
Տնտեսության մեջ արտահանման եւ ներմուծման ծավալները կարեւոր ցուցանիշեր են, որոնց վրա արվում են որոշակի վերլուծություններ։ Ընդհանրապես, տնտեսագետները կարծում են, որ երկրի տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի արտահանման վրա։
Այդ լոկոմոտիվի հետ կապված խնդիրներն էլ դրանով իսկ կարեւոր են եւ արժանի ուշադիր վերլուծությունների։ Անցած տարի Հայաստանի տնտեսական աճը կազմել էր 7.6 տոկոս եւ պատահական չէ, որ տնտեսագետներն այս աճում առանձնակի ուշադրություն են դարձնում դրանում արտահանման եւ ներմուծման ծավալների վրա։
Ըստ տնտեսագետ, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի՝ արտահանման վրա հիմնված տնտեսական քաղաքականությունը մեր տնտեսության հիմնական շարժիչ ուղղվածությունը պետք է լինի, սակայն, նրա գնահատմամբ, տնտեսական 7.6 տոկոս աճի մեջ էական թերություններից մեկն այն է, որ արտահանման կառուցվածքում շարունակում է մեծ մնալ հանքարդյունաբերության կշիռը, այսինքն՝ հումքի արտահանումը՝ խտանյութերից սկսած։
«Էստեղ մենք արձանագրում ենք, որ շարունակում է ռեսուրսների վրա հիմնված տնտեսության մոդելը աշխատել։ Իսկ դա նշանակում է, որ մենք, մեծ հաշվով, պարզ եւ աշխատուժ պահանջող, բայց ոչ գիտատար ոլորտն ենք ավելի շատ մեր տնտեսության լոկոմոտիվը դարձրել»։
Այնինչ, դեռեւս ունենք խիստ ցածր մակարդակ բարձր տեխնոլոգիական ապրանքների ստեղծման եւ արտահանմամ ուղղությամբ, ինչպիսին են, օրինակ, նույն դեղամիջոցները, պատվաստանյութերը, կիասահաղորդիչները, օպտիկական գործիքները, հեռահաղորդակցման սարքավորումները եւ այլն։ Տնտեսագետն ասում է, որ նախնական գնահատմամբ այս ամենը մեր արտահանման մեջ կազմում է ընդամենը 2.5 տոկոս, ինչը խնդիր է։
«Մինչդեռ, առաջադեմ կամ զարգացած երկրներում սա տատանվում է 30-40 տոկոս, իսկ ավելի տեմպով զարգացող երկրներում՝ սկսում է 20 տոկոսից։ Այսինքն, մենք էստեղ ունենք հսկայական անելիք՝ տնտեսության կառուցվածքային քաղաքականության փոփոխության առումով»։
Այս ամենի հիմքը, սակայն, ներդրումային քաղաքականությունն է եւ այստեղ եւս անելիքներ կան՝ հասնելու համար այն բանին, որ դրանց երաշխավորը լինի համակարգը ինքը՝ ասաց Արծվիկ Մինասյանը։
Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նույնպես կարծում է, որ այս առումով անհանգստացնող պետք է լինի այն, որ արդյունաբերության աճի մեջ առաջնային է շարունակում մնալ հանքարդյունաբերությունը։
«Այո, 7.6 տոկոս տնտեսական աճը, իհարկե, շատ լավ է։ Շատ լավ է, որ 7.6-ի բաղադրիչներից է 9 տոկոս արդյունաբերության աճը, բայց դրանից հետո արդեն գալիս են անհանգստությունները. մեր արդյունաբերության մեջ կրկին առաջնային տեղ ստացավ հանքարդյունաբերությունը։ Հանքարդյունաբերության աճն անցած տարվա ցուցանիշներով, եթե չեմ սխալվում, 23-24 տոկոս է կազմել։ Մինչդեռ՝ վերամշակող արդյունաբերության աճը եղել է անհամեմատ ավելի ցածր այս թվում եւ ավելի ցածր է եղել, քան արդյունաբերության աճը»։

Իշխող ուժի խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, մինչդեռ, նկատում է, որ թեպետ անցած տարի հանքարդյունաբերությունն ավելի արագ տեմպով է աճել, քան մնացած ոլորտները, բայց դա նախ պայմանավորված է եղել նախորդ տարվա բազային անկումային ցուցանիշներով։
«Այսինքն, վատ ցուցանիշների վրա ինքը բարձր աճ է ցույց տվել։ Երկրորդը. եթե մենք նայում ենք տնտեսության կառուցվածքի մեջ, օրինակ, մշակող արդյունաբերությունը կամ հանքարդյունաբերությունը ինչ կշիռ են ունեցել համախառն ներքին արդյունքի մեջ. Էստեղ դինամիկան ուղղակի ներկայացնեմ՝ օրինակ, մշակող արդյունաբերության մասնաբաժինը 2017 թ.-ին եղել է 10.2 տոկոս, 2019 թ.-ին՝ 12.1 տոկոս, իսկ հանքարդյունաբերության մասնաբաժինը 2017-ին եղել է ՝ 3.2 տոկոս, 2019-ին՝ 2.9 տոկոս։ Այսինքն, այդ առումով, թեկուզ փոքր, բայց բարելավում կա»։
Իհարկե, որեւէ մեկը չի ասում, թե հանքարդյունաբերությունն ամենացանկալի ոլորտն է, բայց դրա շտկումն ինձանից լավ կասեն իմ ընդդիմախոս տնտեսագետ գործընկերները, որ պարզապես անհնար է կարճ ժամանակում լուծել, երբ խոսքը վերաբերում է տնտեսության կառուցվածքին։
Ինչ վերաբերում է արտահանմանը։ Բագրատ Ասատրյանը նշեց, որ այստեղ առկա է մյուս անհանգստացնող երեւույթը։
«Կրկին մենք բախվեցինք նրա հետ, որ ներմուծման աճի ծավալները գերազանցեցին արտահանումը։ Սա բավականին լուրջ է։ Լուրջ է, իմ կարծիքով, արտահանմանն ու արտաքին առեւտրի եւ, մասնավորապես, արտահանման աշխարհագրության առումով տեղի ունեցող տեղաշարժերը»։
Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ խնդիրների, անհանգստությունների մասին պետք է բաց խոսել, այդ թվում հատկապես իշխանությունները, որպեսզի հնարավորություն ստեղծվի դրանք առաջնահերթ լուծելու եւ եղած հաջողություններն ամրագրելու։
Բաբկեն Թունյանը, համաձայնելով, որ անցած տարվա պաշտոնական վիճակագրական տվյալներով ներմուծումն ավելի արագ է աճել, քան արտահանումը, հավելեց, սակայն, որ այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որը ընդդիմախոս տնտեսագետ գործընկերները հաշվի չեն առնում.
«Խոսքը վերաբերում է մեքենաների ներմուծմանը։ Որովհետեւ այդ մեքենաները, որոնք գալիս էին Հայաստան եւ գնում ԵԱՏՄ մեր գործընկեր Երկրներ, որպես ներմուծում պաշտոնական վիճակագրության մեջ ֆիքսվում էր, բայց արտահանումը, փաստացի, որը կատարվում էր, չէր ֆիքսվում, որովհետեւ մարդիկ այդ ամեն ինչը տանում էին հայկական համարներով»։
Ընդհանրապես, կառուցողական եւ օբյեկտիվ քննադատությունների համար պետք է շնորհակալություն հայտնել, որովհետեւ դրանք եւ կողքից օգնում են եւ լրացուցիչ խթան են, որ այդ խնդիրներին ուշադրություն դարձվի՝ եզրափակեց Բաբկեն Թունյանը։




