
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն ներկայացրին։ Այս մասին նրա պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի դեմ քրգործով հերթական նիստի ժամանակ։
«Քոչարյանը հինգ ամիս ազատության մեջ է եղել։ Ուզում եմ իմանալ` կա՞ն փաստական տվյալներ, որ նա նախաքննության ընթացքը փորձել է խոչընդոտել։ Միջնորդում ենք գրավի դիմեց փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը»,–ասել է պաշտպանը։
Վարդևանյանի խոսքով` գրավի չափը թողնում են դատարանի հայեցողությանը։
2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Սեպտեմբերի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, որը ներկայացրել էր փաստաբան Հովհաննես Խուդոյանը:




