առաջիկա ամիսներին ներքին առևտրաշրջանառության մեջ ծագելու են իրացման հետ կապված լուրջ խնդիրներ, ինչն իր հերթին բերելու է բիզնեսի ծավալների և հարկերի նվազման»,- կանխատեսում է տնտեսագետ Կարեն Ավագյանը՝ համաձայնելով այն դիտարկմանը, որ հատկապես փոքր ու միջին բիզնեսն է իր վրա զգալու կորոնավիրուսային շաբաթների ծանր բեռը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք բավարար էր ՓՄՁ-ներին ուղղված պետական աջակցության ծավալը, «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակը նշում է, որ կառավարության ծրագրերում փոքր ու միջին բիզնեսն ընդգրկված է այն ծավալով, որ չդադարեցնի կենսագործունեությունը և փորձի պահպանել աշխատատեղերը։ Այդ ծավալները, պետության հնարավորությունները հաշվի առնելով, ունեն օբյեկտիվ պատճառներ, բայց բավարար չեն։

«ՓՄՁ գործունեությունը կազմում է ՀՆԱ-ի 20-25 տոկոսը, գուցե մեծ թիվ չէ, որ պետությունն առաջնահերթ անդրադառնա դրանց խնդիրներին։ Բայց փոքր ու միջին բիզնեսը մեծ զբաղվածություն է ապահովում, ու առաջիկայում երկրում կաճի գործազուրկների թիվը։ Եթե մինչ այժմ շատերը չէին ազատվել աշխատանքից ՓՄՁ-ներին կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ, ապա առաջիկայում կարող են ազատվել այն բարդությունների պատճառով, որոնց բախվելու են տնտեսավարողները»,-նշում է նա։
Տնտեսագետը կառավարությանն առաջարկում է հստակեցնել ՓՄՁ-ներին հետագա պետական աջակցության շրջանակները, որը պարտադիր չէ, որ գումարային լինի։ «Այդ աջակցությունը հնարավոր է հարկային զիջումների կամ վարկային արձակուրդի երկարացման տեսքով՝ պահպանելու աշխատատեղերը: Իսկ ճիշտ գործիքների կիրառման դեպքում կարելի է նաև հայտնաբերել աջակցության կարիք չունեցող տնտեսավարողներին, որոնց մասին խոսեց վարչապետը»,- ասում է Կարեն Ավագյանը։
Միաժամանակ տնտեսագետն անխուսափելի է համարում գործազրկության աճը, և սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով առաջարկում է պետական աջակցությամբ ստեղծել նոր, այդ թվում՝ ժամանակավոր աշխատատեղեր։
Կարեն Ավագյանը նաև ընդգծում է․ չնայած տնտեսական անկման կանխատեսումներին, հնարավոր է հայկական բիզնեսն ավելի արագ ու քիչ վնասներով կարողանա վերականգնվել՝ հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները։




