ԿարևորՀասարակություն

Բալային համակարգ. ե՞րբ վարորդը կզրկվի վարելու իրավունքից

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր  առաջին ընթերցմամբ ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և հարակից օրենքերում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը, որն ավելի հայտնի է վարորդների անցում բալային համակարգին անունով:

Ոստիկանությունում կարծում են, որ նոր ինստիտուտի ներդրումը կբարձրացնի վարորդների  կարգապահությունը եւ կնվազեցնի պատահարների թիվը:

Ռուբեն Գրիգորյանը ղեկին խոսում է ճանապարհային երթևեկության բալային համակարգի ներդրման մասին, նախագիծը դիտարկում վարորդի աչքերով:

«Խմած, հարբած վարորդներին կարելի է տուգանել, շատ կոպիտ խախտում անողներին՝ եւս, բայց դեպքեր կան, որ պետք է վերանայվեն 9 բալից միավորներ հանելու մեխանիզմները. շատերն առանց վարորդական իրավունք կմնան»,-ասաց վարորդը:

Այսօր խորհրդարանը՝ 94 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած նախագիծը, որով փոփոխություններ են առաջարկվում  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ կից օրենքներոմ:

Ավելի պարզ՝ խոսքը ճանապարհային երթևեկության բալային համակարգի ներդրման մասին է: Հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ թիվ մեկ նպատակը մահերը կրճատելն է: Բալային համակարգը, նրա խոսքով, նախատեսված է 20 իրավախախտման համար։ Դրանք այն իրավախախտումներն են, որոնք ավելի շատ են դառնում մահերի պատճառ։

«Հիմնականում դրանք են՝ հանդիպակաց գոտի դուրս գալը, կարմիր լույս արգելքի նշանի տակով երթևեկելը, արագության գերազանցումը, ոչ սթափ վիճակում երթևեկելը։ Այսինքն՝ խախտումներ, որոնց հետևանքով մարդիկ զոհվում կամ վիրավորվում են»,- ասաց փոխոստիկանապետը։

Նախագծի համազեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը շեշտում է, որ օրենքի թիրախ են նաև նրանք, ովքեր հարյուրավոր խախտումներ են անում:

«Ի՞նչ կապ ունի ճանապարհի վատ վիճակը, եթե մենք վարորդ ունենք, որը 4 տարվա մեջ կատարել է 4200 խախտում` միայն տեսախցիկներով, և չի վճարում տուգանքները, որովհետև գույք ու համապատասխան միջոցներ չունի: Նա վճարելու բան չունի, մեքենան իր անունով չէ, մտածելու բան չունի: Նման բազմաթիվ վարորդներ կան»,- նշեց Արմեն Խաչատրյանը:

Իսկ վերջում բալային համակարգի մասին ավելի մանրամասն. վարորդական իրավունք ստանալուց հետո վարորդին տրվում է 9 միավոր, եթե 1 տարվա ընթացքում խախտումների արդյունքում 9 միավորն էլ սպառվում է, վարորդը 6 ամիս ժամկետով զրկվում է վարորդական իրավունքից, կասեցման ժամկետի ավարտից հետո կրկին տրվելու է 9 միավոր: Մեկ տարվա մեջ այդ միավորները կրկին  սպառելուց հետո վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է 1 տարի ժամկետով, իսկ վերականգնելու համար պարտավոր է լինելու քննություն հանձնել:

Կարդացեք նաև

Back to top button