
Գիտա Էլիբեկյան, Աննա Պեչենևսկայա
Թբիլիսիից՝ «Ռադիոլուրի» համար
Մինչ Հայաստանը շարունակում է քննարկել Վերին Լարսի այլընտրանքային ուղիները, այդ թվում սևծովյան նավահանգստում սեփական լաստանավեր ունենալու հարցը, ինչպես նաև աբխազական երկաթգծի հնարավոր վերագործարկումը, որը թերևս Վրաստանում քաղաքական պատճառներով ավելի քիչ հավանական են համարում, արդեն այլընտրանքային է դիտվում հենց Լարսի ճանապարհին մեկնարկած նոր ուղին։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի հարցին, որ ձմռան այս օրերին կրկին ձնաբքի պատճառով բազմաթիվ մեքենաներ է կուտակել վրացական հատվածում, ասում է․
«Իրականում խնդիրը նոր չէ։ Այլընտրանքը նոր ճանապարհ ունենալն է՝ այսինքն Վրաստանը Ռուսաստանին կապող ավելի մատչելի ու անցանելի ճանապարհի ստեղծումը, ինչի ուղղությամբ երկու երկրների գործընկերներն աշխատում են։ 9 կմ երկարությամբ կառուցվող թունելը ոչ միայն արագացնելու է ընթացքը դեպի Ռուսատանի Դաշնություն, այլ ավելի լայն է լինելու՝ մեքենաներին հնարավորություն տալով շրջանցել ձնահոսքերը, որոնք այսօր խանգարում են ճանապարհին»։
Խոսքը Վրաստանից դեպի ռուսական սահման՝ հենց Վերին Լարսի խաչաձև ոլորաններով ամենադժվարանցանելի հատվածի մասին է, որը փոխարինվում է նոր՝ 22,7 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհով, կլինի նաև 6 կամուրջ, 5 թունել՝ այդ թվում 9 կմ-անոց թունել, որն ամենաերկարն է լինելու Վրաստանում:
Ի դեպ այս ճանապարհի կառուցման համար Վրաստանի իշխանությունները վերջին շրջանում ընդդիմության խիստ քննադատության թիրախում են։
Տնտեսական հարցերով փորձագետ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նախկին խորհրդական Գիա Խուխաշվիլին, որ այսօր ավելի շատ ընդդիմադիր հայացքներից է հանդես գալիս, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ ճանապարհի կառուցումը ավելի շատ կարևոր է նույն տնտեսական համակարգում գտնվող Հայաստանի ու Ռուսաստանի համար․
«Ես կարծում եմ, որ դա ավելի կարևոր է Հայաստանի ու Ռուսաստանի նորմալ հաղորդակցության համար։ Այդ պատճառով կուզեի, որ նախագծին մասնակցի նաև հայկական կողմը, որովհետև Հայաստանում այդ ճանապարհին ավելի մեծ կարևորություն են տալիս, քան Վրաստանում»:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն էլ օրերս հայտարարեց՝ «անհասկանալի է համարում Հայաստան-Ռուսատան մեքենաների երթևեկությունն ապահովելու համար Վրաստանի կողմից հսկայական միջոցների տրամադրումը»։

Նախարար Պապիկյանը վստահեցնում է՝ այս հարցը Վրաստանի ու Ռուսատանի տիրույթում է․ «Մենք ուղղակի կարող ենք հաճախ հարցնել, հետաքրքրվել․ Հայաստանն ընդամենը տարանցիկ ճանապարհից օգտվող երկիր է»։
Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում է, որ սա Վրաստանի համար կարևորագույն նախագիծ է․
«Մենք ակտիվորեն աջակցում ենք միջազգային տրանսպորտային ավտոմայրուղիների կառուցմանը և Լարսում, և Սադախլոյում։ Վրաստանի համար կարևոր ուղիներ են, որ անվանում ենք Հյուսիս-Հարավ ծրագիր։ Այնպես որ այս պահին վրացական կողմից նշանակալի ներդրումներ են իրականցվում, ինտենսիվ նախագծեր ու աշխատանքներ»։
Նախագիծը Վրաստանի կառավարության հետ համաֆինանասավորում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որը վստահ է, նոր ճանապարհը կարևոր է ոչ միայ Հայաստանի և տարածաշրջանի առևտրային գործընկերների համար, այլ դա Վրաստանի համար լրացուցիչ առևտրաշրջանառություն է, տուրիզմի նոր խթան։




