
Սիրային կրքեր, ննջասենյակային զավեշտալի իրավիճակներ՝ «Ննջասենյակային զավեշտ» ստեղծագործությունը Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմում էր ռեժիսոր Ժիրայր Բաբազյանի բեմադրությամբ։ Երեք զույգի խելահեղ պատմություն, որը զարգանում է ննջասենյակում։ Չորրորդ զույգն իր կռիվներով, խնդիրներով, անընդհատ խանգարում է նրանց ու ամբողջ երեկոն տակնուվրա է անում :
Պետական Կամերային երաժշտական թատրոնի բեմում եմ։ Մահճակալներ են, անկողիները բացված սպասում են իրենց տերերին։ Իսկ տերերը` այս դեպքում դերասանները, վերջին ուղղումներն են անում, քիչ անց ներկայացումը կսկսվի։ Բեմադրվում է Ալան Էյկբորնի «Ննջասենյակային զավեշտ» ներկայացումը։ Այն 18+ է։ Բեմադրող ռեժիսոր Ժիրայր Բաբազյանը հորդորում է անկողիններին չխաբվեմ, ասում է` անկողնային ներկայացում չէ։ Գերզգացմունքային ու հետաքրքիր լուծումներով ներկայացում է լինելու։ Առաջին անգամ բեմադրվել է Լոնդոնում՝«Bedroom farce»- անունով։ Անգլերենում թատերական եզրաբանություն է, թեթև, բուլվարական այն պիեսներին են անվանում, որտեղ ամուսինը, սիրեկանը թաքնվում են պահարանում, մեկը մտնում է անկողնու տակ և այդպես:

«Հայերեն թարգմանությամբ «զավեշտ» բառը մի քիչ իրոնիայով է արված, մեջը մի քիչ դառնություն կա»,- ասում է ռեժիսորը։
Պիեսը չորս տարբեր զույգերի մասին է։ Ներկայացվում են մեծահասակ, նորապսակ, մի քիչ հարուստ զույգերի սիրային, ընտանեկան փոխհարաբերությունները։ Երեք զույգն ապրում է առանձին ննջարաններում։ Նրանց խանգարում է չորրորդը` իր կռիվներով, խնդիրներով, ու ամբողջ երեկոն տակնուվրա է անում:
Ներկայացման գործողությունները որեւէ կոնկրետ ժամանակաշրջան չէ, որ տեղի են ունենում։ Տեղի են ունենում այսօր` հենց այս պահին։ Հերոսներից յուրաքանչյուրի կյանքում էլ կան լարված իրադարձություններ, սակայն նրանցից ամենախճճվածը, թերեւս, Սյուզանի եւ Թրեվերի հարաբերություններն են։ Այս կերպարները մարմնավորել են Անահիտ Կիրակոսյանն ու Վիլեն Սարգսյանը։

Զույգը փորձում է հարթել իրենց խնդիրները մյուսների այսպես ասած «անկողնում»: Անահիտ Կիրակոսյանը ասում է, որ նման խենթ հերոսուհու դեռեւս չէր մարմնավորել, բայց շատ է սիրել Սյուզանի կերպարը։ Նրան շատ սիրում է նաև սկեսուրը ու նրանց հարաբերությունները ավանդական հարս — սկեսուր հարաբերություններից դուրս են։
Թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը նշում է, որ Ալան Էյկբորնի գործերից Հայաստանում առաջին անգամ է բեմադրվում։ Այն նորարարական լուծումներով, զգացմունքներով ու զավեշտալի իրավիճակներով ներկայացում է։ Բեմում Արա Դեղտրիկյանը, Անահիտ Կիրակոսյանը, Վիլեն Սարգսյանը, Աելիտա Գևորգյանը, Կարապետ Քարաջյանը, Արթուր Պետրոսյանը, Լաուրա Բաբայանը և Արևիկ Ավետիսյանն են։ Իսկ հանդիսատեսը «Ննջասենյակին զավեշտին» կարող է ականատես լինել նաեւ Կանանց միջազգային օրը` մարտի 8 -ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում։





