ԿարևորՀասարակություն

Օրական 1,5 ժամ սպորտով զբաղվելը կարող է կանխարգելել դիաբետը

Նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր:  Մասնագետներն այս հիվանդության կանխարգելման և  բուժման լավագույն մեթոդը համարում են  ֆիզիկական ակտիվությունն ու  ճիշտ սննդակարգը:

Արդեն կենսակերպ համարվող դիաբետի բեռը թեթևացնելու և նվազեցնելու հարցում  պետք է նաև ճիշտ արձագանքել սթրեսներին:

Օրական 90 րոպե սպորտով զբաղվելը  և ֆիզիկական ակտիվ կյանք  ունենալը կարող է շաքարային դիաբետով հիվանդացության  ռիսկը նվազեցնել 28 տոկոսով:

Շաքարային դիաբետի միջազգային հիմնադրամի գնահատմամբ` 2010-2030 թվականներին շաքարային դիաբետի տարածվածության աճի տարեկան ցուցանիշը կազմում է մոտ 1 տոկոս (0.9 տոկոս): Սա նշանակում է, որ Հայաստանի յուրաքանչյուր  10-րդ բնակիչ կարող է ունենալ շաքարային դիաբետ:

Շաքարային դիաբետի կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ է  նաև պահպանել առողջ սննդակարգ, հնարավորինս քիչ ածխաջրերով սնունդ, ունենալ բարձր ֆիզիկական ակտիվություն և խուսափել ծխելուց: Սրանք են կարևորագույն  գործոնները:

Սակայն Հայաստանում շաքարային դիաբետի ախտորոշման և բուժման  մեթոդների վերլուծությունը  միջազգային լավագույն փորձի հետ համեմատելիս ցույց է տալիս, որ  կան թերություններ  մասնավորապես հիվանդությունների վաղ հայտնաբերման  և հանրության շրջանում իրազեկման հետ:

Այս թերությունների վերացումը մեծ ազդեցություն կունենա  հիվանդության բեռը թեթևացնելու և նվազեցնելու հարցում` ասում են մասնագետները: Էնդոկրինոլոգ Լիդա Խաչատրյանի խոսքով` շաքարային դիաբետի պատճառով մահացությունը զբաղեցնում է երրորդ տեղը` զիջելով սիրտանոթային հիվանդություններին և  չարորակ նորագոյացություններին:

«Ցավոք սրտի, առողջ ապրելակերպը հստակ չի մտած մեր կյանքում և դրանից շատ բան է կախված: 50-55 տոկոս դեպքերում  այս հիվանդությունը պայմանավորված է սխալ ապրելակերպով: Իսկ կանխարգելումը շատ պարզ է: Դեղորայքային  բուժումը վերջին տեղն է զբաղեցնում։ Առաջին տեղում է ֆիզիկական ակտիվությունը, երկրորդ տեղում` ռացիոնալ սննդակարգը: Եվ ակտիվ առողջ ապրելակերպ քարոզելով  և զբաղվելով ակտիվ ֆիզիկական կյանքով և նաև ճիշտ սնունդ ուտելով մենք կարող ենք  խուսափել ինչպես դիաբետից, այնպես էլ նրա բարդություններից»,- նշում է էնդոկրինոլոգը:

Նստակյաց կյանք, սթրեսածին իրավիճակներ. սրանց լավագույն լուծումը ֆիզիկական ակտիվությունն է: Այս հիվանդությունը ոչ պակաս տարածված է նաև մանկահասակ երեխաների մոտ:  Սակայն նրանց  մոտ շատ դեպքերում  ժառանգական գործոնով է պայմանավորված:

Մասնագետը ժխտում է  ծնողների մոտ տարածված այն կարծիքը, որ շաքարային դիաբետ կարող է առաջանալ վախից: Դա այդպես չէ` ասում է ու հավելում՝ «Երկու գործոն կա այստեղ` վիրուսային ինֆեկցիան և վախը: Նրանք արդեն  ժառանգաբար ունեն այդ հիվանդությունը: Եվ երեխաների համար պրոֆիլակտիկան  և խնամքը խիստ տարբերվում է մեծահասակների խնամքից և ապրելակերպից»:    

Պետք է կառավարել սթրեսներն ու կարողանալ ձեռք բերել սթրեսակայունություն և սթրեսների կանխարգելման  հմտություն, իր հերթին նշում է հոգեբան Աննա Ստեփանյանը։ Սթրեսի հաղթահարման լավագույն տարբերակը նորից ֆիզիկական ակտիվությունն է:    

«Աշխարհում հայտնի է, որ ֆիզիկական ակտիվությունը  բարենպաստ ազդեցություն ունի և՛որպես կանխարգելիչ,  և՛  որպես բուժիչ   միջոցառում»,- ասում է հոգեբանը:

Սթրեսները նպաստավոր պայմաններ են ստեղծում շաքարային դիաբետի երկրորդ տիպով  զարգանալուն:  Ֆիզիոլոգ  Լուսինե Ստեփանյանը հորդորում է կենսակերպի մեջ  ամրապնդել ֆիզիկական ակտիվության  բաղադրիչը: Սթրեսային իրավիճակներին ճիշտ արձագանքելու  հմտություններ պետք է ձևավորել` հակառակ, որ սթրեսակայունությունը ժառանգական նախատրամադրվածություն ունեցող  հատկություն է:  

Կյանքի բոլոր փուլերում  հնարավոր է զարգացնել  սթրեսին ճիշտ արձագանքելու հմտությունները և  քիչ թե շատ ապահովագրվել հիվանդությունից: 

Կարդացեք նաև

Back to top button