ԿարևորՀասարակություն

Երևանի կենդանաբանական այգու տարածքը կցանկապատվի

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանի հետ միասին այցելել են Երևանի կենդանաբանական այգի՝ տեղում քննարկելու տեղի ունեցած միջադեպը, երբ անտուն շների խումբը հարձակվել եւ հոշոտել էր այգու երեք կենգուրուներին` տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Այգու աշխատակիցների վկայությամբ, նախկինում եւս նման դեպքեր տեղի են ունեցել: Կենդանաբանական այգու կլինիկայում անկած կենդանիները կհերձվեն, եւ մոտակա օրերին միջադեպի մանրամասները պարզ կլինեն:
Այգու գրեթե 4 կիլոմետրանոց եզրագծով տարածքը չունի ցանկապատ, չկան տեսանկարահանող սարքավորումներ, եւ պարբերաբար թափառող շները մուտք են գործում տարածք , այն դեպքում, երբ այգու կենդանիները ապրում են ազատավանդակներում:

Արդեն այս տարի սկսել են ցանկապատման եւ տեսանկարահանող համակարգի անցկացման նախագծա-նախահաշվային աշխատանքները, որոնց ավարտից հետո՝ 2020-ին, այգու տարածքը կցանկապատվի, ինչը հնարավորություն չի տա կողմնակի մարդկանց եւ թափառող կենդանիներին մուտք գործել այգու տարածք: Ներկայումս այգու տարածքը նաեւ չափագրվում է:

https://www.facebook.com/Yerevanofficial/posts/2440262132689569

Կարդացեք նաև

Back to top button