ԿարևորՔաղաքական

Հանրաքվեի քարոզարշավին կտրվի 60 օր

Երեկ խորհրդարանում աղմկահարույց քվեարկությամբ և Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխելու հարցը հանրաքվեի դնելու որոշմամբ նոր, ընդ որում՝ երկարաժամկետ գործընթաց է սկսվել, որի ոչ բոլոր հատվածներն են այս պահի դրությամբ հստակ։

Հարցականները դեռ շատ են սկսած հարցից, թե արդյո՞ք նախագահ Արմեն Սարգսյանը կստորագրի խորհրդարանում երեկ ընդունված որոշումը վերջացրած ԵԽԽՎ համազեկուցողների երեկվա հորդորին` հայաստանյան իշխանությունների պատասխանով։

ԵԽԽՎ համազեկուցողների հորդորը հայաստանյան իշխանություններին՝ հրատապության կարգով իրենց ուղարկել երեկ ընդունված հանրաքվեի մասին որոշման նախագիծը, վերլուծական շրջանակների մի մասն ընկալում է որպես սառը ցնցուղ իշխանությունների համար։ Խորհրդարանի ընդդիմությունը կողմ է երեկ ընդունված փաստաթուղթը «եվրոպական փորձաքննության» ուղարկելուն, մինչդեռ իշխանական թեւը հանգիստ է ընդունում եվրոպացի գործընկերների հայտարարությունը։  

Այն խմբակցությունում անգամ չի քննարկվել, քանի որ պետաիրավական հանձնաժողովի անդամները համոզված են՝  հարցն այլեւս այլ տիրույթում է։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի եւ անդամ Վահագն Հովակիմյանի հիմնավորումները՝ ստորեւ․

Վլադիմիր Վարդանյան․ «Հավատացնում եմ ձեզ, որ Վենետիկի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են այս կամ այն երկրում, որը Վենետիկի հանձնաժողովի մաս է կազմում, այդ երկրում ընթացող իրավական գործընթացները։ Եվ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ Վենետիկի հանձնաժողովը նման հայտարարությամբ է հանդես գալիս։ Եվ այդ հայտարարություններն անպայման պետք չէ ընկալել որպես քննադատություն»։

Վահագն Հովակիմյան ․ «Եթե չեմ սխալվում, ոչ թե խմբակցության տիրույթում է, այլ՝ ԱԺ նախագահի տիրույթում, որովհետեւ այլեւս ընդունված իրավական ակտ է։ ԵԽԽՎ անդամ երկրների 95 տոկոսի մոտ գործում է այն կարգավորումը, որով երեկ մենք առաջնորդվել ենք։ 95 տոկոսի մոտ սահմանադրական հանրաքվեները խորհրդարանը նախագիծն ընդունում է և ներկայացնում է իրենց ժողովրդի հաստատմանը»։  

Հայաստանի դեպքում, սակայն, առաջացել է իրավական վեճ։ Կատարվածում շատերը տեսնում են խնդիր՝ որոշման ընդունման սահմանադրականության հետ կապված։ Դրա մասին ահազանգում է Փաստաբանների պալատը։ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը նույնպես խոսում է հակասահմանադրական քայլերի մասին, բայց մինչ այդ ընդգծում, որ երկրում ստեղծվել է շատ խորը ճգնաժամ եւ կա տարիներ առաջ նենգափոխված Սահմանադրություն։

«Սահմանադրության մեջ այն փոփոխությունները, որոնք կատարվում են միայն Աժ կողմից փոփոխություն կատարելու համար նա պետք է առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ուղարկի ՍԴ։ ՍԴ–ն դրական որոշում կայացնելուց հետո հետ է ուղարկում, որովհետեւ երկրորդ ընթերցումից հետո պետք է ուղարկվի նախագահին, որպեսզի ստորագրի եւ ուժի մեջ մտնի։ Եթե երկրորդ ընթերցմամբ 2/3 ձայներ չի հավաքում Աժ–ն, ապա ընդհանուր թվի 3/5–ով արդեն որոշում են կայացնում նախագիծը դնելու հանրաքվեի։ Ընթացակարգի առումով՝ առաջին ընթերցումով չընդունվելու պարագայում օրինագիծը պետք է դուրս գա շրջանառությունից։ Դա է տրամաբանությունը»։  

Իշխանական պատգամավորները դեռ երեկվանից պնդում են՝ ընդունված փաստաթուղթը ՍԴ չեն ուղարկելու։ Միանգամից ուղարկել են հանրապետության նախագահին։ Հանրաքվեի օրը կորոշվի այն բանից հետո, երբ Արմեն Սարգսյանը ստորագրի փաստաթուղթը։ Այն, որ երկրի նախագահը որոշումը ստորագրելու է՝ «իմքայլականները» չեն կասկածում։ Վստահությունը ամրապնդվել է վարչապետի եւ նախագահի վերջին հանդիպումից հետո։

Այս բուռն քննարկումների ֆոնին այսօր ԱԺ–ում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Վստահեցնում էր՝ հանրաքվեի խնդիրը չէ, որ բերել է իրեն խորհրդարան։  

«Ես այստեղ էի ավելի լայն հարցերի շրջանակ քննարկելու համար, որովհետեւ մեր կիրառության ենթակա օրենսդրական ակտերի շրջանակը շատ ավելի լայն է, քան՝ հանրաքվեի մասին օրենքը։ Ժամկետների առումով ես հիմա չեմ կարող դատողություններ անել և կոռեկտ էլ չէ, որ դրանով զբաղվի ԿԸՀ–ն։ Ես ընդամենը կարող եմ նշել, որ օրենքում ամրագրված է իրավական դրույթ, որում սահմանված է ժամկետի սկիզբ եւ ժամկետի ավարտ՝ 50–65 օր։ Որ օրը կնշանակվի, դա արդեն նշանակվում է հանրապետության նախագահի կողմից։ Այսինքն՝ դա ԿԸՀ գործառույթ չէ»։

Մինչ փաստաթուղթը երկրի նախագահի սեղանին է, այս փուլում հանրաքվեի տարբեր ժամկետներ են նշվում։ Իշխանական թիմը կողմ է արագ հանրաքվեի, մարտի վերջ, ապրիլի սկիզբ՝ ասում են։ Այլ հաշվարկներով նշվում է մայիս ժամկետը։

Մինչ հանրաքվեի բուն օրն, ի դեպ, ծավալվելու է «այո» եւ «ոչ»–ի քարոզարշավ։ Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ սահմանադրական հանրաքվեի դեպքում քարոզարշավի համար ավելի մեծ ժամկետ է տրվում, քան օրինակ՝ արտահերթ ընտրությունների դեպքում։ «Հանրաքվեի մասին» օրենքով՝ հանրաքվեի քարոզարշավը տեւելու է 60 օր:

ՀՀ սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

Վերջին ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.5 միլիոնից ավելի է։ Նրանցից ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 261 հազար 105 մարդ: Այս համամասնության պայմաններում, հանրաքվեի դրված ակտը կընդունվի, եթե դրան կողմ քվեարկի շուրջ 600 հազարից ավելի քաղաքացի։ Սա այն դեպքում, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 850 հազարից ավելի ընտրող:

Կարդացեք նաև

Back to top button