ԿարևորՀասարակություն

Ինչպես չափել գիտությունը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ինչպես չափել գիտությունը, ինչպես որոշել, թե որ գիտական հետազոտություններն են գիտական աշխարհի ուշադրությանն արժանի։ Հենց այս հարցերի պատասխանն է փորձում տալ գիտաչափությունը։ Այս գիտակարգը տալիս է գիտության քանակա-որակական գնահատականը։

Ալբերտ Էյնշտեյնը տեսական ֆիզիկոս է, որը զարգացրեց հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ Ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Էյնշտեյնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր։

Սակայն եթե նրա գիտությունը փորձենք ներկա չափանիշներով չափել, ապա նա կդառնա  միջակ գիտնական:  Գիտությունը գնահատելը իրականում շատ բարդ գործ է: Գիտությունը չափվում է մտքի թռիչքով և կատարված աշխատանքներով:

Գիտաչափությունը ի վերջո  նոր գիտակարգ է, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի բարձրացնել ազգային գիտության վարկանիշը միջազգային մակարդակներում: Այսօր աշխարհի տարբեր երկրներ այն կիրառում են, որպեսզի բարձրացնեն իրենց ազգային գիտությունը, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Շուշանիկ Սարգսյանը:

«Խորհրդային Միության 15 երկրների  շարքում Հայաստանը հրապարակումների թվով 6-րդ տեղում է: Ստացած հղումների թվով ևս Հայաստանը տասնյակում է: Մեկ այլ չափանիշով Հայաստանը Էստոնիայից հետո 2-րդն է, ինչը գիտության ներկայիս ֆինանսավորմամբ վատ ցուցանիշ չէ»:

Կենտրոնի ավագ գիտաշխատող Էդիտա Գզոյանն անդրադառնալով  հասարակական և հումանիտար գիտություններում գիտաչափության կիրառման սահմանափակումների հնարավոր լուծումներին, նշում է, որ հասարակական գիտությունները որոշակի առանձնահատկություններ ունեն և դրանով պայմանավորված գիտաչափությունը որոշակի դժվարություններ ունի այս ոլորտում.

« Օրինակ լեզվի խնդիրն է, քանի որ մեր ոլորտի մասնագետները հիմնականում ազգային լեզուներով են հրապարակվում, իսկ գիտաչափության գլխավոր լեզուն անգլերենն է: Հաջորդ խնդիրը կապված է հղումների հետ: Օրինակ, մեր ոլորտում հղումներն ունեն իրենց առանձնահատկությունները: Հղումներ կարող են լինել արխիվային նյութերի վրա, իսկ արխիվային նյութերը գիտաչափական վերլուծությունների չեն ենթարկվում»:

Գիտաչափության հզորագույն գործիքներից մեկը ՝ Վեբ օֆ սայենսի շտեմարանը, մասամբ կլուծի նաև այս խնդիրները: Ինչու մասամբ, որովհետև  մնացածը հենց գիտնականներից է կախված:

« Քանի որ գիտությունը գնում է դեպի միջազգայնացում, գիտնականները ավելի շատ են սկսել տպագրվել անգլերենով:  Այդ դեպքում նրանց հետազոտությունները հասանելի են ՝դառնում մյուս գիտնականների համար»։

Գիտական ցուցիչները կիրառելով` գիտնականներն ունենում են իրենց անձնական ցուցանիշները, որոնք առավելապես հաշվի են առնվում դրամաշնորհային ծրագրերին մասնակցության ընթացքում: Մինչ շատ հայ գիտնականներ շարունակում են հավատարիմ մնալ պահպանողական գիտությանը, թվային նոր դարաշրջանն առաջ է ընթանում և իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև գիտության վրա՝ նկատեց գիտաչափության կենտրոնի խորհրդատու Ալեքսան Շախատունին:

Գիտաչափությունը գիտության գնահատման քանակական ցուցանիշ է, որը ճիշտ կիրառելու դեպքում կարող է նպաստել ազգային գիտության զարգացմանն ու ինտեգրմանը գիտական միջազգային շուկային:  

Կարդացեք նաև

Back to top button