
Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»
ՍԴ դատարանն ունի լեգիտիմության խնդիր եւ ինչ կատարվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ քաղաքական հետապնդման հետ որևէ կապ չունի՝ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ բացառել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգականներին կարող էին հարցաքննության հրավիրել առանց հիմքի։ Ինչպես պետք է լուծվի ՍԴ –ի շուրջ ստեղծված թնջուկը, գործադիրը դեռևս այս հարցի պատասխան չունի, բայց բոլոր միջոցները օգտագործելու են այն լուծելու համար՝ ասել է Տիգրան Ավինյանը։
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բացառում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգականներին կարող էին հարցաքննության հրավիրել առանց հիմքի։ Բայց նախարարին այսօր առաջին հերթին մտահոգում է այն ճանապարհը, որով ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել է։
«ՍԴ նախագահի ընտրության ճանապարհը բազմաթիվ հարցեր է առաջացնում, դա իրավունքի չարաշահման արդյունք է. պարոն Հարությունյանի հրաժարականի հատվածը պաշտոնավարումից 22 օր առաջ, կասկածելի հանգամանքներում, միանգամից շտապողական առաջադրումն ու նշանակումը»։
Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը Բադասյանը չի կապում ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթացի հետ` հիշեցնելով, որ Թովմասյանների գույքի մասին մամուլում հրապարակումներն ու պատգամավորի հաղորդումը նախորդել են թե՛ ԱԺ–ում սկսված պաշտոնանկության գործընթացին, թե՛ քրեական գործի հարուցմանը։
Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին այսօր գնահատականներ է տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ ՍԴ- ն լեգիտիմության խնդիր ունի՝ ասել է։
«Քանի դեռ կա ՍԴ–ի լեգիտիմության խնդիրը և չկա վստահություն ՍԴ–ի նկատմամբ, այդ կառույցը չի կարող գործել իր լիազորությունների շրջանակում։ Եկեք իրականությանը վերադառնանք ու վերհիշենք բոլոր գործընթացները, որոնք նախկինում են տեղի ունեցել։ Օրինակ, ՍԴ նախագահի ընտրությունը։ Տպավորություն է, որ մոռանում ենք` անցյալում ինչ է տեղի ունեցել։ Պետական ինստիտուտը պետք է ներշնչի հարգանք, բայց և չենք կարող աչքներս փակել այն բոլոր խնդիրների վրա, որոնք կան այնտեղ»։
Մինչդեռ Հրայր Թովմասյանը իր դեմ քայլերը գնահատում է քաղաքական եւ սուբյեկտիվ գործընթաց։ Նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով էր նա հրաժարվել ԱԺ- ում Սահմանադրական դատարանի դատավորի իր լազորությունները դադարեցնելու հարցով քննարկմանը։
Նա նշել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատավորների հետագա պաշտոնավարման վերաբերյալ իշխող քաղաքական ուժը պարբերաբար սուբյեկտիվ մեկնաբանություններ է տալիս, անձնավորված մոտեցումներ ցուցաբերում։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ։ Ավինյանն ասում է, որ բոլոր հնարավոր միջոցները գործադրելու են, որպեսզի ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը հանգուցալուծում ստանա։ Արդարադատություն նախարարությունն էլ այս պահին դեռևս մեկ ելք է առաջարկում, որ դեռ պետք է քննարկվի կառավարությունում, ապա՝ ԱԺ –ում. «Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկել»
Դրույթը, որով ՍԴ դատավորներին առաջարկվում է հրաժարական տալ՝ պայմանով, որ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձ և կպահպանվեն սոցիալական երաշխիքները, մեծ բողոքի ալիք էր բարձրացրել։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեռ այն ժամանակ հայտարարել էր, որ փոփոխություն կարող է լինել ավելի շատ տեխնիկական բնույթի կամ հստակեցման, բայց ոչ գաղափարից հրաժարվելու մասով։




