
Մի քանի հարյուր կիլոգրամ գիտելիք նույն տեղում են հավաքվել. Հայկական բարեգործական ընդհանուր միության ցուցասրահում բացվել է Գրքի երեւանյան երրորդ փառատոնը, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 24-ը։ Արդեն երկրորդ օրն է այս ցուցասրահում հրաշքներ են տեղի ունենում։
Լապլանդիայում ապրող Ձմեռ Պապը, հավանաբար դեռ չգիտի, որ հայ երեխաները տեղյակ են, թե ինքն ինչ չափսի շորեր է հագնում ու, թե ինչ համարի կոշիկ ունի, կամ ավելի ճիշտ կլինի ասել երկարաճիտ կոշիկ, որովհետեւ Ձմեռ պապի հայրենիքում շատ ցուրտ է լինում։
Պատկերացնո՞ւմ եք, գաղտնիքը, թե Ձմեռ պապն ինչ համարի կոշիկ ունի, արդեն գաղտնիք չէ. չորս ու հինգ, այսինքն՝ 45։ Փաստորեն, Ձմեռ պապը լավ էլ բարձրահասակ է, ոտքերն էլ՝ բավականին մեծ են։
Այս գաղտնիքները չէին բացահայտվի, եթե չլիներ Գրքի երեւանյան փառատոնը, ու եթե շատ–շատ մանուկներ ու մի քիչ ավելի տարիքով մանուկներ, այսինքն՝ մեծեր, հնարավորություն չունենային գնալու Հայկական բարեգործական ընդհանուր միության 1-ին հարկի ցուցասրահ։

Ասում են՝ այստեղ բոլորի հարցերին պատասխանում են, մանավանդ նրանց հարցերին, ովքեր հասցրել են կարդալ Լայմըն Ֆրենկ Բաումի «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները» մանկապատանեկան վեպը։
-Իսկ կարո՞ղ եմ մի հարց տալ,– ասում է դահլիճում նստած տղաներից մեկը,– եթե Ձմեռ պապի ընկերներն անտեսանելի են, ոնց է ստացվում, որ նվերներն անցնում են պատի միջով։
–Նրանք ունենք անտեսանելի թիկնոցներ,– պատասխանում է դահլիճում նստած մի քիչ տարիքով մեծերից մեկը,– Հարրի Փոթերը նայե՞լ եք։

-Այ, այդպիսի թիկնոցի տակ Ձմեռ պապն իր ընկերների հետ դնում է նվերները, իսկ այդ նվերները դառնում են անտեսանելի,- պատասխանում են մեծերը։
-Իսկ եթե հանկարծ այդ թիկնոցը չլինի՞ Ձմեռ պապի մոտ,– մի քիչ անհանգստանում են դահլիճի փոքրերը։
–Չէ–չէ, թիկնոցը միշտ լինում է իրենց մոտ,– հանգստացնում են մի քիչ մեծ փոքրերը։
Դահլիճում, այ այսպիսի նախատոնական մթնոլորտ է։ Ով ճիշտ է պատասխանում հարցին, մեկ դեղին մանդարին է նվեր ստանում։ Ինչ ճիշտ են չէ ընտրել նվերը՝ իսկական Նոր տարվա հոտ է բերում իր հետ։
Այս միջոցառումը միայն ամենափոքրերի համար չէ, նաեւ մեծերի։ Չնայած այսօր պարզ դարձավ, թե ինչու մեծերը Ձմեռ պապից նվերներ չեն ստանում, միեւնույն է եկել էին մասնակցելու Ձմեռ պապի գաղտնիքների բացահայտմանը։

Իսկ ես, որպես գաղտնիք ասեմ, որ լսել եմ, թե ինչու՝ մեծերը նվեր չեն ստանում. որովհետեւ նրանք հրաշքների չեն հավատում, նրանք կորցրել են հրաշքներին հավատալու ունակությունը։
Բայց ինչ սխալ են չէ՞ ապրում, ախր բոլոր խելացի փոքրերը գիտեն, որ հրաշքներ լինում են, մեծերը ոնց չեն հավատում, չես հասկանում։
Ձմեռ պապի գաղտնիքների բացահայտումը երեւանյան գրքի տոնի ընդամենը մի փոքրիկ մասն էր։«Քաղաքը կարդում է» կարգախոսը կարողացել է իր շուրջը համախմբել Երևանի բոլոր՝ 0-ից մինչեւ 100 տարեկան գրքասերներին, հրատարակիչներին և Գրքի երևանյան երրորդ փառատոնի կազմակերպիչներին։




