
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում շրջաբերական է տարածել՝ ուղղված ԱԺ պատգամավորներին և աշխատակիցներին:
Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու գործում կարևորելով յուրաքանչյուրի մասնակցությունը՝ ԱԺ նախագահը հորդորում է պատգամավորներին և աշխատակիցներին հնարավորինս նվազեցնել ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ և իրենց աշխատանքային պարտականությունները կատարել առցանց, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որևէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած գործընկերներին ժամանակավորապես հնարավորինս ինքնամեկուսանալ։
«Կոչ եմ անում նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, հաճախակի ախտահանել ձեռքերը և ձեռքերով հաճախ հպվող առարկաները, խուսափել դեմքին դիպչելուց, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց»,–նշված է շրջաբերականում։
Միաժամանակ նա տեղեկացրել է, որ հաշվի առնելով մանկապարտեզներում և դպրոցներում դասապրոցեսի՝ վարակի կանխարգելմամբ պայմանավորված ժամանակավոր ոչ բնականոն ընթացքը, ԱԺ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր մանկապարտեզ կամ տարրական դպրոց հաճախող երեխա ունեն և իրենք են հոգում այդ երեխայի խնամքը, աշխատանքային օրվա ընթացքում ողջախոհության սահմաններում կարճատև բացակայությունների համար կարգապահական տույժեր չեն կիրառվի։




