ԿարևորՀասարակություն

Ինչու կասեցվեց «Տարոն-Ավիայի» օդանավ շահագործողի վկայականը

«Տարոն ավիա» ընկերությունը դադարեցրել է իր աշխատանքները: Քաղավիացիայից ասում են, որ հայտնաբերվել են թերություններ, ժամանակ է տրվել դրանք շտկելու համար, իսկ ընկերության տնօրինությունը երկրում չէ, որպեսզի մեկնաբանի գործունեությունը դադարեցնելու որոշումը:  

Հայկական ավիաընկերության  փակումը ավիացիոն  փորձագետ  Դմիտրի Աթբաշյանը համարում է խելամիտ քայլ, քանի որ այն չի համապատասխանել  ազգային փոխադրող  ընկերության  չափանիշերին: Իսկ ազգային փոխադրող ընկերություն Հայաստանը չունի, սակայն դրա անհրաժեշտությունը մեծ է:

Քաղաքավիացիայից այս դիտարկմանը չպատասխանեցին, քանի որ կոմիտեի ղեկավարը գործուղման էր:   

«Տարոն-ավիա» ընկերության աշխատանքները դադարեցվել են:  Եվրոպական  ավիացիոն անվտանգության գործակալությունը  երրորդ երկիր մուտք գործելու հետ կապված  ընկերությունում  կատարել է ստուգումներ և հայտնաբերել անհամապատասխանություն, «Ռադիոլուրին» փոխանցեց  Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն  Գյուրջյանը:

«Մենք այդ անհամապատասխանությունները ստուգելու նպատակով  իրականացրել ենք մեր կողմից ստուգումներ և արդյունքում  իրենց ժամանակ է տրվել, որ վերացնեն թերությունները, սակայն  իրենք գերադասեցին դադարեցնել գործունեությունը, քանի որ ժամկետների մեջ չեն տեղավորվի»,- ասաց Գյուրջյանը :

Հայտնաբերված թերությունների պատճառով  կասեցվել է ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը: Մամուլում շրջանառվող  այն տեսակետը, որ ընկերությունը խնդիրների առաջ է կանգնել  իռլանդական «Ռայանէյր»-ի մուտքից հետո, կոմիտեի ներկայացուցիչը որակեց  ապատեղեկատվություն:  

«Իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում, որովհետև «Տարոն  ավիա» ընկերությունը մինչև երրորդ երկրների սերտիֆիկատ ստանալը , իրենց օդանավերը հիմնականում շահագործվում էին  Հյուսիսային Սուդանում:  Եվ այդ երկու ընկերությունների գործառույթները որևիցե կապ չունեն միմյանց հետ»,- նշեց Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետը:

«Ռադիոլուրը» եղավ «Տարոն ավիայի» գրասենյակում՝ տեղում պարզելու խնդիրը: Նախ` բակում հավաքվածներն ասացին, որ ընկերությունն արդեն  չի գործում, իսկ երբ մտանք շենք, տեղում էր միայն ընկերության հաշվապահը, որը չցանկացավ  պատասխանել մեր հարցերին: Միայն փոխանցեց, որ ոչնչից  տեղյակ չէ, իսկ ղեկավարությունը հանրապետությունում չէ: Հաջորդ շաբաթ կլինի Հայաստանում:  

Ազգային ավիափոխադրող  ընկերության  լիազորությունների դադարեցումը փորձագետ, ավիատոր Դմիտրի Աթբաշյանը նորմալ է համարում: Հայաստանում գործող  մի քանի ընկերություններ , ըստ  նրա, ազգային փոխադրողի կոչմանը չեն համապատասխանում: Դրանց թվում է նաև «Տարոն ավիան»:

«Նորմալ ընկերությունը պետք է նորմալ կազմակերպի, որ  ամեն մի թռիչքի սև արկղերը ուսումնասիրվեն, նայեն ինչ խախտումներ է եղել, ինչ պայմաններում է թռել, ինչ խախտումներ են եղել: Այս տեղեկությունները սև արկղերից պետք է հանվի ուսումնասիրվի, սակայն մեզ մոտ նման բան չի արվում: Մեր ընկերություններն իրավունք չունեն հայկական դրոշակի տակ թռնել, որովհետև ուսումնասիրություններն արվում են վերջին 20 ժամը 300 ժամվա մեջ: Դրա համար «Տարոն ավիայի թռիչքների դադարեցումը ճիշտ են արել, որ կասեցրել են»,- նշեց Աթբաշյանը:

Ազգային ավիափոխադրող ընկերություն հասկացությանը, փորձագետի դիտարկմամբ,  մոտ էր միայն «Արմավիան», սակայն այս ընկերություն էլ է աշխատել առանց սև արկղերի ուսումնասիրությունների: Միայն 2006 թվականին  տեղի ունեցած ավիավթարից հետո է ընկերությունն սկսել ուսումնասիրությունները։ Բայց այս ամենի  վերահսկողությունը պետք է իրականացնի Քաղավիացիայի կոմիտեն, ասում է:  

«Մենք  չենք  կարող  ասել, որ այսօր ունենք ինքնաթիռների նորմալ  վերահսկողություն ու մեր մոտ թռիչքների անվտանգությունն ուշադրության կենտրոնում է:  Քաղավիացիան պետք է ունենա  վերահսկողություն»,- հավելեց փորձագետը:

Ազգային փոխադրող ոչ մի ընկերություն Հայաստանը չունի, հայտարարում է փորձագետը: Քանի որ ազգային փոխադրող նշանակում է, որ  ընկերության աշխատանքը պետք է վերահսկի կառավարությունը: Ու այդ ընկերությունը կարող է թռնել ոչ միայն այն ուղղություններով, որտեղից ունի մեծ շահույթ, այլ այն ուղղություններով, որոնք պետք են կառավարությանը:

«Նրանք երբեք առանց իրենց շահույթի չեն թռնի: Ազգային փոխադրողն անպայման պետք է իր գլխավոր  մարմնի մեջ ունենա  նաև կառավարության ներկայացուցչին: Օրինակ «Արմավիան» չուներ: Ամեն ինչ «Արմավիայում» որոշում էին երկու հոգի` Բաղդասարովն ու իր տնօրենը»,- ընդգծում  է Աթբաշյանը:  

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ցանկությունը մեծ է ունենալ ազգային ավիափոխադրող, տեղական փոխադրող, կայուն, հզոր ավիաընկերություն, որն  ամբողջ աշխարհում գործի:

Սակայն որպես քաղավիացիայի կոմիտե իրենք չեն ստեղծելու այդ ընկերությունը: Իրենք հսկում են  անվտանգությունը, և կոմիտեն  իրավունք չունի ստեղծել ազգային փոխադրող: Նրա  կարծիքով՝ Հայաստանին ավելի շատ անհրաժեշտ է տեղական ավիաընկերություն, որը կբազավորվի Հայաստանում, և արդյունքում  կստեղծվեն աշխատատեղեր ոչ միայն օդաչուների, այլև ինժեներների համար:

Կարդացեք նաև

Back to top button