
Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Հայկական տեքստիլի բախտին քար է գցում թուրքական էժան արտադրանքը։ Հայ տեքստիլագործներն առաջարկում են օրենսդրական փոփոխություններով աջակցել տեղական արտադրողին։ Խնդիրներ կան, բայց ոլորտում տարեցտարի դինամիկ աճ է արձանագրվում։ Ցուցանիշներն էկոնոմիկայի նախարարությունն է ներկայացնում։ Մինչ Հայաստանում փորձում են հասկանալ ու լուծել ոլորտի առաջընթացը կանխող խնդիրները, կանադահայ գործարարը հայկական տեքստիլով գայթակղում է կանադացիներին։
Made in Armenia/արտադրված է Հայաստանում. այս բառակապակցությունը դեռ 1990-ականների վերջից ծանոթ է կանադացիներին։ Հայկական տեքստիլի հետ «ծանոթությունն» ապահովել էր կանադահայ գործարար Հակոբ Ամիրյանը։ Կանադայում նա տեքստիլի արտադրություն ուներ, երկրում տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում, գործարարը հասկացավ, որ արտադրանքն այլևս մրցունակ չէ ու որոշեց գործարարի իր բախտը փնտրել այլ երկրներում՝ կանգնելով բարդ ընտրության առաջ․

«Մտածում էի՝ Բանգլադեշ երթամ, Հնդկաստան երթամ, Կամբոջա երթամ, Վիետնամ երթամ։ Հետո մեր դեսպանին հարցուցի՝ արդյոք ի՞նչ է Հայաստանը։ Ըսավ՝ կուզես եկուր»։
1996 թվականին կյանքում առաջին անգամ Հակոբ Ամիրյանը եկավ Հայաստան։ «18 օր, ինչպես դուք կսեք, ֆռֆրացի էստեղ։ Քանի որ ինադ, այսինքն համառ անձ մըն եմ, ըսեցի՝ գործ պիտի ընեմ էստեղ»,-պատմում է կանադահայ գործարարը։
«Մարդոց հետ խոսեցա, խոսեցա և առաջին գործս եղավ, որ պատվեր տվեցի տեքստիլ արտադրող «Տոսպ» և «Նուբարաշեն» ընկերություններին։ Սկզբում 100 հազար դոլար կորցրեցի, որովհետև տարբերություն կար կանադական ու ամերիկյան դրամի միջև։ Թանկ էր նստում, մանավանդ, որ ճանապարհ էլ չկար։ Չկար նաև հումք, ուրիշից էի գնում։ Վնասով վնաս էր։ Որոշեցի հետ գնալ։ Վերջը երկու հոգի եկան՝ ասացին եկուր Գյումրի, մեզ սովորեցրու և քո գինդ ըսե»։
Եվ ահա արդեն շուրջ քսան տարի Հակոբ Ամիրյանը հայկական տեքստիլն արտահանում է Կանադա։ Ասում է՝ հայկական արտադրանքը ճանաչում և արդեն պահանջում են․
Հայկական տեքստիլի պահանջարկը Կանադայում տարեց տարի ավելանում է։ Կանադահայ գործարարն այժմ աշխատում է ամերիկյան շուկայի ուղղությամբ։ Հայկական մի շարք ընկերություններ հենց նրա շնորհիվ դաշտում կայացել ու հայտնի են դարձել, բայց ասել, որ ոլորտը Հայաստանում խիստ հեռանկարային է, Ամիրյանը դժվարանում է։ Նրա բնորոշմամբ՝ եթե տեղում հումք չես արտադրում, արդեն խնդիր է։ Բացի այդ․«Այս երկիրը խնդիր ունի, որովհետև 90 տոկոսը թուրքական արտադրանք է»։
Թե ինչպես է թուրքական արտադրանքը խանգարում տեղական արտադրողին, հրաշալի պատկերացնում է «Անիթեքս» ֆաբրիկայի տնօրեն Վադիմ Բաղդասարյանը. «Դաշտում կայանալու համար Հայաստանում շատ խնդիրներ կան, դա միակը չէ։ Պետությունը պետք է սահմանի մաքսատուրքերի բարձրացում ներմուծվող ապրանքների վրա։ Մեր պետությունն այսօր պատրաստ չէ դրան»։
Արդյո՞ք այս խնդիրը քննարկվել է, ինչպիսին է կառավարության դիրքորոշումը։ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի խոսքով՝ ոչ միայն այս, այլև ոլորտի առաջընթացին խանգարող բոլոր խնդիրներն էլ պարբերաբար քննարկվում են. «Պետական քաղաքականությունը վերջին տարիներին միտված է եղել արդյունաբերության զարգացումը դիտարկել արտահանման տեսանկյունից՝ չանտեսելով նաև ներքին շուկայում առաջացած ձեր նշած խնդիրը»։

Արմեն Եգանյանի խոսքով՝ որոշ ընկերություններ Արմավիրի մարզում արդեն բամբակ են աճեցրել։ Արդյունքը կարծեք վատ չէ։ Այնպես որ՝ հումքի հարցը տեղում լուծելու խնդիրը գուցե այնքան էլ անիրագործելի չէ։ Հայկական տեքստիլի արտահանման հիմնական ուղղությունները եվրոպական ու ԵԱՏՄ շուկաներն են.
«Տեքստիլ արտադրող մի շարք ընկերություններ այսօր դինամիկ աճ են ապահովում և՛ արտահանման հաշվին, և՛ ներքի շուկայում, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ դիմանում են մրցակցությանը»,-ասում է Արմեն Եգանյանը։ Նրա տվյալներով՝ վերջին ութ ամիսների կտրվածքով 28 տոկոսանոց աճ է գրանցվել հագուստի, 75 տոկոսանոց աճ՝ մանածագործության ոլորտում։ Այդուհանդերձ, ըստ պաշտոնյայի, սա ամենևին չի նշանակում, որ ոլորտի զարգացման հնարավորությունները լավագույնս օգտագործված են։




