
Երկար էին մտածել, ու երբ եկավ պահը, որոշեցին գործել արագ։ Լիբանանահայ ամուսինները 2016-ին իրականություն դարձրին հայրենիք տեղափոխվելու իրենց երազանքը։ Տուն, աշխատանք, այսօր ամեն ինչ ունեն։ Լիբանանահայ Հռիփսիմե Տեր-Պետրոսյան- Բալյանը վստահեցնում է՝ Հայաստանում էլ հնարավոր է ապրել, եթե շփացած չապրես։
Այն, ինչ հայրենիքում վշտացնում է տիկին Հռիփսիմեին, մարդկանց մեջ հայրենասիրության պակասն է։ Ասում է՝ Սփյուռքում այլ կերպ են մեզ դաստիարակում, այնտեղ հայրենիքը ամեն ինչ է։ Հայրենիքում նա երջանիկ է, բայց երջանկության ակնոցները չեն խանգարում տեսնել հայրենիքի սուր անկյունները։
Բավականին հասուն տարիքում ամուսիններով որոշեցինք՝ վերջապես զգալ հայրենիքի հողի հոտը, ջերմությունը, տեսնել՝ ինչպիսին են այստեղ ծառերը։ Լիբանանահայ Հռիփսիմե Տեր-Պետրոսյան- Բալյանն ու նրա ամուսինը տարիների երազանքն իրականություն դարձրին ու կատարեցին իրենց վճռական քայլը 2016-ին։
«Տունը գնեցինք 2016-ին, իսկ 2017-ին փոխադրվեցինք, և բերինք մեր ամեն հիշողությունները Լիբանանից։ Ամեն ինչ բերել եմ՝ պատառաքաղից մինչև ասեղ, որպեսզի ապրենք մեր հայրենիքում, բայց չմոռանանք Լիբանանը»,– պատմում է Հռիփսիմեն։
Ասում է` հեշտ եկան։ Երեխաներ չունեն, իրենք ու իրենց գլուխը, ամուսիններով վերցրին ու եկան։ Իսկ ինչպե՞ս նրանց դիմավորեց հայրենիքը։

Անակնկալները շատ չէին, առաջին անգամ չէին Հայաստանում։ Բացի այդ՝ հայրենիքում ապրելու հպարտությունը ստվերում էր բոլոր խնդիրները։
«Առանց գիտակցելու չեկանք, չորս անգամ եկած-պտտած էինք։ Եվ իսկապես հպարտությամբ կդիտեինք ամենը՝ ախ, սա մեր հայրենիքն է, ախ սա մեր հայրենիքն է, ախ ինչ գեղեցիկ է։ Մենք մեզ ոգևորել էինք, և այդպես կշարունակվի մինչև հիմա։ Հավատացեք, բնավ չենք զղջացել, մենք չենք զղջացել, ուրիշները ՝ չգիտեմ։ Ամենավատ բանը, որ այստեղ նկատել եմ և ինձ իսկապես ցավ է պատճառել՝ հայրենիքի մեջ ապրողները մեզի չափ հայրենասեր չեն»,– ասում է Տեր-Պետրոսյան- Բալյանը ։
Տիկին Հռիփսիմեն անկեղծ զարմանքով հարցնում է՝ այստեղ դպրոցում չե՞ն սովորեցնում, որ հայրենիքը պետք է սիրել, երեխային մանկությունից չե՞ն դաստիարակում, որ հայրենիքը ամենաթանկն է։ Գուցե նրանից է, որ այստեղ չեն պատկերացնում, որ հայրենիքը հնարավոր է նաև կորցնել։
Այս ենթադրությունն էլ անգամ հայրենասեր կնոջ համար արդարացում չէ։ Եթե հայրենիքը չսիրես, չի հարատևի, սա է նրա պատկերացումը, որով սնվել է մանկությունից։ Ասում է՝ Սփյուռքի մեջ անընդհատ ասել են՝ մենք հայրենիք ունենք, որը պիտի պահենք, պիտի պահենք նաև մեր հայությունը, սրանով է լցված եղել հոգին ու միտքը։ Հայրենիքում հայրենասիրության պակասի պատճառը գուցե սոցիալական արմատներ ունի՞․ սա տիկին Հռիփսիմեի ենթադրություններից մեկն է, անընդհատ փորձում է բացատրել իր համար գոնե անբացատրելին։
«Մարդիկ այնչափ ուրիշ բանի կարիքը կզգան, որ հայրենիքի մասին մտածելու ժամանակ չունեն։ Իրենք կկարծեն, որ իրենք պետք է նախ լավ ըլլան, իրենք պիտի կուշտ ըլլան։ Չէ, նախ հայրենիքը պիտի կուշտ ըլլա, հետո դուն։ Մենք կորցրինք ու հիմա գիտենք հայրենիքի արժեքը, բայց այնպես մի արեք, որ դուք էլ կորցնեք, որպեսզի իմանաք դրա արժեքը»,– նշում է տիկին Հռիփսիմեն։
Սիրո վարդագույն ակնոցները, որով տիկին Հռիփսիմեն երջանիկ ապրում է հայրենիքում , այնուամենայնիվ, չեն խանգարում տեսնելու սիրո պակասը։ Մարդիկ մի տեսակ անտարբեր են դարձել, միմյանց օգնելու, հասնելու նախկին ոգևորությունը չեմ տեսնում , ասում է․
«Մենք մի հարց ունենցանք քննչական այդ բանի հետ, որովհետև պզդիկ մի երեխա՝ 17 տարեկան գող էր մտել մեր տուն։ Ես քննիչին ասում էի ՝ ցավում եմ , որ 17 տարեկան իմ հայ տղան գողություն է արել, ինձ համար ցավը դա է, հոգ չէ տանս գողությունը, նա ասում էր՝ զարմանալի մարդ եք, ձեր նման շատերը թող գան Հայաստան։ Ասում էի՝ Սփյուռքում ամենքը այսպիսին են, որովհետև չենք ուզե, որ մեր հայ երեխաները գեշ ճամփով երթան։ Բռնել ծեծել էին, ծեծելով չեն դաստիարակե, պետք է բացատրել։ Այդ տղան պիտի բացատրելով, անուշությունուվ հասկընա, որ իր ճամփան սխալ է»,– ասում է հայրենիք վերադարձած զրուցակիցս։

Տիկին Հռիփսիմեն Հայաստանում վայելում է վաստակած հանգիստը։ Մինչդեռ Լիբանանում երկար տարներ ՀՕՄ-ի ձեռագործության արվեստանոցի պատասխանատուն էր։ «Ամեն ձեռագործ իմ ձեռքի տակով կանցներ, ես էի որոշում՝ ինչ գույնով, ինչ թելով, ինչ չափսի։ Ամեն ինչ վաճառում էինք և ուղղում բարեգործությանը»,-հպարտությամբ արձանագրում է զրուցակիցս։ Հայաստանում ամուսինն է աշխատում նախկին ծանոթների փռում։ Լավ ենք, չենք դժգոհում , ասում է։
«Փառք Աստծո, անոթի չենք, տան վարձք չունենք, օթոն վարելու չափ բենզին ունենք։ Ապրում ենք, դրամը ու՞մ համար մի կողմ դնենք»։
Տիկին Հռիփսիմեի խորին համոզմամբ, Հայաստանում էլ ապրել հնարավոր է, բայց չափդ պիտի իմանաս, շփացած չլինես։ Ինչպես ասում է՝ էկոնոմիով այստեղ շատ էլ լավ կարող ես ապրել։ Հետաքրքիր զրուցակիցս օգտակար էլի շատ խորհուրդներ է տալիս, զրուցում ենք դեսից, դենից, բաժանվում դժվարությամբ, իսկ ճանապարհելիս հիշում է, որ բաց ենք թողել ամենակարևորը՝ հայ տղամարդկանց թեման։ Նրանց հարցում տիկին Հռիփսիմեն անողոք է։
«Ես տեսնում եմ, կիները իրենց համար ոչ մի արժեք չունեն։ Եղբայր, կինը քո զավակներուդ մայրն է, կյանք է տվել քո ընտանիքին։ Շատերը ընտանիքը թողել գնացել և ոչ մի ղուրուշ չեն ուղարկում։ Կարծում են էրիկ մարդը զարնելով է տղամարդ, չէ եղբայր, տղամարդը իր կինը լավ պայմաններու մեջ ապրեցնելով է տղամարդ»։
Տիկին Հռիփսիմեն իր ընտանիքի օրինակով վարակել է բազմաթիվ լիբանանահայերի, ասում է՝ ինձ շատերն են ասում՝ կգանք, եթե մի լավ ամսեկանով գործ լինի։ Մտածելակերպի տարբերությունն էլ, ըստ նրա, վնաս չունի։ Ասում է՝ սկզբի համար քիչ մը ներող կըլլան, հետո կվարժվին։




