
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
«Ի-Վի քոնսալթինգ» ընկերությունը հրապարակել է Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը՝ «Աշխատատեղերի ապագան Հայաստանում» խորագրով: Վերլուծելով գործազրկության, միգրացիայի եւ ներառականության առանցքային մարտահրավերները զեկույցը՝ արձանագրում է, որ առկա է էական խզում աշխատաշուկայի որակավորման, կրթական համակարգի առաջարկի եւ աշխատաշուկայի պահանջարկի միջեւ: Զեկույցում առաջարկվում է նաեւ աշխատուժի զարգացման օրակարգ:
«Աշխատատեղերի ապագան Հայաստանում» խորագրով զեկույցի հեղինակներն ուսումնասիրելով եւ վերլուծելով շուկան՝ արձանագրել են, որ գործազրկության բարձր մակարդակն ու աշխատանքային միգրացիան Հայաստանի խրոնիկ մարտահրավերներից են: Այն հանգեցրել է աշխատանքային ռեսուրսների զգալի կրճատման: 2017 թվականին 560 հազար մարդ չի մասնակցել տնտեսական արժեքի ստեղծմանը: Դրա արդյունքում Հայաստանում մոտ 55 տոկոսով պակաս համախառն արժեք է ստեղծվել: Զեկույցի հեղինակները, ելնելով դրանից, տնտեսական զարգացման եւ աշխատատեղերի աճի երեք սցենար են առաջարկում՝ իներցիոն, արագացված եւ բեկումնային: Տնտեսական հետազոտություններ եւ արժեքներ կազմակերպության նախագահ Մանուկ Հերգնյանը մանրամասնեց, թե ի՞նչ են ենթադրում առաջարկվող սցենարները:

Աշխատաշուկայի մասով հիմնական հետեւությունն այն է, որ եթե մենք գնանք իներցիոն սցենարով, ապա 10 տարվա ընթացքում հնարավոր չի լինելու ավելացնել այնքան աշխատատեղ, որ լուծվի գործազրկության խնդիրը՝ հավելեց Մանուկ Հերգնյանը: Ըստ նրա՝ խնդիրը հնարավոր է լուծել միայն արագացված սցենարի դեպքում, որը ենթադրում է առնվազն տարեկան 7-7.5 տոկոս տնտեսական աճ, ընդ որում ՝ 10 տարի անընդհատ:
«Այդ պարագայում 2030 թվականին մենք կարող ենք համարյա լուծել կառուցվածքային գործազրկության խնդիրը»:
Եթե արտադրողականությունը բարձրանա շատ ավելի արագ տեմպով, քան մեր տնտեսական աճն է, ապա դա չի բերի նոր աշխատատեղերի ստեղծման, այսինքն՝ եթե նոր ավտոմատացված տեխնոլոգիաներ ավելի արագ ներդրվեն, որի արդյունքում կբարձրանա արտադրողականությունը եւ կրճատվեն աշխատատեղեր, ապա՝ գործազրկության խնդիրը չի լուծվի: Մանուկ Հերգնյանի այս տեսակետը, սակայն, չկիսեց Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Եթե մենք մտածեինք, որ 5 տոկոս աճ ենք ունենալու տարեկան, ապա՝ այո՛, արտադրողականության աճը միայն բավարար կլիներ այդ տարեկան 5 տոկոս աճն ապահովելու համար եւ տեղ չէր մնա զբաղվածություն ավելացնելու: Բայց մենք ասել ենք՝ մտածում ենք, որ առաջիկա տարիների կտրվածքով առնվազն 7-8 տոկոս եւ ավելի երկարաժամկետ հատվածում՝ երկնիշ թվի ձգտող տնտեսական աճ ենք թիրախավորելու եւ մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու դրան՝ համապատասխանաբար մենք ունենալու ենք նաեւ զբաղվածության էական աճ»:
Ռիսկեր, իհարկե, միշտ կան, բայց դրանք ճիշտ պետք է հասկացվեն ու գնահատվեն: Եթե ռիսկեր կան, ապա դա չի նշանակում, որ մենք մեր նպատակներից պետք է հրաժարվենք՝ եզրափակեց էկոնոմիկայի նախարարը:
Աճն անշուշտ լավ է եւ անհրաժեշտ զբաղվածության մակարդակը բարձրացնելու համար, այդուհանդերձ, դա միայն բավարար չէ: Պետք են նաեւ նոր հնարավորություններ ու կարողություններ՝ արագ փոփոխվող միջավայրում՝ ասաց Ասիական զարգացման բանկի Հայաստանի ղեկավար Պաոլո Սպանտիգատին:
Մանուկ Հերգնյանի գնահատմամբ՝ տնտեսական աճի ապահովումն ու արտադրողականության աճը, իհարկե, միասին պիտի լինեն: Դա անխուսափելի է, ուստի՝ պետք է կառավարությունը կենտրոնանա թե՛ ավելի բարձր տնտեսական աճի, եւ թե՛ ավելի արտադրողական աշխատուժի վրա: Այստեղ զեկույցի համահեղինակՍեւակ Հովհաննիսյանը նաեւ առաջարկներ ներկայացրեց աշխատուժի զարգացման օրակարգով, քանի որ դա է, ըստ նրա, տնտեսական աճը սահմանափակող կարեւոր գործոններից մեկը:
Առաջարկվում է նաեւ կրթական համակարգի վերափոխում՝ հարմարեցնելով, այսպես ասած, արագ սովորելու հնարավորություններին: Զեկույցի հեղինակները համոզված են, որ մեր աշխատաշուկան, ավելի կոնկրետ՝ աշխատուժը, դրա հնարավորությունը միանշանակ ունի, եթե անգամ դրան այսօր դեռեւս պատրաստ չէ: Արագ սովորելը կամրապնդի նաեւ մեր մրցունակության դիրքերն աշխարհում՝ համոզված են զեկույցի հեղինակները: Դա պիտի լինի ընդհանուր օրակարգ, քանի որ մարդկային կապիտալը մեր տնտեսական զարգացման կարեւորագույն գրավականն է, այն սահմանափակ ռեսուրսներով իրադրությունում, որն ունենք:




