
Коммерсантъ-ում հրապարակվել է հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որում նրան ուղղված հարցերից մեկը վերաբերում է ԵՄ և ԵԱՏՄ հարաբերություններին. այդ երկու կառույցները կարո՞ղ են ինչ-որ ձևով համագործակցել, թե՞ դատապարտված են միմյանց դեմ պայքարի: ՀՀ վարչապետը պատասխանել է.
«Հոկտեմբերի 25-ին մենք ազատ առևտրի պայմանագիր կնքեցինք ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև: Կա շատ մեծ հավանականություն, որ Սերբիան ևս կդառնա ԵՄ անդամ: Սա շատ լավ է, քանի որ մեզ համար համագործակցությունը այն մոտեցումն է, որ բոլորս ենք պարտավոր դրսևորելու: Հայաստանն այնպես չի ընկալում իրավիճակը, որ պետք է ընտրություն կատարի Եվրոպայի և Ռուսաստանի միջև:
18-րդ դարում հայկական էլիտայի ներկայացուցիչները աշխատանք տարան, որ Ռուսաստանը գա մեր տարածաշրջան: Ինչու դա տեղի ունեցավ: Որովհետև այն ժամանակ հայկական էլիտան իրավիճակն ընկալում էր այնպես, որ Ռուսաստանը կգա մեր տարածաշրջան և իր հետ կբերի եվրոպական արժեքներ: Ռուսաստանը մեզ համար եվրոպական երկիր է: Հայաստանը ևս եվրոպական երկիր է, Բելառուսը՝ նույնպես:
Իսրայել Օրին, որին ընդունված է համարել մեր տարածաշրջանում ռուսական ներկայության նախաձեռնողներից մեկը, նպատակ ուներ եվրոպական որեւէ բանակի աջակցությամբ մեր երկիրը ազատել թուրքական ու պարսկական տիրապետությունից:
Սկզբից նա այս նպատակով գնաց Գերմանիա (Փֆալց), ապա Վիեննա՝ որտեղ Սրբազան հռոմեական կայսրության կայսրը նրան խորհուրդ տվեց դիմել ռուսական ցարին:
Եվրոպական միապետերը խորհուրդ են տվել հայերին կապ հաստատել Եվրոպայի հետ Ռուսաստանի միջոցով: Այսինքն, Ռուսաստանը մեր տարածաշրջան եկավ որպես եվրոպական ուժ: Ճիշտ է, Ռուսաստանը նաև եվրասիական քաղաքակրթության մասն է: Այն ինքն իրենով օրինակ է, թե ինչպես կարող են ներդաշնակորեն համագործակցել Արևելքն ու Արևմուտքը»:




