ԿարևորՀասարակություն

Կուրթանցի Մեխակը խառնեց սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը

Ապրիլի 5–ին հանրաքվեի քարոզարշավի կեսից միայն ակտիվացավ «Այո» և «Ոչ»–ի աշխատանքը։ «Այո»–ն այսօր մարզերում էր, հանդիպում էին քաղաքացիների հետ։ Թեմաները տարբեր էին, առաջին անգամ ընթերցվեց Հանրաքվեի հռչակագրի տեքստը, որն ըստ էության, նոր իմաստ է տալիս առաջիկա հանրաքվեին։ Այսօրվա քարոզարշավին, ի դեպ, մասնակցել են մի շարք նախարարներ և պատգամավորներ, որոնք, կարգի համաձայն, կարճատև արձակուրդ են վերցրել՝ խախտումներ թույլ չտալու համար։ «Ոչ»–ի կողմնակիցները նույնպես այսօր ասելիք ունեցել են։ Հանրությանը ներկայացնելու ձևերն են տարբեր եղել՝ ասուլիսներ և հայտարարություններ։  

Այնպես ստացվեց, որ կուրթանցի Մեխակը՝ իր առողջական և կենցաղային խնդիրներով  դարձավ գործոն սահմանադրական հանրաքվեի քարոզարշավում։ Համենայնդեպս հանրաքվեի 44–օրյա քարոզարշավի մոտ մեկ օրը բաժին հասավ հենց նրան։ Մեխակին հաջողվեց գրավել «այո»–ի և «ոչ»–ի կողմնակիցների ուշադրությունը։ «Ոչ»–ի կողմնակիցները դժգոհ էին երիտասարդի հետ վարչապետի խոսելու տոնից, վարչապետը հրապարակավ ներողություն խնդրեց նրանից, Մեխակն էլ այսօր իր երկաթե տնակում բազմաթիվ հյուրեր ընդունեց։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի և Մեխակ Առաքելյանի զրուցի մեծ մասը առանց վկաների էր։ Քարոզարշավի շրջանում պատգամավորը փորձեց չխախտել օրենքները։

 «Ծանոթացել ենք Ձեր երեկվա հարցազրույցին, ես որպես Աժ պատգամավոր ամեն դեպքում պետք է այցելեի Ձեզ, բայց նաև մեր համաքաղաքացիները, մեր հայրենակիցները արտերկրում բնակվող իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնել Ձեզ։ Ես շատ չեմ մանրամասնի` անտեղի շահարկումներ թույլ չտալու համար։ Գիտեք, որ ընտրական պրոցեսի մեջ ենք։ Առավել կներկայացնեմ նաև հանրությանը, եթե հետաքրքիր է հանրաքվեից հետո»,- նշեց Սիփան Փաշինյանը։

«Այո» քարոզչության խմբի այսօրվա հանդիպումներում Մեխակ Առաքելյանը թեմաներից մեկն էր։ Գորիսում, Սիսիանում, Գորայքում և տարածաշրջանի այլ բնակավայրերում հանդիպումների նորություններից էր Հանրահավաքի հռչակագրի տեքստի հրապարակումը։ Վարչապետն այսօր տեքստը հրապարակեց առաջին անգամ։ Այն բաղկացած է 6 կետից, մինչև մարտի 31–ը «Այո»–ի շտաբերում կընունվեն փաստաթուղթը լրամշակելու առաջարկները։

«Շատ լավ առիթ է, որպեսզի մենք բացի հանրաքվեի դրվող բուն տեքստից նաև նկարագրենք տեղի ունեցող պրոցեսի քաղաքական կոնտեքստը։ Ոչ միայն Սահմանադրության այդ կոնկրետ փոփոխությունը տեղի կունենա, այլ՝ կտրվի նախնական, ընդհանուր գծերով քաղաքական գնահատական մեր վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին»,- ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով, հռչակագիրը յուրօրինակ իրավաքաղաքական գնահատական է, որ տրվելու է բոլոր նախորդ իշխանություններին։ Պահանջ, որ միշտ եղել է, բայց գնահատական, որ երբևէ չի եղել։ Վարչապետի ներկայացմամբ՝ չեն գնացել տեքստ գրելու և խորհրդարանում մեկ ուժի կողմից հայտարարություն ընդունելու և դատապարտելու ճանապարհով։ Ըստ էության՝  ապրիլի 5–ի հանրաքվեին սրանով տրվում է նոր՝ լրացուցիչ իմաստ։

Մինչդեռ «ոչ»–ի կողմնակիցներից «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը այլ իմաստ է տեսնում հանրաքվեում։

 «Ծաղիկ էլ կբաժանեն, գիրք էլ կբաժանեն, կհամոզեն, կխնդրեն, կաղաչեն, որ քվե ստանա։ Ինչու՞, որովհետև եթե տապալվեց այս հանրաքվեն, եթե ինքը չհավաքեց այդքան ձայն, ապա ճամպրուկները հավաքելու ժամանակն է գալու։ Սա լինելու է վստահության հանրաքվե»,– ասաց Բաբայանը։

Թեև քարոզարշավը վերաբերում է սահմանադրության ընդամենը մեկ հոդվածի փոփոխությանը, որը որոշելու է ՍԴ ապագան, բայց Վահան Բաբայանի համոզմամբ՝ քաղաքացիները վարչապետից ցանկանում են լսել բոլորովին այլ ելույթներ, և սահմանադրական փոփոխության նրբությունների ներկայացումը քաղաքացիներին հետաքրքիր չէ։

 «Մարդիկ կան այսօր թունդ ընդդիմադիր են Նիկոլ Փաշինյանին, բայց 2018–ի ապրիլ–մայիսին փողոց էին փակել։ Մեր հասարակությունը, մոր ժողովուրդը այնպես չի, որ ով ինչ ասաց՝ այդպես էլ մնալու է։ Փաշինյանը պետք է հասկանա, որ արժեք չունի այդ ամեն ինչը։ Իսկ մնացած այդ հեքիաթները՝ 6 տարի պետք է լինի, 30 թվականին էր հանում, արդեն դա ո՞ւմ է հետաքրքիր է։ Ուրեմն մեղրեցիները էլ խնդիր չունեին, որ այդ հարցերը խոսես, մարդկանց հետ զրուցես, լուծոմներ տաս, Քաջարանի, Մեղրիի ժողովրդին ասում է Արսեն Բաբայանը դիմումը այսինչ ժամանակ գրեց, Արա Բաբլոյանը սենց արեց, ամսի 5–ին պիտի Գագիկ Հարությունյանը ․․․ դա ի՞նչ խոսակցություններ են, դա ո՞ւմ է հետաքրքիր»,– ասաց «Ոչ»–ի կողմնակիցը։   

Հակառակ այս համոզմունքին «Այո» քարոզարշավի մասնակիցները շարունակում են մարզից մարզ և գյուղից գյուղ ներկայացնել, թե ինչու են կարևորում դատական համակարգի և ՍԴ փոփոխությունը։ Հիմնավորումներն այսօր քաղաքացիներին ներկայացրել են Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Արայիկ Հարությունյանը։

Մինչ «Այո»–ի քարոզարշավը մարզերում էր, այստեղ ԿԸՀ–ին ահազանգել են «Ոչ» քարոզչության խմբի անդամները։ Ռոբերտ Հայրապետյանի և Ռուբեն Մելիքյանի ներկայացմամբ՝ խնդրահարույց են համարվում Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված քարոզչական վահանակները։ Այնտեղ հստակ երևում է «Այո»–ի քարոզը։ Հիմնավորելով, որ քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն օրենքով նախատեսված և թույլատրելի վայրերում, Իսկ նշված տարածքը չի մտնում այդ վայրերի մեջ «Ոչ»–ի խումբը ԿԸՀ–ին խնդրել է քայլեր ձեռնարկել այս խախտումները անհապաղ վերացնելու և քարոզչական պաստառներ ներառող վահանակները տեղադրողներին պարզելու ուղղությամբ։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ԿԸՀ–ից հավաստիացրել են․ կձեռնարկվեն նախատեսված միջոցներ խախտումը վերացնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button