ԿարևորՀասարակություն

Գրիպի և սուր շնչառական վարակների պատկերը մտահոգիչ չէ. Երևանի քաղաքապետարան

Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակի կայունացում է նկատվում, սակայն  կրթօջախները ստուգվում են , մուտքերի մոտ էլ  բուժքույրերը ստուգում են  երեխաներին։

Հանրապետությունում  գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությունից ելնելով՝  իրականացվում է օրական մշտադիտարկում։ Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից   այսօր արդեն  նկատվել է  իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նաև նվազում։ Օրինակ՝ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիությունը նվազել է 1,1 անգամ։

Համաճարակաբանական  մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 5,8%-ը։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ Երևանի ենթակայության դպրոցներում գրանցվել է 23 տոկոս բացակայություն, որից ոչ բոլոր բացականերն են, որ  հիվանդ են։  

«Յուրաքանչյուր դպրոց ունի իր մեկնաբանությունը։ Շատ ծնողներ պատասխանել են, որ  ցանկություն չունեն  երեխաներին տանել  դպրոց,  իսկ մյուս մասն ունեն բժշկի համապատասխան  տեղեկանք»,- ասում է Աննա Ստեփանյանը։ 

Ամենաշատ բացակաները գրանցվել են կենտրոն վարչական շրջանի դպրոցներում, ասաց ոլորտի պատասխանատուն։  Բայց սրան զուգահեռ  դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները հսկողության տակ են, բուժքույրերն  առավոտյան դպրոց մտնող երեխաներին ստուգում են։

Արդյունքում՝  Երևանում  արգելվել է 300-ից, իսկ  մարզերում 600-ից ավելի երեխաների մուտքը դպրոց  և մանկապարտեզ։ Նշված միջոցառման նպատակն է հնարավորինս բացառել գրիպանման երևույթներով երեխաների մուտքը կրթական հաստատություններ:

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին խուճապի չմատնվել, զերծ մնալ մասնագիտական ոչ ճիշտ մեկնաբանություններից, քանի որ գիտության, կրթության, սպորտի և մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկվում է ստեղծված իրավիճակը:

Կարդացեք նաև

Back to top button