
Ցածր ուղևորահոսքի պատճառով արդեն մի քանի օր է Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի,Արագածոտնի ու Վայոց Ձորի մարզերում ներմարզային տրանսպորտը չի աշխատում։ Մնացած բոլոր մարզերում այն գործում է։
Մեքենաները մինչև երթը ախտահանվում են, վարորդների ջերմությունը չափվում է։ Եթե ջերմություն է արձանագրվում` նրանց հորդորում են ինքնամեկուսանալ։ Տրանսպորտային սահմանափակումներին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն է անդրադարձել։
Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով սահմանափակվում են մարդկային շփումները` նրանց շարժը օդային եւ ցամաքային տրանսպորտով։ Իսկ հանրային տրանսպորտը, մետրոն, գնացքը ախտահանվում են, վարորդների ջերմությունը չափվում, տրամադրվում ախտահանիչ նյութեր։
Ահա մի քանի օր է, ինչ մարզերը Երևանին կապող ուղեւորափոխադրող ընկերությունների մի մասը չի աշխատում։ Պարետը չի արգելել, սակայն ուղևորահոսքն է նվազել։
«Փաստացի ներմարզային տրանսպորտը գործում է հինգ մարզում։ Ցածր ուղևորահոսքի պատճառով Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի ու Վայոց Ձորի մարզերում ներմարզային տրանսպորտը չի գործում։ Իսկ այն մարզերում, որտեղ դրանք աշխատում են, մեքենաները մինչև երթը ախտահանվում են, վարորդների ջերմությունը չափվում է, եթե ջերմություն է արձանագրվում` նրանց հորդորում են ինքնամեկուսանալ»,- ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Մինչև քաղաքացիների տեղափոխման սահմանափակումն արդեն 80 տոկոսով նվազել էր ուղևորահոսքը։ Այժմ սպասարկող կազմակերպությունների մի մասն ընդհանրապես չի աշխատում։ Արդյո՞ք քննարկվում է աջակցության որևէ մեխանիզմ այս տնտեսվարողների համար` հարցնում եմ Արմեն Սիմոյանին․
«Կառավարության նիստում հաստատվեց բիզնեսին աջակցելու մի քանի փաթեթ, որտեղ տարբերակներ կան գյուղատնտեության, ՓՄՁ-ի համար, կարծում եմ, որ այս ոլորտի տնտեսվարողները նույնպես կարող են դիմել ու աջակցություն ստանալ»,- պատասխանեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։

Հնչող բոլոր հարցերին՝ ինչպե՞ս են մարզերից աշխատողները Երևան հասնելու, փոխնախարարը սահմանափակումների նպատակն է ներկայացնում․
«Սահմանափակումների ողջ իմաստը նրանում է, որպեսզի մարդիկ քիչ շփվեն` կորոնավիրուսով ու արտակարգ իրավիճակով պայմանավորված եւ համաճարակաբանական նկատառումներից ելնելով կանխարգելենք վիրուսի տարածումը»,- նշեց Սիոնյանը։
Ավիացիայի ոլորտում այս պահին գործում են 4 ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ։ Արմեն Սիմոնյանն ասում է, որ այստեղ նույնպես ուղևորահոսքը նվազել է․
«Եթե մարտի 8-ի դրությամբ ունեինք օրական 6000 ուղևոր, ապա այսօր՝ 800»։
Երկաթուղին աշխատում է ամբողջությամբ, բացառություն է կազմում ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին Երևան Գյումրի արագընթաց գնացքը։ Աշխատանքները դադարեցված են՝ կրկին ուղևորահոսքի բացակայության պատճառով։




