

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ապրիլի 11-ը գերիների միջազգային օրն է։ Ինչպես ողջ աշխարհը, անպես էլ մենք այսօր նշում ենք Գերիների միջազգային օրը: Օրվա առիթով պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ու անհետ կորած ազատամարտիկների հարազատներն այսօր այցելել են Եռաբլուր, ծաղիկներ դրել անհետ կորածների հուշարձանին, որն ամեն տարի մարդաշատ է լինում նաև հունիսի 29-ին:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում 2001 թվականից այս օրը նշվում է որպես «Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ 1992- ի հունիսյան հենց այս չարաբաստկի օրը ճակատագրական դարձավ հայկական վաշտի 79 տղաների համար, որոնք ազերիների անսպասելի հարձակման արդյունքում շրջափակման մեջ հայտնվելով զոհվեցին Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի մոտակայքում։
Զոհվածներից 22-ը «Արաբո» ջոկատից էին,, 29-ը՝ Հոկտեմբերյանի «Արծիվ» վաշտից, 19-ը՝ արցախցիներ էին, իսկ 7-ը ՝ «Զեյթուն» ջոկատից։
Մինչև 2008 թվականը հայկական վաշտի տղաների մահվան հանգամանքները համարվում էին խիստ առեղծվածային։ Որևէ մեկը ստույգ չգիտեր՝ նրանք զոհվե՞լ են, թե՞ գերի ընկել, ուստի բոլորն էլ համարվեցին անհետ կորածներ։
2008-ին համացանցում հայտնված ադրբեջանական տեսաերիզը վերջ դրեց անորոշությանը: Անհետ կորած ազատանմարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանն ասում է , որ տեսաերիզում ճանաչել է ոչ միայն որդու մարմինը, այլ նրա մի քանի ընկերներին ևս։
Հետաքննությունից պարզվել է, որ տղաները կարող էին դիրքերը թողնելով փախչել կամ էլ գերի հանձնվել, բայց կռվել են մինչև վերջին փամփուշտը, բոլորն էլ զոհվել խրամատում, հերոսբար։ Ողբերգական այս իրադարձություններից ավելի քան երկու տասնամյակ է անցել, չնայած հայկական կողմի բոլոր ջանքերին ադրբեջանական կողմը մինչ օրս հրաժարվում է հանձնել զոհվածների դիակները։
Ըստ Ռիմա Առաքելյանի՝ այս հարցում անզոր են անգամ միջազգային կառույցները: Նախարար Օհանյանի գլխավորությամբ ՊՆ-ում գործում է Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողով, որի անդամ է նաև Ռիմա Առաքելյանը: Նրա տեղեկացմամբ՝ հիշյալ հանձնաժողովը վերջերս հայտնաբերել է 90 հայ գերիների` հնարավոր տվյալներով։
Արցախյան ազատամարտի տարիներից ՀՀ-ից և ԼՂՀ-ից անհետ կորած են համարվում մեր ավելի քան 1000 հայրենակիցներ։ Անհետ կորած ազատանմարտիկ Նորիկ Մուրադյանի որդին՝ Արտաշ Մուրադյանը պատում է, որ երեք տարեկան է եղել, երբ հայրը կորել է: Նրանից ոչինչ չի հիշում, միայն նկարներն է տեսել:
Բայց միայն փաստը, որ հայրը կամավոր է զինվորագրվել Արցախի պաշտպանության գործին, որդուն շատ բան է պատմում հոր մասին: Ազատամարտիկի որդին նշեց, որ կառավարությունից գոհ է, չի հիշում մի դեպք, որ դիմել է օգնության համար ու մերժում ստացել, միայն թե հոր կարոտը ոչնչով մեղմել չի կարող։