
Այս շաբաթ խորհրդարանում ընդունվեց կարևոր մի նախաձեռնություն, որը շատ սպասված է եղել կենսաթոշակառուների կողմից։ Գաղտնիք չէ, որ անկանխիկ եղանակով թոշակ ստանալու գործող պայմաններից մեկը տարին մեկ անգամ կենսաթոշակառուի ներկայանալն է բանկ։ Հասկանալի է, որ կենսաթոշակառուների մի մասը առողջական և տեղաշարժվելու խնդիրներ ունի։ Կան նաև կենսաթոշակառուներ, որոնք ՀՀ քաղաքացիներ են, բայց ապրում են ՀՀ տարածքից դուրս։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ, Կառավարության և Աժ համաձայնությամբ, խնդիրը կարծես լուծում է ստանում, կենսաթոշակառուն այլևս ստիպված չի լինի անձամբ հասնել բանկ՝ այս աշխարհում իր ներկայությունը հաստատելու համար։
Եթե պետությունն իր հիմնավորումներն ունի, թե ինչու է կենսաթոշակառուն ստիպված ամեն տարի ներկայանալ բանկ, ապա կենսաթոշակառուներն իրենք դա որոշ իմաստով վիրավորական են համարում։ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հասկանում է՝ ինչից են վիրավորվում կենսաթոշակառուները.
«Ինչ է նշանակում՝ մարդկանց հնարավորություն ենք տալիս, որպեսզի իրենք հնարավորինս հեշտ ապացուցեն, որ իրենք ողջ են կամ իրենք Հայաստանում են։ Ապագան տեսնում եմ հետևյալ կերպ` գոյություն ունի այն մարդկանց ցուցակը, որոնց պետությունը պետք է կենսաթոշակ վճարի։ Գոյություն ունի պետություն, որ գրանցում է այդ քաղաքացիների մահերը, գոյություն ունի պետություն, որ գրանցում է մեր քաղաքացիների բացակայությունները, և այդ ամեն ինչը պետք է լինի ավտոմատացված»։
Սա թվայնացված համակարգերի համադրության խնդիր է։ Մինչ այն կլուծվի` «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկով վիճահարույց այս կարգավորումը առաջիկայում կարող է լուծվել այլ տարբերակով։ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու միջոցով կենսաթոշակառուները կազատվեն տարին մեկ անգամ բանկ ներկայանալու պարտավորությունից։ Քաղաքացու հետ կապ հաստատելու միջոցը պատգամավորներն անգամ պատկերացնում են` ելնելով զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունից։ Այլ հարց է, թե որքանով են կենսաթոշակառուները յուրացրել ՏՏ ոլորտի նորությունները։ Եթե պատգամավորներից Բաբկեն Թունյանը կասկած ունի կենսաթոշակառուների հնարավորություններ հարցում, ապա Մանե Թանդիլյանը պնդում է՝ գալիս է կենսաթոշակառուների նոր սերունդ։
Բաբկեն Թունյան. «Ուզում եմ հասկանալ, թե որքանով է դա իրատեսական, քանի որ ոչ բոլոր կենսաթոշակառուները ունեն բավարար գիտելիքներ հեռահար բանկային սպասարկումից օգտվելու համար և ոչ բոլորն ունեն բավարար տեխնիկական հնարավորություններ՝ համակարգ կամ հեռախոս»։
Մանե Թանդիլյան. «Պետք է ասեմ, որ թաշակուների տարիքն ու կառուցվածքն է փոխվում, նաև ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու իրենց հնարավորություններն ու կարողությունները զարգանում են։ Հետևաբար, հնարավոր և կիրառելի է։ Տարբերակներից մեկով՝ ֆիքսված հեռախոսակապի և Skype զանգի միաժամանակյա հնարավորություն։ Օրինակ՝ այդ տիպի ծառայություն այսօր մատուցվում է։ Այսինքն՝ ֆիքսված հեռախոսակապը ՀՀ–ում գտնվելու հանգամանքն է ֆիքսելու և Skype զանգը՝ անձի նույնականացումը և ողջ լինելու հանգամանքը»։
Հայաստանում գործող 17 բանկերից 4–ում բանկային հեռահար ծառայություն գործում է։ Կենսաթոշակառուների դեպքում, իհարկե, կարգավորումը չի կարող պարտադրվել։ Սա պարզապես գործիք է բանկերի միջև մրցակցությունը խնթանելու համար։ Եթե կենսաթոշակառուն իր կենսաթոշակը ստանում է մի բանկի միջոցով, որը հեռահար ծառայություն չի մատուցում, ապա նա ազատ է փոխել բանկը և օգտվել այլ բանկի ծառայություններից։
Այս կարգավորումներին կառավարությունը նույնպես կողմ է։ Այնպես որ, խորհրդարանն այս շաբաթ վերջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոր կարգ սահմանող նախագիծը։ Օրենքի ուժ այն կստանա, երբ փաստաթուղթը ստորագրի հանրապետության նախագահը, և կսկսի գործել հրապարակվելուց 3 ամիս անց:




