«2019-ին 2018-ի համեմատ զբոսաշրջային այցելություններն ավելացել են 14․7 տոկոսով»,–«Ռադիոլուրի հյուրասրահում» անցյալ տարվա ոլորտի ցուցանիշերն է ներկայացրել էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։
Նախորդ տարի ամենաշատը Հայաստան են այցելել ՌԴ–ից, Վրաստանը, ԱՄՆ, Իրանը։ Այս տարի հնգյակը եզրափակում է Ղազախստանը։ ԵՄ երկրներից ամենաշատը Հայաստան են այցելել Գերմանիայից։ Հնդկաստանը նույնպես առաջատարների ցանկում է։ 2019–ին Չինաստանից Հայաստան է եկել 15 500 զբոսաշրջիկ։
Սուսաննա Սաֆարյանը խոսել է ոլորտի խնդիրներից, նշել, որ զբոսաշրջիկները նախորդ տարիներին ավելի շատ դժգոհում էին ենթակառուցվածքներից, սակայն, 2019–ին Հայաստանում սկսված լայնածավալ ճանապարհաշինարարական ծրագրերից հետո դժգոհությունները նվազել են։
Սուսաննա Սաֆարյանը կարծիք է հայտնել, որ արտասահմանցիները Հայաստան են գալիս, քանի որ նրանց հետաքրքրում է մեր երկրի հետ կապված ամեն ինչ։ Նաև նշել է, որ Հայաստանում հանգստանալը մատչելի է։
Անդրադառնալով հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են տեղացիները պարբերաբար հայտարարում, որ Հայաստանում հանգստանալը թանկ հաճույք է, ընդգծել է, որ Հայաստանում կան թանկ ծառայություններ, սակայն, կան նաև առաջարկներ գրեթե բոլոր խավերի համար։
«Միգուցե առաջարկները Հայաստանում բնակվող հայի համար թանկ են, սակայն, եվրոպական ծախսունակ շուկայի համար, մատչելի է»։




