
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ձերբակալել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով։
Ձերբակալվել է նաև նրա ազգականը՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը։
ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը «Ռադիոլուր»-ին այսօր հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանի գործով առայժմ նոր զարգացումներ չկան եւ պետք է բավարարվել ծառայության՝ երեկ տարածած հաղորդագրությամբ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը ձերբակալվել են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում: Ձերբակալությունն իրականացվել է Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում երեկ իրականացված խուզարկությունների ավարտից հետո: Խուզարկությունների մասին խոսելով՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նշել էր:
«Չի բացառվում, որ մեղադրանքը, որը որ կներկայացվի կլրացվի այլ հոդվածներով: Դա քննչական դեպարտամենտի գործառույթն է, որը քննիչները կիրականացնեն»:
Մինչ երեկվա խուզարկությունն ու ձերբակալությունը իրականացնելը ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին մի քանի անգամ հրավիրել է քննչական դեպարտամենտ, հարցաքննել որպես վկա: Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման կասկածանքով:
Խոսքը ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման մասին է: Երեկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չմանրամասնեց, թե ինչ գումարների վատնման կամ յուրացման վերաբերյալ է հարուցված քրեական գործը, սակայն շեշտեց, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է:

Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության դիմաց հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Վատնման հետ կապված կա որոշակի հանգամանք, որ ինչ-որ ՊԵԿ աշխատակիցներ աշխատանքի չեն ներկայացել՝ աշխատավարձ են ստացել: Հիմա այստեղ հարց է ծագում, թե պարոն Գագիկ Խաչատրյանը ինչքանով առնչություն ունի: Եթե պատկերացնենք համակարգը իր ամբողջ ծավալով, աշխատակիցների քանակով, ստորաբաժանումներով և այս առումով ակնհայտորեն չի էլ կարելի վկայել, որ առնչություն ունի»:
Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ հիմքեր չի տեսնում իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելու համար:
Ի դեպ, Գագիկ Խաչատրյանն առանձնապես խոշոր չափի վատնում կազմակերպելու հոդվածով մեղադրյալ է նաեւ մեկ այլ քրեական գործով՝ որն արդեն տևական ժամանակ քննում են Հատուկ քննչական ծառայությունում։ Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից հայտնեցին, որ այդ քրեական գործով 800 միլիոն դրամ վերականգնվել է պետական բյուջե:
Հարկային ու մաքսային մարմիններում Գագիկ Խաչատրյանն իր կարիերան սկսել է 90-ական թվականներին՝ Հրազդանի հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնից: 2008-ին նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, իսկ 2014 թվականից դարձել Ֆինանսների նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2016 թվականը:
Լրատվամիջոցները նկատում են, որ գրեթե ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի ընտանիքին է պատկանում Galaxy group ընկերությունների խումբը, որում ներառված են «Յուքոմ» ընկերությունը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը և այլն։ Իր ընտանիքին պատկանող բիզնեսների մասին լրագրողները հաճախ են հետաքրքրվել Գագիկ Խաչատրյանից.
Իր վերջին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելիս 2014 թվականին Գագիկ Խաչատրյանը հայտարարագրել է երկու բնակարան, մեկ առանձնատուն, 269 միլիոն դրամ եւ մոտ 3 մլն դոլար:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի հետ Խաչատրյանի որդիներն առնչություն չունեն․«Որդիների վերաբերյալ այս պահին որևէ գործողություն չենք իրականացրել: Այս պահին որևէ հիմք և ապացույց չունենք որդիների նկատմամբ»:

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի ձերբակալման իրավաչափ նպատակ չի տեսնում, ուստի պաշտպանական թիմը բողոքարկելու է այդ որոշումը: Փաստաբանը շեշտեց, որ Գագիկ Խաչատրյանը փախուստի նպատակ չի ունեցել. տեղյակ լինելով, որ կոնկրետ քրեական գործ է քննվում իր վերաբերյալ՝ 2019 թ. կիսատ է թողել Գերմանիայի Դաշնությունում իր բուժումը եւ վերադարձել՝ վարույթ իրականացնող մարմնի կանչով:
«Նախատեսում եմ բողոքարկել ձերբակալման որոշումը հենց էն պատճառաբանությամբ, որ ձերբակալությունը ոչ իրավաչափ է: Փաստաբանական թիմը նախատեսում է դատարանում վիճարկել ձերբակալման որոշման իրավաչափությունը: Դրա համար ժամանակ է պետք, որպեսզի պատրաստվի բողոքը եւ մուտքագրվի դատարան: Ասեմ նաեւ, որ դատական պրակտիկայում արդեն հաստատված վիճակ է, երբ տարիներ հետո 5-6 տարվա դեպքերի համար, ակնհայտ է, որ իրավաչափ նպատակ չի կարող լինել»:
Կա՞ն հիմքեր մեղադրանք առաջադրելու, թե՞ ոչ. այս հարցը որոշելու համար օրենքը քննող մարմնին հատկացրել է 72 ժամ՝ կասկածյալի ձերբակալությունից հետո:




