
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է։ Մեզ հաջողվում է շատ հստակ քայլերով մեր բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչել՝ որպես հայ-վրացական առավել խորացող հարաբերությունների առանձնահատկություններից մեկն այսօր շեշտել է վարչապետ Փաշինյանը։ Փաշինյանը նաև շեշտել է, որ հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ պատկերացումները ռազմավարական են։
Իր հերթին Գիորգի Գախարիան նկատել է, որ կա համակարծություն և համոզմունք հայտնել, որ հերթական այս հանդիպումը ևս կլինի արդյունավետ ու հիմք կդառնա երկու ժողովուրդների հարաբերությունների է՛լ ավելի խորացման համար։
Պաշտոնական այցով Վրաստան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունից հետո, տեղի է ունեցել վարչապետ Գիորգի Գախարիայի հետ առանձնազրույցը։ Քննարկման առանցքում հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերն են։
Վրաստանի և Հայաստանի ղեկավար կազմի մտքերի փոխանակության ժամանակ այսօր քննարկվել է նաև անվտանգության հարց. Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, Վրաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Հայաստանի համար՝ նախ իր առաջարկած այս բանաձևի մասին է հիշեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին անգամ Վրաստան պաշտոնական այց ունենալով վարչապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը կես ամիս անց՝ ես հենց այս բանաձևն եմ առաջարկել մեր հետագա հարաբերությունների հիմքում դնելու համար։ Մենք ողջունում ենք Վրաստանի այն դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Ընդհանրապես կոնֆլիկտները և, մասնավորապես, մեր տարածաշրջանի կոնֆլիկտները բացարձակապես նման չեն մեկը մյուսին։ Բացարձակապես տարբեր են իրարից։ Եվ եթե ընդհանուր բանաձևերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, դրանք վաղուց լուծված կլինեին։ Ուրախ եմ, որ այս առումով մենք կարող ենք գործնական և կառուցողական երկխոսություն ունենալ և ունենք Վրաստանի մեր գործընկերների հետ»։
Մենք միշտ էլ իրար հետ զրույցներում համաձայնել ենք, որ բարձր մակարդակի հանդիպումները հիմք են նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքի համար՝ ասում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։ Նա հիշում է հայ գործընկերոջ հետ Երևանում ունեցած հանդիպման մասին, այն գնահատում շատ արդյունավետ, ապա համոզմունք հայտնում, որ հերթական այս հանդիպումն էլ արգասաբեր կլինի՝ հիմք դառնալով երկու ժողովուրդների հարաբերությունների է՛լ ավելի խորացման համար։
«Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում և մենք՝ կառավարություններս, պետության ղեկավարներս հասկանում ենք, որ տարածաշրջանի կայունությունը մեր երկու երկրների զարգացման անխուսափելի հիմքն է։ Նախ մենք պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության մասին, հետո նոր՝ տնտեսական, քաղաքական, մշակութային և բոլոր այն հարցերի մասին, որոնք այսօր շոշափվելու են։ Մենք համոզված ենք, որ մեր երկրների խաղաղությունը, զարգացումը և հեռանկարը կապված է Եվրաատլանտյան տարածքին ինտեգրվելու հետ և, համոզված եմ, որ Արևելյան գործընկերության շրջանակներում դուք ևս ցանկանում եք Եվրոպային ինտեգրվել։ Եվ համոզված եմ, որ մենք երկուստեք ձգտում ենք մեր երկու երկրների բարեկամության և հարևանության էլ ավելի խորացման և համոզված եմ, որ այսօր մենք այդ բոլոր հարցերի շուրջ կունենանք քննարկումներ»։
Մեր երկրների միջև հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել. մեր երկրներն ունեն խորը մշակութային, քաղաքական, տնտեսական, պատմական կապեր՝ իր հերթին նկատում է Հայաստանի վարչապետը.

«Մենք հազարամյակներով ապրել ենք կողք-կողքի և, կարծում եմ, ժամանակն է եկել մտածելու, եթե ոչ ապագա հազարամյակների, ապա գոնե հարյուրամյակների, մեր համատեղ այս տարածաշրջանում զարգացման մասին։ Ասածս ուղղակի գեղեցիկ ձևակերպում չէ, որովհետև Վրաստանի հետ մեր հարաբերությունների մեր պատկերացումները ռազմավարական են։ Այո, մեր երկու երկրներն ունեն ավելի լայն համագործակցության և՛ ընդհանուր, և՛ տարբերվող դաշտեր, բայց մեզ համար տարածաշրջանային մեր հարաբերությունները, մեր հարևան-բարեկամների հետ մեր հարաբարությունները և Վրաստանի հետ մեր հարաբերությունները բոլորովին այլ հարթության վրա ենք մենք դիտարկում։
Մեր հարաբերությունները ամրացնող ևս մի գործոն է հայտնվել, իմ կարծիքով, դա մեր ժողովուրդների հստակ նվիրվածությունն է ժողովրդավարությանը և ժողովրդավարական զարգացման տեսլականին։ Եվ այս հանգամանքը, իմ համոզմամբ, մինչև այժմ գոյություն ունեցած շատ ամուր հիմքի վրա ավելացնում է ևս կարևոր մի անկյունաքար»։
Վերջին մեկուկես տարվա ընթացքում իսկապես հաջողվել է Վրաստանի հետ համագործակցության նոր որակ, նոր մակարդակ ստանալ՝ արձանագրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շեշտում՝ ցանկանում է, որ այդ արդյունքը առավել ուժեղացվի հերթական այս այցով։ Վրաստանի վարչապետի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփվում են համատեղ հայտարարությամբ։

Ավելի ուշ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է իր նստավայրում ողջունում Հայաստանի վարչապետին՝ վստահ, որ մի մթնոլորտում են հանդիպում, որտեղ երկուստեք լավ են զգում։
Թբիլիսիի հերոսների հրապարակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսների հիշատակին։

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի, ապա նաև Համայն Վրաստանի կաթողիկոս Իլիա Երկրորդի հետ։ Թբիլիսիի Ռուսթավելի թատրոնում էլ կայացել է Թբիլիսահայ համայնքի հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումը։




