ԿարևորՀասարակություն

Հայաստանի հյուրանոցներում կտեղավորվեն կորոնավիրուսով վարակված թեթև հիվանդները

Հայաստանում  կորոնավարակի դեպքերն ավելանում են, սակայն   իրավիճակը հսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է, որ այս մեկ շաբաթում սահմանված ռեժիմը խստագույնս պահպանենք, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այլ երկրներում թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով,  մաեզանում պատկերն առայժմ այդպիսին չէ:  

Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հաստատված  290 դեպք կա։ Երկու խնամառուի վիճակ գնահատվում  է ծայրահեղ ծանր։  Նրանցից մեկն ԱՄՆ–ի  քաղաքացի է, մյուսը՝ ՀՀ–ի։

Երկուսն էլ  75–ից բարձր տարիքի են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Այս ընթացում  բուժվել է 18 քաղաքացի, շուրջ 100–ը դուրս է եկել  մեկուսացումից։ Նրանց մոտ կորոնավարակ չի արձանագրվել։  

«Մենք այսօր սպասում ենք ապամեկուսացման դեպքերի։  Այսօր հիվանդանոցային հզորությունները  ճիշտ կառավարելու խնդիր ունենք․ հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում։  Թեթև դեպքեր են, և հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ։  Որոշել ենք  թեթև դեպքերին տեղափոխել հյուրանոցներ»,- ասաց առողջապահության նախարարը։

Հյուրանոցները ժամանակ առ ժամանակ կախտահանեն իրենց սենյակները և կորոնվիրուսից հետո էլ այդ սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի՝ ասաց վարչապետը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ այդ ցուցումները հստակ կտրվեն․ այսօր էլ ախտահանվում են այն 7 վայրերը, որտեղ կան մեկուսացած մարդիկ:

Կորոնավիրուսով վարակված բուժքրոջ վիճակը լավ է, սակայն նա միակ բուժաշխատողը չէ, որ վարակվել է կորոնավիրուսով, ասաց նախարարը։ Վարակվածների շարքում կա ևս մեկ բժիշկ ու շտապօգնության մեքենայի մեկ վարորդ։

« Դա անխուսափելի է։ Չնայած նրանց տրամադրվել է անհրաժեշտ հագուստ, դիմակ, սակայն, ցավոք, նրանց մոտ ևս վարակի դրական պատասխան է գրանցվել: Իրենց կյանքին վտանգ չի սպառնում, և հուսով եմ իրենք էլ որևէ մեկի կյանքին վտանգ չեն սպառնում»,- նշեց Թորոսյանը։

Հիվանդանոցների բժիշկներն ապահովված են կենցաղային լավ պայմաններով։ Որոշ բժիշկներ նախընտրել են տուն չվերադառնալ տան անդամներին չվարակելու համար և բնակվում են հյուրանոցներում։ Հերթափոխ իրականացնելու համար նախապատրաստվել են 50 բուժաշխատողներ։ Վարակակիրների մյուս խումբը դպրոցահասակ երեխաներն են։ Նրանք իրենց լավ են զգում, կյանքին սպառնացող վտանգներ չկան։ Իսկ վարակակիր նորածին չունենք՝ ասաց նախարարը, բայց նաև  հավելեց՝ անկախ տարիքից բոլորը պետք է զգուշանան։

Երեկ կորոնավիրուսի թեստ հանձնած երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի առկայությունը  հաստատվել է։  Վարակն, ըստ պաշտռպանության նախարարի, փոխանցվել է զինծառայողներից մեկի ընտանիքի անդամից: Երեք դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկը։ Նրանք այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։

Միաժամանակ պարզվել  է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես։ Նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։ Թեստավորման համար ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:

Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։

Նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ առաջիկա օրերին  պատրաստ կլինի Հայաստանի այն բնակավայրերի քարտեզը, որտեղ արձանագրվել են կորոնավարակի դեպքեր։ Գյումրիում դեպքերը շատ չեն։ Վարակակիրների շփման շրջանակը պարզված է և մեկուսացված։ Բոլորը բուժվում են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, այստեղ նաև բուժվում են  այլ բնակավայրերից բերված հիվանդները։  Իսկ վարակը մարզեր է ներթափանցել հիմնականում դրսից եկած քաղաքացիների կողմից կամ այստեղ են վարակվել ու վարակել մյուսներին։

«Կոնտակտավորներին պարզելու շրջան ակը  շարունակական է և միշտ իրականացվում է։ Դեպքեր ունենք, որ  այն պարզ է 100 տոկոսով, և մենք չենք շարունակում համաճարակաբանական հետաքննությունը։ Դեպքեր կան, որ երկարատև շարունակում ենք՝  անընդհատ պարզելով նոր կոնտակտներ։ Մի խնդիր կա․  հաճախ մեր քաղաքացիները չեն համագործակցում  և չեն պատմում բոլոր շփումների մասին, ինչն ինձ համար զարմանալի է»,- ասաց նախարարը։

Ծանր հիվանդները բուժվում են հիդրոքսի քլորոքին  դեղամիջոցով։  Մյուս դեղը, որով բուժում են ստանում քաղաքացիները,  կիրառվել է ՄԻԱՎ–ի դեմ։   

«Սեփական տվյալների մասին հստակ բաներ ասելը դեռ վաղ է, որովհետև շատ քիչ օր է անցել և շատ քիչ պացիենտների վրա ենք  կիրառել ։ Սակայն  հետևում ենք  միջազգային գիտական լրահոսին, հետևում ենք մեր արտասահմանյան գործընկերներին և մշտական կապի մեջ ենք նրանց հետ, որպեսզի իրենց մոտ  մեծաթիվ պացիենտների բուժման արդյունքները նույնպես կիրառենք»,- նշեց Թորոսյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում, Արմավիրում, Արարատում, Կոտայքում։ Վայոց Ձորում և Գեղարքունիքում դեռևս  հաստատված դեպքեր չկան։

Կարդացեք նաև

Back to top button