ԿարևորՀասարակություն

Ապագայի կրկեսները՝ առանց կենդանիների

Փարիզում արգելել են օգտագործել վայրի կենդանիներին կրկեսային համարներում։ Հաջորդ տարվանից բոլոր այն կրկեսները, որոնք չեն հրաժարվի վայրի կենդանիների ցուցադրումից, չեն կարողանա վարձակալել քաղաքային տարածքներ՝ ներկայացումների համար։

Մինչ աշխարհի շատ քաղաքներում հրաժարվում են նմանատիպ կրկեսային ելույթներից, Երեւանի կրկեսը դեռ իր դռները չի բացում։

Նորաձեւության մայրաքաղաքը 2020 թվականից կհրաժարվի կրկեսային այն համարներից, որտեղ «ելույթ ունեցողները» կլինեն վայրի կենդանիները։ Փարիզը եվրոպական մայրաքաղաքներից հերթականն է. այսօր աշխարհում բազմաթիվ քաղաքներ ասում են «Ո՛չ» այն ամենին, ինչը վտանգում է  վայրի բնությանը։

Փարիզի քաղաքային իշխանությունը պատրաստ է խրախուսել բոլոր նրանց, որոնք կհրաժարվեն գուցե եկամտաբեր, բայց ոչ բնապահպանական կրկեսային նմանատիպ համարներից։

Իսկ ինչպե՞ս կօգնեն այսպիսի նախաձեռնությունները, որ վայրի կենդանիներն ապրեն իրենց բնական միջավայրում։ Մանուկ Մանուկյանը, որ ամեն օր շփվում է վայրի կենդանիների հետ, «հասկանում» նրանց լեզուն, ասում է՝ կրկեսներ կան, որ առանց կենդանիների են։ Դրանք էլ ավելի հետաքրքիր են։

Բայց մի խնդիր էլ կա՝ մարդն այնքան է մտել վայրի միջավայր, որ դժվար է ասել՝ վանդակում կենդանուն պահելն արդյո՞ք այդքան վատ է.

«Աշխարհում կան շատ տեղեր, որտեղ գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով հեկտարներով անտառներ են ոչնչացվում, իսկ վայր բնության մեջ ապրող կենդանատեսակները կամաց–կամաց իրենց միջավայրը կորցնելով անհետանում են»,– ասում է Մանուկը։

Երեւանում կրկեսային համարները դեռ «շրջիկ են»։ 2014–ից սկսված կրկեսի շենքի շինարարությունը չի ավարտվել։ Կրկեսից ասում են՝ եթե «վատ անակնկալներ» չլինեն, 2020–ին շենքն իր դռները կբացի։

Իսկ նոր շենքում սպասվող համարների մասին Կրկեսի գեղարվեստական ղեկավարն է խոսում։ Ասում է՝ փակագծեր բացել պետք չէ, դեռ ժամանակ կա։ Բայց կենդանիների մասնակցությամբ  կրկեսային համարներ լինելու են։

«Լավ չեմ պատկերացնում կրկեսն առանց դրա ամենաշքեղ ժանրերից մեկի՝ կենդանավարժության։ Կենդանավարժությունը, եթե պրոֆեսիոնալ է, բոլորին դուր է գալիս»,– ասում է գեղ․ ղեկավար Սոս Պետրոսյանը։

Դեռ ժամանակ կա, ասում է Պետրոսյանը, կմտածենք՝ կրկեսն առանց, թե կենդանիներով ներկայացնել։

Երեւանի կրկեսն իր դռները չի բացել, բայց «Կրկեսներն առանց կենդանիների» ակցիան սկսվել է ամբողջ աշխարհում ու հասել նաեւ մեզ մոտ։

Ժամանակ առ ժամանակ Երեւանի Կրկեսի դիմաց կենդանասերները հիշեցնում են, թե ինչ պայմաններում են վարի կենդանիները դառնում այդքան լսող, այդքան լուռ, անզգույշ ու կանխատեսելի։

Կրկեսի կենդանիներից շատերը դաստիարակվում են գերության մեջ և իրենց ամբողջ կյանքն անցկացնում մարդկանց հետ սերտ, անբնական կապի մեջ՝ սթրեսային ու ոչ վայրի միջավայրում:

Վերադառնալով Փարիզ՝ մայրաքաղաքի բազմաթիվ կրկեսներից միան երկուսը բացառություն կկազմեն. «Բուտլիոնեն» ու «Գրյուսսը»։ Առաջինն իր սեփական շենքն ունի, երկրորդն արդեն հրապարակել է 2020–ի իր կրկեսային համարների ցանկը։ Այստեղ հանդես կգան միայն փղերը։

Կարդացեք նաև

Back to top button