ԿարևորՀասարակություն

Երբ Երեւանը նոր աղբավայր կունենա

Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում 21 հարց էր։ Մի քանիսը օրակարգից հանվել են, մնացածը քննարկվել ու ընդունվել։

Հարցերից մեկը վերաբերել է Երեւանի նոր աղբավայրի կառուցման խնդրին։

Երեւանի Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Սարգսյանը, խոսելով Երեւանի նոր աղբավայրի կառուցման մասին, ներկայացրեց ծրագրային միջոցների վերաբաշխման անհրաժեշտության հիմնավորումները։ Ավագանու «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց.

«Կցանկանայի նախ հստակեցնել այն ժամկետները, որոնց ընթացքում, ի վերջո, նախատեսվում է մեկնարկել նոր աղբավայրի կառուցումը»։

Պարզաբանելով նոր աղբավայրի կառուցման հետ կապված խնդիրը՝  Հրաչյա  Սարգսյանը նախ տեղեկացրեց, որ նոր աղբավայրի կառուցման նկատմամբ բավականին մեծ է եղել հետաքրքրությունը, ինչի պատճառով մի քանի անգամ երկարաձգվեց կապալառու կազմակերպությունն ընտրելու համար հայտարարված մրցույթի ժամկետը։ Նպատակի մասին էլ ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչն այսպես պարզաբանեց.  

«Մի քանի անգամ երկարաձգվեց մրցույթը, որպեսզի հնարավորություն տրվի բոլոր ցանկացողներին մասնակցություն ունենալ։ Այս պահի դրությամբ մրցույթը կայացել է։ Ունենք 7 մասնակից եւ այս պահի դրությամբ իրականացվում է այդ 7 մասնակիցների գնահատումը։ Մինչեւ տարեվերջ կունենանք արդեն հաղթող կազմակերպությունը»։

Երեւանի ավագանու նիստում նոր աղբավայրի հետ կապված խնդրի առանցքային հարցն այսօր միջոցների վերաբաշխման վերաբերյալ էր, որի մասին էլ զեկուցեց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամը։ «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը նաեւ հետաքրքրվեց այդ հարցի մասով՝ միջոցների վերաբաշխման անհրաժեշտության մասին։

«Կցանկանայի՝ պարզաբանեք, թե այդ մասով վերաբաշխումն ինչո՞վ է պայմանավորված եւ նախատեսված միջոցները ինչու՞ այս տարում չեն ծախսվել»։

Թե ինչի՞ հետ են կապված վերաբաշխումները. ավագանու անդամի պարզաբանմամբ՝ նման անհրաժեշտություն է առաջացել Երեւանի թվով 28 փողոցների լուսավորության խնդրով եւ Արգանավդ-Շիրակ կամուրջի կառուցմամբ պայմանավորված։

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Արգավանդ-Շիրակ կամուրջի աշխատանքներն արդեն սկսված են, որոնք իրականացվում են, նրա բնորոշմամբ, բարդ կողմից, այսինքն՝ Արգավանդի կողմից։ Այդ շինարարությունն իր հունով ընթանում է՝ վստահեցրեց նա, ապա հայտնեց նաեւ, 28 փողոցների լուսավորության խնդրի լուծման մասին։

Նշեց, որ այստեղ տեխնիկական խնդիրներ կան՝ նախագծումների հետ կապված, միաժամանակ, հայտնեց, որ արդեն 5 նախագիծ պատրաստի գոյություն ունի եւ եզրափակելով վստահեցրեց, որ եթե եղանակային պայմանները մինչ այս պահը եղածի նման լավ լինեն, ապա՝ այդ 28 փողոցներից առաջինի լուսավորման իրականացման աշխատանքները կսկսվեն։      

Կարդացեք նաև

Back to top button