ԿարևորՏնտեսական

Հայաստանում գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա․ ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Կենտրոնական բանկը հետևում է տնտեսական ու ֆինանսական զարգացումներին, պատրաստ է արձագանքել ցանկացած իրավիճակին, հայտարարել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

Նա վստահեցրել է, որ գլխավոր դրամատունն ունի   բավարար  պահուստներ, որպեսզի արտարժութային շուկան կարողանա հնարավոր ցնցումներից ապահովել։ Առաջիկա ամիսներին գնաճը շարունակելու է մնալ ցածր մակարդակի վրա, ասել  է Կենտրոնական բանկի ներկայացուցիչն ու  հայտարարել՝ 150 մլրդ դրամը, որը կառավարությունը պատրաստվում է որպես աջակցություն տրամադրել  բիզնեսին ու սոցիալական ոլորտին ըստ անհրաժեշտության, Կենտրոնական բանկից պարտք չի վերցնելու։

Արթուր Ստեփանյանն այսօր նաեւ հորդորել է հնարավորության դեպքում  վճարումներն անկանխիկ եղանակով կատարել։

Հայաստանի կենտրոնական բանկը վստահեցնում է՝ ֆինանսական համակարգը կայուն է, արտարժութային ցնցումներ համենայնդեպս այս պահին գխավոր դրամատանը չեն սպասում։

ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն ընդգծում է՝ տիրապետում են լայն գործիքակազմի, ըստ անհրաժեշտության` որոշակի մեղմումներ կիրականացնեն` հնարավոր բացասական զարգացումները կլանելու նպատակով։ Գնաճային ճնշումներ չեն սպասում,  արտարժութային ռիսկեր էլ չկան․

«Ես փոխարժեքի կանխատեսում երբեք չեմ արել ու չեմ անի, բայց մի ուղերձ հստակ է, որ Հայաստանում գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա»,- նշեց Ստեփանյանը։   

Վերջին տարիների վիճակագրությանը նայելիս՝ Հայաստանը գնաճային ամենացածր միջավայր ունեցող երկրներից է, ասում է ԿԲ ներկայացուցիչն ու  հիշեցնում՝  չնայած 2014 թվականին դրամի 20 տոկոսի արժեզրկում կար,   գնողունակության նվազում չարձանագրվեց։  

Ռուսական ռուբլին երկրորդ տատանողական արժույթն է աշխարհում։ Սա ոչ միայն առողջապահական խնդիրներով է պայմանավորված,  այլև համաշխարհային շուկայում տիրող նավթի գների տատանումներով։ Անորոշությունները շատ են, այս պահին որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի ռուսական ռուբլու հետ։

Որևէ ֆինանսական կազմակերպություն ԿԲ չի դիմել՝ իրացվելիության խնդիր ունենալու համար, քանի որ բանկային համակարգն ուժեղ ու կապիտալիզացված է, ասում է Արթուր Ստեփանյանը, միաժամանակ նշելով՝ Կենտրոնական բանկն ունի միջոցներ` բանկերին տրամադրելու համար։

Բանկերը և վարկային կազմակերպությունները  հաճախորդներին անհատական մոտեցում են ցուցաբերում՝ վարկային պարտավորությունների հետաձգման հերցով․ «Պատրաստ են այնպես վերաձևակերպել վարկային պարտավորությունները, որ հաճախորդների վարկային պատմությունը բացասական չդառնա եւ, բոլոր դեպքերում, որևէ պարտավորությունների կտրուկ աճ չլինի հաճախորդների մոտ»,- ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամը։

 ԿԲ  հավատարիմ է մնալու լողացող փոխարժեքի քաղաքականությանը, սակայն պատրաստ է ֆինանսական շուկաները հանգստացնել՝ ըստ անհրաժեշտության։

Արթուր Ստեփանյանը հորդորում է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարումների համակարգից, հնարավորության դեպքում  հին թղթադրամներն անպայման փոխարինել նորերով։

«Կոչ ենք անում օգտվել առցանց հավելվածներից, որոնք այսօր համակարգն ունի, անկանխիկ վճարումների իրականացումը նույնպես ստեղված իրավիճակում կարևորում ենք»,- հավելեց Ստեփանյանը։

ԿԲ խորհրդի անդամը հայտարարեց՝   150 մլրդ դրամը, որը կառավարությունը պատրաստվում է որպես աջակցություն տրամադրել բիզնեսին ու սոցիալական ոլորտին, Կենտրոնական բանկից  պարտք չի վերցնելու։ Կառավարությունը դրա համար ունի բավարար ֆինանսական միջոցներ։ 

Կարդացեք նաև

Back to top button