
Մենք չենք պատրաստվում կենաց-մահու պայքարի նետվել՝ այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում 650 հազար քվե հավաքել։
Նա վստահեցրել է, որ վարչական ռեսուրսներ չեն օգտագործվելու եւ իրենց արջի ծառայություն մատուցողներ էլ պետք չեն։ Նա նաեւ հայտնել է, որ քարոզչությանը զուգահեռ նախատեսում են հանրահավաքներ անցկացնել։ Չկա առավել ժողովրդավարական ընթացք, քան կարող է լինել հանրաքվեն՝ շեշտել է Սուրեն Պապիկյանը։ Նշել է նաեւ, որ եթե քաղաքացին այլ բան կորոշի, բնականաբար, իրենք պիտի հաշվի նստեն այդ իրականության հետ։
«Այո» քարոզչական շտաբի պատասխանատուն որոշակի պարզաբանումներ է ներկայացրել նաեւ երեկ կազմակերպված դրամահավաք-երեկոյի եւ այդ ընթացքում հավաքված ավելի քան 205 մլն դրամի հետ կապված։ Այս, մասով, ի դեպ, այսօր հայտարարություն է տարածել «Ոչ»-ի շտաբը՝ պնդելով, որ դրամահավաք-երեկոյի նպատակները հընթացս խմբագրվել են՝ օրենքը շրջանցելու եւ նախատեսվածից ավելի հավաքված գումարը պետբյուջե չվերադարձնելու համար:
Երեկ կայացած դրամահավաք-երեկոյից անմիջապես հետո նախ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն էր ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել՝ մասնավորապես նկատելով, որ Հանրաքվեի մասին օրենքը սահմանում է՝ Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը և որ սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են բյուջե: Հիմա հարց. արդյո՞ք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի պետական բյուջե՝ գրառմամբ հարցադրում էր արել Իոանիսյանը: «Այո» քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը, արձագանքելով լրագրողների հարցադրումներին, ըստ էության, նաեւ այս գրառմանը հակադարձեց.
«Եթե դրամահավաք-երեկոն կազմակերպած լիներ «Այո» քարոզչական խումբը, այդ պարագայում կառաջանար հարց, թե ինչո՞ւ է հավաքվել 200 մլն եւ այդ 200 մլնի ճակատագիրը ի՞նչ է լինելու։ Հստակ է, որ հասցեատերը ՔՊ կուսակցությունն է։ Մենք մասնակիցներին հրավիրելիս էլ նշել ենք, որ այն կանխիկ գումարը, որ հավաքվել է մուտքագրվելու է եւ մուտքագրվել է մեր, այսպես ասած, նախընտրական հաշվեհամարին, որը կարտացոլվի, այսինքն, եթե այն գերազանցած կլինի 100 մլն դրամը, բնականաբար, մնացած հատվածը պիտի գնա պետական բյուջե։ Բայց գաղտնիք չէ, որ էնտեղ եղել է եւ ՔՊ կուսակցության հաշվեհամար, որին մարդիկ նվիրատվություն են կատարել ու դրա մասին հայտարարվել է։ Այսինքն, էստեղ թե՛ իրավական, թե՛ բարոյական ուրեւէ խնդիր չկա»։

Ի դեպ, այս հարցի հետ կապված այսօր հայտարարություն է տարածել նաեւ «Ոչ»-ի քարոզչական կողմը՝ նկատելով, որ օրեր շարունակ քաղաքական իշխանության ներկայացուցիչները հրապարակավ հայտարարում էին, որ փետրվարի 25-ին իրենց կազմակերպած դրամահավաքի նպատակը հանրաքվեի քարոզարշավի ֆինանսավորումն է։ Նույն նպատակը նշված է նաև գործարարներին ուղարկված հրավիրատոմսերում։ Ըստ «Ոչ»-ի քարոզչական կողմի՝ հանգանակության նպատակը հընթացս է փոխվել։
«Ամենայն հավանականությամբ, հանգանակության նպատակի այս փոփոխությունը կատարվել է 100 միլիոն դրամ սահմանաչափի մասին հստակ օրենսդրական պահանջը շրջանցելու նպատակով, քանի որ քաղաքական իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ փետրվարի 25-ին կազմակերպած դրամահավաքին հանգանակվել է շուրջ 205 միլիոն դրամ։ «Ոչ»-ի քարոզչական կողմը քաղաքական իշխանության ներկայացուցիչներին առաջարկում է պահպանել հանրության առջև ստանձնած հանձնառությունը և հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը՝ ապահովելով օրենքով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարի (շուրջ 105 միլիոն դրամի) փոխանցումը ՀՀ պետական բյուջե»։
Մեկ այլ առիթով էլ Սուրեն Պապիկյանը նշեց, որ կուսակցությունը նոր քաղաքական ուժից հանրային վստահությամբ դարձել է իշխող ուժ եւ որեւէ զարմանալու բան չկա, որ հանրային վստահություն կա նաեւ այս դրամահավաքի պարագայում։ Վստահեցրեց, որ իրենց նախկին սկզբունքներից չեն հրաժարվել եւ, նրա ձեւակերպմամբ, անհատ օլիգարխներից գումար ստանալու փոխարեն դրամահավաքի միջոցով առավել լայն հանրության աջակցությունն են ակնկալել։
«Բնականաբար մենք ընտրում ենք հանրային լայն աջակցությունը եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց աջակցությունն են ցույց տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ ծախսերին եւ նաեւ «Այո» շտաբի աշխատանքները համակարգելուն ուղղված դրամահավաքին»։

Արձագանքելով «Այո»-ի շտաբը իր կողմից ղեկավարելուն վերաբերող հարցին եւ համեմատությանը Հովիկ Աբրահամյանի հետ, որ նույնպես ՏԿ նախարար լինելու ընթացքում պարբերաբար նախընտրական շտաբ է ղեկավարել, Սուրեն Պապիկյանը նախ խնդրեց նման համեմատություն չանել. ես որեւէ համեմատության եզր չեմ տեսնում, բացի զբաղեցրած պաշտոնը՝ ասաց։
Հիշեցրեց նաեւ, որ ինքը ՔՊ-ի վարչության նախագահն է. «Դրանից զատ՝ ես որեւէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որպեսզի որեւէ կերպ ինձ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու կամ նմանատիպ այլ բաների հետ»։
Նա վստահեցրեց, որ որեւէ պարտադրանք կամ վարչական ռեսուրսի կիրառում չի լինելու։ Հակադարձելով հարց-դիտարկմանը, թե կարո՞ղ եք բացառել, որ որեւէ ուղղորդում չի լինելու, երբ գրեթե ամբողջ գործադիր մարմինը ներգրավված է լինելու քարոզարշավում, Սուրեն Պապիկյանը շեշտեց.
«Որեւէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի, կլինի գյուղապետ, քաղաքապետ … չգիտեմ … թաղային հեղինակություն… մենք դրա կարիքը չունենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընձեռված հնարավորությունը եւ ՀՀ քաղաքացու իրավունքը որեւէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի։ Սա մեր որդեգրած սկզբունքն է, սա մեր հավատամքն է, որից մենք չենք հրաժարվելու։ Այսինքն, այստեղ տարընթերցումներ լինել չեն կարող»։
Բոլորն են հավասար օրենքի առաջ եւ պատժվելու են հավասարապես՝ ասաց «Այո» քարոզչական շտաբի ղեկավարը՝ աչալուրջ լինելու կոչով դիմելով նաեւ իրավապահներին։




