ԿարևորՀասարակություն

Արմավիրում ներհամայնքային փողոցներ են ասֆալտապատվել

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի 46 համայնքում իրականացվում է ներհամայնքնային փողոցների ասֆալտապատում, որոնց մի մասի աշխատանքներն ավարտվել են, մյուսները դեռ շարունակվում են:

Սուբվենցիոն ծրագրերով կառավարությունը թեթևացնում է համայնքների բեռը՝  կիսելով ֆինանսական դժվարությունները: Արմավիր քաղաքում ճանապարհների կառուցման նպատակով ծառեր են հատվել, որոնց փոխարեն տնկվելու են նորերը:

Արմավիր քաղաքում ասֆալտապատվում է  Հանրապատության փողոցը հատող 3 ճանապարհահատված: Ասֆալտապատման ընդհանուր արժեքը 70 մլն 126 հազար դրամ է, որի 45 տոկոսը՝ 31 մլն. 557 հազ դրամը համաֆինանսավորվել է պետական բյուջեից, իսկ 55 տոկոսը՝ 38մլն. 569 հազ. դրամը, համայնքի բյուջեից:

Կենտրոնում ճանապարհների կառուցումը զուգորդվելու էր ջրահեռացմամբ, որի արդյունքում փողոցի  անձրևների ու ձնհալոցքի ջրերը չեն ողողի շնքերի բակերը: Մյասնիկյան փողոցի Հանրապետության փողոցը հատող  2 հատվածում կառուցվում են ջրատար առուներ, իսկ Սայաթ-Նովա փողոցի Ջիվանի-Հանրապետություն հատվածում չկա ջրահեռացման համակարգ:

«Այն տեղում, որտեղ նախագծողը կարողացել է առանց ջրահեռացման առվային համայկարգի, թեքությունների հաշվին ապահովել ջրահեռացում, այդ հատվածներում ջրահեռացման համար առուներ չենք կառուցել»:

Սայաթ-Նովա  փողոցի Ջիվանի-Հանրապետություն հատվածի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են մի քանի օր  առաջ: Առանց ջրահեռացման համակարգի

Հիշյալ փողոցի հատվող հատվածներից մեկում դրվել է  ջրահեռացման 2 ցանց, մյուսում՝ չկա: Ըստ նախագծողի  անձրևաջրերը մայթեզրերով հոսելու են դեպի հանրապետության փողոցի առուները: Ասֆալտապատվում են նաև հարակից մայթերը, բայց միաժամանակ հատվել են ծառեր: Ծառեր են հատվել նաև Շարլ Ազնավուրի պուրակի կառուցման նպատակով:

«Տարբեր շինարարական աշխատանքների արդյունքում, նախագծից ելնելով, որոշակի հատվածներում, այո, ծառերի հատում ենք իրականացրել: Դրանք եղել են այնպիսի ծառեր, որոնք շինարարությանը խանգարել են, որոնք այլևս թարմացման ենթակա չեն եղել: Այս ծառերի համար գազոններում թողել ենք հատուկ հատվածներ, որտեղ առաջիկայում ավելի որակյալ ծառատեսակների ծառատունկ կիրականացնենք»:

Մայթեզրերի հաստաբուն առողջ  ծառերի կողքին  մոտավորապես կես  մետր հեռավորության վրա նոր տնկիներ են տնկվել: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասում է, որ այս կերպ թարմացնում են  ծառերը, իսկ  ժամանակի ընթացքում կհեռացնեն ծերացած ծառերը:

Համայնքներում առկա խնդիրների լուծումը մեծամասամբ կախված է տեղական բյուջեի համալրմամբ: Արմավիրի քաղաքապետը նշում է, որ այս տարի բյուջեն զգալի աճ ունի:

«Առաջին անգամ քաղաքի պլանավորված բյուջեն հասել է մեկ միլիարդ դրամի: Այս բյուջեն և քաղաքացիների պարտաճանաչ հարկերի վճարումներն են, որ մեզ հնարավորությունեն տալիս կատարել այն աշխատանքները, ինչն արել ենք վերջին մեկ տարվա ընթացքում»

Համայնքային բյուջեի հաշվին անցած մեկ տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 8կմ երկարությամբ լուսավորության համակարգ: Լուսավորվել են երբևէ գիշերային լուսավորություն չունեցող փողոցները:  Խնայող լեդ լույսեր են անցկացվում նաև բազմաբնակարան խիտ բնակեցված շենքերի բակում, որը սկսվել է ծայրամասային  Բաղրամյան փողոցից: Հանրապետության փողոցում Շարլ Ազնավուրի պուրակը նույնպես կառուցվում է համայնքային բյուջեի հաշվին:

Անդրադառնալով ճանապարհների ասֆալտապատմանը Արմավիրի քաղաքապետը նշեց, որ 2020թ պետական բյուջեի միջոցներով կառուցվելու է Արմավիր քաղաքով անցնող հանրապետական նշանակություն ունեցող Երևանյան փողոցի 2070 մ քանդված ճանապարհահատվածը:

Կարդացեք նաև

Back to top button